Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում նշում են Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» կոմիկական օպերայի 140-ամյակը


  
դիտումներ: 6942

Efdal SEVINCLI, Leblebici Horhor Ağa Operetinin 140 Yıllık SerՖveni. Ist., 2016,192-36 s.

1874 թ. Կ.Պոլսում Ռամազանի տոների սկզբին առաջին անգամ ներկայացվում է Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» օպերետը, 1876 թ. շռնդալից հաջողությամբ՝ Կ.Պոլսի Բեյազիդ թաղի 800-տեղանոց նորակառույց համերգային շքեղ դահլիճում։ Այն ներկայացնում է Տ. Չուխաջյանի թատերախումբը, որ 35 երաժիշտ և 40 դերասան-երգիչ ուներ: Ներկայացվում է թուրքերեն։ Լիբրետտոյի հեղինակն էր Թագվոր Նալյանը, որ որպես բարիտոն՝ ներկայացման գլխավոր դերակատարներից էր։

1876 թվականից սկսվում է այս կատակերգական օպերայի հաղթարշավը եվրոպական և Մերձավոր Արևելքի երկրներում, Ռուսաստանում։ 1885 թ. պոլսահայ դերասանապետ Սերովբե Պենկլյանի օպերետային խումբն այն ներկայացրել է Եգիպտոսում, Հունաստանում, Ռումինիայում, բալկանյան մյուս երկրներում։ Միայն Եգիպտոսում այն ներկայացվել է 66 անգամ, ուր խումբը հրավիրված էր խտիվ (փոխարքա) Թևֆիկ փաշայի հովանավորությամբ։ Այն ներկայացնում էին ոչ միայն հայկական, այլև օտար թատերախմբերը։ Տիգրան Չուխաջյանն արժանանում է սուլթան Աբդուլ Համիդի շնորհներին, Ալեքսանդր Երկրորդ ցարի «Սուրբ Սվյատոսլավ», Ֆրանսիայի, Իտալիայի միապետների շքանշաններին՝ ծափահարությունների արժանանալով Գերմանիայում, Լոնդոնում (1909), Թիֆլիսում (1912), Փարիզում (1938), Երևանում (1952) և այլուր։ Նկարահանվում են ֆիլմեր։ Այս օպերետը մեր ժամանակներում մեծապես սիրված է եղել նաև հայ հանդիսատեսի շրջանում՝ հայկական բեմահարթակներում հնչելով հայերեն։

Ահա այս սքանչելի ստեղծագործության 140-ամյակին է նվիրված թուրք թատերագետ ԷՖդալ Սևինջլիի գիրքը։ Առաջաբանում հեղինակը գրում է, որ իր ուսումնասիրության հիմնական շարժառիթը եղել է այս օպերետն անհարկի մոռացության մատնելու վախը։ Թուրքական այս ջանասիրության հիմքում ընկած է, ի թիվս հայկական մշակութային այլ արժեքների, այս ստեղծագործությունը թուրքական գրական-երաժշտական գոհար համարելու «փաստը»։

Ի պատիվ գրքի հեղինակի՝ պետք է ասել, որ այն լուրջ պրպտումների արդյունք է: Հեղինակը գտել և համադրել է օպերետի լիբրետտոյի օսմաներեն և հայատառ թուրքերեն բնագրերի, դերասանների առանձին պարտիաների տեքստերը՝ վեր հանելով դրանք Պոլսի, Անկարայի արխիվներից, թատերական գրականության գրադարաններից, առանձին գրքույկներով լույս ընծայված հայատառ թուրքերեն հրատարակություններից։

Ուսումնասիրության հիմնական նպատակը եղել է Թագվոր Նալյանի երկի եղած մի շարք տարբերակների հավաքումը և դրանց լույս ընծայումը։ Լիբրետտոյի լիարժեք հրատարակությունը արժեքավոր ներդրում է արևմտահայ թատերագիտության մեջ։ Երկրորդ հիմնական արժանիքը օպերետի առանձին հատվածների երաժշտական տեքստերի, նոտաների հրատարակությունն է՝ հեղինակային բնագրերի տպագրությամբ, օսմաներեն և հայատառ թուրքերեն տեքստերի ժամանակակից լատինտառ թուրքերեն թարգմանությամբ, դաշնամուրի համար կատարված ընտրանի հատվածների նոտաներով, տարբեր տարիների հրատարակությունների ֆաքսիմիլեներով, լուսանկարներով։ Գիրքն արժեքավոր են դարձնում նաև ներկայացումների ծրագրերը, թատերախմբերի, դերակատարների նկարները։

Որ «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» օպերետը թուրքական միջավայրում դեռ իր ստեղծման ժամանակից մինչ օրս չափազանց սիրված ու հայտնի է եղել (նաև որպես ֆիլմեր)՝ անվիճելի է։ Միայն թե այն ոչ թե թուրքական երևույթ է, օսմանյան մշակույթի արտահայտություն, այլ արևմտահայ հանճարի ստեղծած անմահ մի գործ։ Այն հայ մշակույթի անհամար ներդրումներից է օսմանյան կայսրությունում, որն իր հայկական շնչով ու ոգով չի կարող շփոթվել որևէ ուրիշ ազգի ստեղծագործության հետ։

Միայն թե հոբելյանական այս տարեթիվը մոռացության տալը Թուրքիայում և Հայաստանում այն ստեղծած ժողովրդի կողմից ցավագին մտորումների տեղիք է տալիս։ Ինչու՞...

Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: