Հայերեն   English   Русский  

Գլխուղեղի կաթված. երբ մի քանի րոպեն անգամ կարող է կյանք արժենալ


  
դիտումներ: 7943

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2004 թվականից հոկտեմբերի 29-ը հայտարարել է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր:

Շատ կարևոր է, որ հայ հասարակությունը տեղեկացված լինի այս հիվանդության մասին՝ նպաստելով դրա կանխարգելմանն ու բուժմանը: Խնդրի մասին ավելի համակողմանի պատկերացում կազմելու համար էլ զրուցել ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժնի վարիչ Նունե Եղիազարյանի հետ:

- Ի՞նչ է կաթվածը, ի՞նչ տեսակներ ունի: Ինչո՞ւ է այն ժողովրդի մեջ տարածված ինսուլտ տերմինով:

- Կաթվածը հիվանդության անվանման հայերեն տարբերակն է, իսկ ինսուլտը մեզ ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից: Ցանկացած հյուսվածք, լինի ուղեղային, սրտային, թոքային թե մկանային, սնուցվում է արյունատար անոթներով, որոնցով սննդարար նյութերը, գլյուկոզան, թթվածինը հասնում են համապատասխան հյուսվածքի բջիջներ: Երբ ինչ-որ պատճառով հյուսվածքների սնուցումն ընդհատվում է (այսինքն՝ արյան հոսքը դեպի հյուսվածք), առաջանում է կաթված: Այս դեպքում մեզ հետաքրքրում է ուղեղային հյուսվածքի կաթվածը, որ նշանակում է արյան հոսքի դադար: Դա կաթվածի իշեմիկ տեսակն է, այսինքն՝ արյունահոսքն ընդհատվում է, անոթը՝ խցանվում, արյուն չի հասնում ուղեղին, արյունազրկվում, սննդազրկվում և մահանում է ուղեղի հյուսվածքը՝ հետևող բարդություններով: Կաթվածի երկրորդ տեսակը կոչվում է հեմոռագիկ, երբ արյունատար անոթը, որ արյուն է հասցնում ուղեղին, պատռվում է բարձր ճնշման կամ անոթի պատի թերության պատճառով, և արյունը, որ պիտի լիներ անոթի ներսում, հայտնվում է անոթից դուրս՝ ուղեղի հյուսվածքի մեջ՝ թունավորելով և վնասելով այն: Հետևաբար՝ կաթվածի իշեմիկ տեսակի դեպքում, երբ արյունահոսքն է վատ, պետք է ամեն ինչ անել այն վերականգնելու համար, իսկ հեմոռագիկի դեպքում պետք է ընդհատել արյունատար անոթի պատի պատռվելու հետևանքով անոթից դուրս հայտնված արյան հետագա հոսքը:

- Մեր ժողովուրդը հաճախ շփոթում է ինսուլտ և ինֆարկտ տերմինները: Ինչպե՞ս կբացատրեք:

- Ինֆարկտը լատիներեն տերմին է, որ նշանակում է տվյալ անոթի խցանում և հյուսվածքի մեռուկացում արյան հոսքի դադարեցման հետևանքով: Այսինքն՝ ինֆարկտն ընդհանուր տերմին է, կա ուղեղի, սրտի, երիկամի ինֆարկտ և այլն: Ուղեղի ինֆարկտը կոչվում է ինսուլտ:

- Կաթվածը հնարավո՞ր է կանխատեսել:

- Խորհրդային բժշկության մեջ հաճախ օգտագործում էին նախաինսուլտային վիճակ հասկացությունը, իսկ ժամանակակից բժշկության մեջ նման հասկացություն չկա: Ընդհանրապես կաթվածին բնորոշ է տեսողական, լսողական, շարժողական, զգացական ֆունկցիաների արագ (րոպեների, վայրկյանների ընթացքում) կորուստ: Նկատենք, որ որոշ հիվանդների մոտ այս նշանները կարող են ինքնուրույն անհետանալ րոպեների կամ ժամերի ընթացքում, քանի որ թրոմբով խցանված անոթի լուսանցքն ինքնուրույն բացվում և արյունահոսքը վերականգնվում է: Արդյունքում՝ կազդուրված հիվանդը հանգստանում և նույնիսկ չի էլ փորձում հասկանալ, թե ինչ եղավ և ինչու, չի պատկերացնում, որ վաղը նույնը կարող է կրկնվել ու այլևս չվերականգնվել: Այսպիսի դեպքերը կոչվում են անցողիկ իշեմիկ գրոհներ, որոնք բժիշկներիս համար նույնքան կարևոր են, որքան կաթվածը, քանի որ կարող են նախորդել արդեն խոշոր կաթվածին: Եվ եթե այս անցողիկ երևույթները նկատած հիվանդները դիմեն բժշկի, հետազոտվեն կաթվածի պատճառը գտնելու և ճշգրիտ բուժում ստանալու համար, կխուսափեն ավելի մեծ և հաշմանդամացնող կաթվածից:

- Կաթվածի դեպքում ի՞նչ ռիսկի գործոններ կան:

- Գոյություն ունեն ռիսկի գործոններ, որոնց վրա բժիշկը և հիվանդը չեն կարող ազդել: Դրանք են տարիքը, սեռը (մեծերի և տղամարդկանց մոտ ավելի հաճախ է լինում), ռասան: Միաժամանակ կան գործոններ, որոնց վրա կարելի է ներգործել բժշկության միջոցով, դրանք են՝ ճնշումը, շաքարային դիաբետը, խոլեստերոլի բարձր մակարդակը, ծխելը (լինելով հետխորհրդային երկիր՝ մենք ժառանգել ենք ծխելու կուլտուրան, այդ պատճառով ծխողների թիվը շատ մեծ է Հայաստանում) և թվարկածս հիվանդությունների վատ հսկելիությունը: Օրինակ՝ մեր հանրապետությունում շատ տարածված է զարկերակային հիպերտենզիան, բայց մարդիկ կանոնավոր չեն ընդունում դեղեր դրա դեմ՝ միաժամանակ վարելով ոչ ճիշտ կենսակերպ:

- Երբ շրջապատումդ մարդ է վատանում, հնարավո՞ր է հասկանալ, որ կաթվածն է պատճառը, և ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել նրա կյանքը փրկելու համար:

- Եթե բժիշկ չես, դժվար թե կարողանաս հասկանալ, ուստի առաջին և ամենակարևոր քայլը մարդուն շտապ հիվանդանոց տեղափոխելը պետք է լինի: Բուժման մեթոդներ կան, որոնք արդյունավետ են միայն հիվանդության առաջին ժամերին: Դրանք հիմնականում վերաբերում են իշեմիկ կաթվածին, երբ անոթի լուսանցքն է խցանվում թրոմբով: Կան թրոմբը լուծող դեղեր, որոնք արդյունավետ են հիվանդությունը զարգանալուց հետո երեք- չորս ու կես ժամվա ընթացքում: Եթե ուշացնենք՝ ուղեղի նյութը կմահանա և փրկելու արդեն ոչինչ չի լինի: Հետևաբար, եթե հիվանդին շուտ են հասցնում հիվանդանոց, կոպիտ ասած, կարողանում ենք փրկել ուղեղանյութը:

- Կաթվածը տարբեր մարդկանց մոտ տարբեր հետևանքներ է թողնում՝ համեմատաբար թեթև վիճակներից մինչև հաշմանդամություն ու մահ: Ինչո՞վ են պայմանավորված այս դրսևորումները:

- Կաթվածի հետևանքները լինում են պակաս և առավել դրամատիկ, պակաս հաշմանդամացնող և շատ հաշմանդամացնող: Ուղեղը սնուցող անոթները չորսն են՝ երկու քնային և երկու ողնաշարային զարկերակներ իրենց ճյուղավորումներով: Կաթվածի հետևանքներն էլ կախված են նրանից, թե որ անոթն է ընդգրկված. եթե, օրինակ՝ քնային զարկերակն է, որ գրեթե մի ողջ կիսագունդ է սնուցում, խցանման դեպքում գործ ենք ունենում հսկայական կաթվածի հետ ամբողջ կիսագնդով մեկ, դրա հետևանքով ունենում ենք ծանրագույն հիվանդ՝ ապրելու և վերականգնվելու վատ հեռանկարով: Իսկ եթե խցանվում է մի ծայրային ճյուղ միայն, որը սնուցում է ձեռքը կամ ոտքը, ապա հիվանդը կարող է շատ արագ վերականգնվել:

- Կաթվածը հղի է նաև կրկնվելու վտանգով, հնարավո՞ր է դրանից խուսափել:

- Առաջին կաթվածից հետո երկրորդի հավանականությունը շատ ավելի բարձր է, ուստի առաջինից հետո հարկավոր է շատ ավելի զգոն լինել, հասկանալ, թե ինչն էր այդ հիվանդի կաթվածի պատճառը. անոթնե՞րն էին հիվանդ, թե՞ սիրտը, ճնշու՞մն էր պատճառը, թե՞ անոթը խցանած թրոմբը և այլն: Այս բոլոր հետազոտություններից հետո կարող ենք հիվանդին բացատրել՝ որն էր այդ կաթվածի պատճառը: Եթե պատճառն անոթներն են, ուրեմն դրանք պետք է բուժվեն դեղորայքով կամ վիրահատական ճանապարհով, եթե պատճառը սիրտն է, ուրեմն նա պիտի սրտի համար բուժում ստանա, եթե պատճառը ճնշումն է՝ դա պիտի կառավարել և այլն:

- Խնամքի հետ կապված ի՞նչ հմտությունների պիտի տիրապետեն այս հիվանդների հարազատները՝ նրանց առավելագույն օգնելու համար:

- Հմտությունները չեն խնդիրը, այլ մեծ ուժի և խնամքի կարիք կա, հատկապես հաշմանդամ դարձած հիվանդների դեպքում: Պիտի կարողանալ կանխարգելել նրանց մոտ առաջացող հնարավոր բժշկական բարդությունները՝ պառկելախոցերը, կանգային թոքաբորբերը, երակային խնդիրները և ընդհանրապես երկար պառկելու հետ կապված բոլոր հնարավոր բարդությունները: Դրանք պայմանավորված են նաև մեր երկրում ֆիզիոթերապևտիկ բուժում կազմակերպելու դժվարություններով, որոնց պատճառով շատ հիվանդներ ավելի վատ են վերականգնվում և ավելի բարձր է լինում հաշմանդամությունը, քան կարող էր լինել այն դեպքում, եթե նրանք անցնեին բավարար ֆիզիոթերապևտիկ բուժում: Արտասահմանյան երկրներում կաթվածի պատճառի հայտնաբերման հաջորդ քայլը լինում է հիվանդին վերականգնողական կենտրոն տեղափոխելը: Մեզ մոտ դա մեծ գումարների հետ է կապված, ամեն հիվանդ չէ, որ կարող է իրեն դա թույլ տալ: Այդ պատճառով էլ հիվանդանոցային օրերը երկարում են. դուրս գրվելու հիվանդ չեն, բայց վերականգնողական կենտրոն գնալու հնարավորություն էլ չունեն, ստիպված մնում են այստեղ՝ վերականգնողական բուժումը համատեղելով թերապևտիկ բուժման հետ: Փաստորեն, հիվանդը, ասենք, 4 օր մնալու փոխարեն մնում է 14 օր:

- Ընդհանրապես մեր հասարակությունը որքանո՞վ է տեղեկացված կաթվածից: Նախնական աշխատանքներն ի՞նչ նշանակություն կարող են ունենալ այս հարցում:

- Մեր ժողովուրդը երևի ինչ-որ չափով գիտի կաթվածի մասին, բայց ինչպես վարվել դրա դեպքում՝ հաստատ չգիտի: Մենք խնդրին բախվելիս մտածում ենք այսպես. քնեմ, արթնանամ՝ կանցնի, բայց չենք գիտակցում, որ այդ ընթացքում կորցնում ենք այն թանկագին ժամերը, որոնց ընթացքում կարելի էր բուժվել: Նախատեսվում է սկսել թրոմբոլիզի մեծ ծրագիր, որը թրոմբը լուծում է կաթվածի վաղ փուլերում: Պիտի ժողովրդին բացատրել, թե ինչ է կաթվածը և ինչ հնարավորություններ է տալիս վաղ միջամտությունը, առավել ևս պետք է մարդկանց հայտնի դարձնել, որ կան հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս հիվանդության առաջին 24 ժամում զոնդով մտնելու ուղեղի անոթ և թրոմբը քաշելու, դուրս բերելու՝ փրկելով հիվանդին հաշմանդամությունից: Այսինքն՝ մարդիկ պետք է տեղյակ լինեն, որ ելք կա: Բացի դրանից, պիտի բոլորս գիտակցենք, որ դա հնարավոր է անել միայն Հայաստանում: Այս հիվանդության դեպքում հնարավոր չէ որոշել ու գնալ Գերմանիայում բուժվել, քանի որ կորցնում ես այն ժամերը, երբ կարելի էր բուժվել այստեղ: Սա այն դեպքն է, երբ բուժումը պիտի իրականացվի մեր երկրում՝ պետական հոգածության շրջանակներում:

- Հոկտեմբերի 29-ը՝ որպես Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր, ինչպե՞ս է նշվում Հայաստանում:

- Ինչ-որ հաղորդումներ ու հոդվածներ լինում են, բայց կցանկանայի, որ ունենայինք պլանավորված միջոցառումներ կազմակերպելու ավանդույթ, ինչը, իհարկե, շատ ժամանակ և կազմակերպչական մեծ աշխատանք է պահանջում: Մեր բնակչությանը պետք է հասցնել բարձր ինքնագիտակցության, որ անհրաժեշտության դեպքում որոշում կայացնելիս չդժվարանան և հասկանան, թե բժիշկներն իրենց ինչ են առաջարկում: Այս դեպքում նաև զգոնությունը չէր խանգարի ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ որոշում կայացնելու, ժամանակին բժշկին դիմելու, կաթվածից հետո շարունակական բուժում ստանալու և առողջ ապրելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: