Հայերեն   English   Русский  

​Ազգային ժողով


  
դիտումներ: 11558

Նախորդ համարում խոսեցինք պետական իշխանության մասին:Ընդհանուր գծերով ներկայացրինք «պետական իշխանություն» հասկացությունն ու հիմնական հատկանիշները: Բացի այդ, կարճ անդրադարձ կատարեցինք իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին: Ինչպես նշել էինք, պետական իշխանությունը բաժանվում է երեք թևերի` օրենսդիր, գործադիր և դատական: Այս համարում կբացահայտենք օրենսդիր իշխանության էությունը:

Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, որը ներկայացուցչական մարմին է: Ավելին, Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Տարբեր երկրներում օրենսդիր ներկայացուցչական մարմինը կոչվում է տարբեր կերպ՝ պառլամենտ, ռադա, դումա և այլն:

Ինչպե՞ս է ձևավորվում Ազգային ժողովը: Այն ձևավորվում է համապետական ընտրությունների միջոցով` համամասնական ընտրակարգով, հինգ տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով պետք է ձևավորվի խորհրդարանական մեծամասնություն: Խորհրդարանական մեծամասնություն չձևավորվելու դեպքում անց է կացվում ընտրության երկրորդ փուլ:

Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից:

Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն, օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները, ինչպես նաև իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

ՀՀ սահմանադրությամբ Ազգային ժողովին են վերապահվել այնպիսի լիազորություններ, ինչպիսիք են օրինակ` Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը, միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը և չեղյալ հայտարարելը, վարչապետին անվստահություն հայտնելը, համաներում հայտարարելը, պատերազմ հայտարարելը, խաղաղության հաստատումը, ռազմական դրություն հայտարարելը, արտակարգ դրություն հայտարարելը և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: