Հայերեն   English   Русский  

Ինչո՞ւ հավանության չի արժանանում հայ գիտնականի՝ 8 տրիլիոն դոլարի հեռանկար ունեցող ծրագիրը


  
դիտումներ: 4622

Տեխնիկական գիտությունների դոկտոր, Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն իր ծրագրի մասին հայտարարում է արդեն 2 տասնամյակից ավելի:

Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի արդյունաբերությունը դնել նոր ռելսերի վրա արևային էներգիայի օգտագործման նոր ուղղության շնորհիվ: Գիտնականը համոզված է, որ տնտեսական ճգնաժամի հաղթահարման, Հայաստանը որակապես նոր երկիր դարձնելու խնդրի լուծման գործում այս ծրագիրը շրջադարձային կարող է լինել:

Հելիոֆիկացիա, արևային սարքաշինություն

Սա արևային էներգիայի օգտագործման մի նոր ուղղություն է, որի նախադեպը ստեղծել է Պյութագորասը Սարագոստա կղզին թշնամիներից պաշտպանելու համար: Ջերմությունը ստացվում է հայելիների միջոցով արևի ճառագայթների անդրադարձից: Արևային խտացուցիչների միջոցով ստացվող բարձր ջերմաստիճանը (մինչև 5,5 հազար աստիճան) հնարավորություն է տալիս լուծելու տարբեր խնդիրներ: Համազասպյանի առաջարկած տաքացուցիչը լոկալ օգտագործման համար է նախատեսված, այսինքն՝ անհատական հելիոհամակարգ է:

Ինչպե՞ս է ծնվել գաղափարը

90-ականների ցուրտ ու մութ տարիներն էին, ջեռուցման խնդիր կար: Մի գարնանային պայծառ արևոտ օր ինժեների մտքում իրենց կենցաղային խնդիրներն արևի օգտագործմամբ լուծելու գաղափար է հղանում. «Մտածեցի՝ ես էլ ի՞նչ ինժեներ, որ չկարողանամ այս արևով գոնե մի ճաշ տաքացնել»:

Փորձում է: Ստացվում է: Ոգևորված գնում է գիտնական Պարիս Հերունու մոտ: «Ինձ մի հեռուստատեսային անտենա նվիրեց, տարա, գյուղում հայելիները փռեցի, առաջին անգամ կարտոֆիլ տապակեցի, շատ լավ ստացվեց: Ասացի՝ վերջ, իմ կյանքի մնացած տարիները ես պետք է նվիրեմ այս գործին, որը գիտության մեջ նոր ուղղություն կլինի և մեծ օգուտ կբերի նաև Հայաստանին»:

Ի տարբերություն արևային տեխնիկայի ոլորտում առկա ուղղություններին (արևային էլեկտրակայաններ, արևային ջրատաքացուցիչներ, ստեռլինգ գեներատորներ, արևային ֆոտովոլտայիկ համակարգեր), որոնց մի մասն արդեն կիրառությունից դուրս է գալիս, հելիոֆիկացիան աշխարհում դեռևս չկիրառվող ուղղություն է: Այդ տեսանկյունից ևս գիտնականն այս ուղղությունը համարում է հեռանկարային. «Պետք է ստեղծել արդյունաբերության մի նոր ոլորտ, նոր տիպի արտադրանք, որը պահանջարկ կունենա միջազգային շուկայում: Հայտնի է, որ միջազգային շուկային տիրապետում է նա, ով ունի նոր տեխնոլոգիաներ: Իմ առաջարկած ուղղությունն աշխարհում դեռ չկա: Նաև ակնհայտ է, որ 25 տարի առաջ մենք ճիշտ ուղղություն էինք վերցրել: Աշխարհում ջրատաքացուցիչների շուկան հագեցած է, չես կարող մրցել: Ֆոտոպանելների վերաբերյալ ամերիկացիները խոստովանեցին, որ հեռանկար չկա, հիմա աշխարհն արդեն ընտրելու է այս ուղղությունը»:

ՀՀ կառավարությունը վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ խոսում է արևային էներգիայի օգտագործման կարևորության մասին և որոշակի ծրագրեր իրականացնում այդ ոլորտում, այդուհանդերձ գիտնական Համազասպյանի առաջարկած ծրագիրն այդպես էլ չի արժանանում պատճաշ ուշադրության: Ինչո՞ւ: Պատճառները խորքային են:

Ասում է, որ Սպիտակի նախկին վերելակների գործարանի տարածքը բավական հարմար է դրա համար: Գործարանն արդեն 30 տարի է՝ չի աշխատում, և օրըստօրե միայն դատարկ պատերն են մնում: «Քանդում են՝ մետաղը վաճառելու համար, և մենք հիմա պայքարում ենք, որ գործարանը վերջնականապես չքանդեն: Եթե Սպիտակի վերելակների գործարանն ինչ-որ պայմաններով տրամադրեին մեր թիմին՝ մենք կսկսեինք աշխատանքը: Բայց նրանք գերադասում են գործարանը քանդել, ոչնչացնել»:

Ասում է, որ ծրագրով հետաքրքրվողներ կան, պատրաստ են ներդրումներ անել, բայց գործում կառավարության աջակցությունն անհրաժեշտ է:

Հելիոֆիկացիայի ծրագիր

2012 թ. Համազասպյանի թիմը դիմել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի էկոլոգիական հիմնախնդիրներով զբաղվող հիմնադրամին (Международный Зелёный Крест), որպեսզի ֆինանսավորում ստանա Սպիտակի վերելակների գործարանը վերագործարկելու և հելիոֆիկացիոն արտադրություն կազմակերպելու նպատակով: «Երբ զանգեցինք հիմնադրամի տնօրենին, որպեսզի իմանանք՝ մեր նամակը ստացել են, թե ոչ, տնօրենն ասաց, որ ոչ միայն ստացել են, այլև Միխայիլ Սերգեևիչն անձամբ է հանձնարարել, որ հարցը լուծեն: Բայց մեր իշխանությունները թույլ չտվեցին, որ Գորբաչովի փողերը մտնեն Հայաստան: Հիմա եմ պարզել, որ ատոմակայան կառուցելու խնդիր կար: Ֆրանսիացիները խոստացել էին 5 միլիարդ դոլար տրամադրել ատոմակայանի կառուցմանը, հետո ռուսներն այդ գումարը պետք է տային, հետո երևի խնդիր դրվեց, որ եթե մենք զարգացնենք արևային տեխնիկան, ապա Հայաստանին թույլ չեն տա կառուցել ատոմակայան, դրա համար էլ հենց հարցը բարձրացնում էինք, ասում էին՝ արևային տեխնիկան մեզ համար վաղաժամկետ է, հեռանկար չունի, թանկ է և այլն»:

Փաստորեն, 5 միլիարդ դոլարն ատոմակայանի կառուցման համար այդպես էլ չգտնվեց, և կառավարությունը հիմա փորձում է զարգացնել արևային էներգիայի ուղղությունը, որտեղ, սակայն, ըստ զրուցակցիս, նույնպես ստվերային նրբերանգներ կան: «Այդ ուղղությունը տվել են վարչապետի փեսային՝ Հայկ Հարությունյանին, որը էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարն է և Չինաստանից ֆոտոպանելներ է բերում, Հայաստանում տարածում՝ համարելով, որ դա արևային էներգիայի զարգացում է: Բայց դա ընդամենը բիզնես է»:

Այսուհանդերձ Համազասպյանը հույսը չի կտրում և պայքարում է, որ ծրագիրն իրականանա: Եթե արտադրությունը հիմնվի և հնարավոր լինի իրացնել արտաքին շուկայում, ապա դա, ըստ գիտնականի մոտավոր հաշվարկների, Հայաստանին կբերի 8 տրիլիոն դոլարի արտադրանք: «Այդ ուղղության պոտենցիալը 8 տրիլիոն դոլար է: Հիմա թե դրանից ինչքանը կարող ենք օգտագործել՝ մեզնից է կախված»,- ասում է Համազասպյանը, որ հաշվարկներ անելիս առաջնորդվել է ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայով և ի սկզբանե իր առաջ խնդիր է դրել ծրագիրն իրականացնել ողջ աշխարհի մասշտաբով: Ծրագրի իրականացման հեռանկարն այսօր ավելի շատ տեսնում է Սփյուռքում, քանի որ տարիներ ի վեր պայքարը, որ Հայաստանում գոնե մեկ գործարան տրամադրվի այս արտադրանքը կազմակերպելու նպատակով, ապարդյուն է եղել:

Խորհրդային տարիներին «Էլեկտրոստանդարտ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Խորհրդային Միության էլկետրոնային արդյունաբերության գլխավոր կոնստրուկտոր Վահան Համազասպյանն իր գիտական ներուժն ուզում է ծառայեցնել մեր երկրին, և անկախ բոլոր հիասթափություններից՝ նրա թիմն առաջ է մղում ծրագիրն ու զարգացնում, որն արդեն կիրառման բազմաթիվ ոլորտներ և տեսանելի արդյունքներ ունի: «Ունեմ արդեն փորձված նմուշներ, որոնք կարող են դրվել արտադրության, բանակցում եմ օտար երկրների ներդրողների հետ, որպեսզի արտադրություն կազմակերպենք Ռուսաստանում կամ Ամերիկայում»:

Վահան Համազասպյանի նախագծած արևային սարքերի շնորհիվ ստեղծվել են գյուղատնտեսական մթերքների մոտ 200 նոր տեխնոլոգիաներ: Մոտ 20 սարք այսօր տեղադրված է Հայաստանի տարբեր վայրերում և օգտագործվում է տարբեր նպատակներով (չրերի, մուրաբաների արտադրություն, կոնյակի թորում և այլն): Համազասպյանի սարքով անգամ խորոված են պատրաստում: Ասում են՝ շատ համեղ է ստացվում:

Փաստորեն, հավաստիացումները, թե կառավարությունը քաջալերում է կիրառական գիտության զարգացումը Հայաստանում, կասկածի տակ են հայտնվում հենց նման ցցուն օրինակների պարագայում: Առավել ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ մեր տնտեսական քաղաքականություն վարողների համար գերակա է ոչ թե պետական, այլ անձնական շահը, ինչն էլ երկրի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: