Հայերեն   English   Русский  

Նռան փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են. համերգով հանդես կգան ՀՀ շոու-բիզնեսի հայտնի կատարողներ


  
դիտումներ: 428

Հոկտեմբերի 29-ին Մարտունի քաղաքում կայանալիք նռան փառատոնին ներկա գտնվել ցանկացողների համար նույն օրը՝ ժամը 9:00-ից, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ, ավտոբուսները ուղևորափոխադրում են իրականացնելու:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և հավելել, որ ուղեվարձը 1000 դրամ է, և բոլոր ցանկացողները տոմսերը կարող են ձեռք բերել Օրանժ խանութից, որը գտնվում է մայրաքաղաքի Ազատության (кольцевой) հրապարակի հարևանությամբ: Ծրագրի մեկնարկը տրվելու է առավոտյան ժամը 11:00-ին:

«Փառատոնին լինելու են 50-55 տաղավարներ, որտեղ հանդես են գալու բոլոր շրջկենտրոնները, շրջանի այգեգործները և Մարտունի քաղաքում գործող վերամշակող գործարանները: Բոլորի հետ ունենք պայմնավորվածություն, որպեսզի նռան վաճառքը փառատոնին իրականացվի շուկայականից նկատելիորեն ցածր գնով»,- ասել է քաղաքապետը և հավելել, որ բացի ցուցահանդես-վաճառքից նախատեսված է նաև մշակութային մեծ միջոցառում:

Մ. Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Մարտունի քաղաքի հետ համագործակցության շրջանակում Երևանի Շենգավիթ համայնքի թաղապետարանի հովանավորությամբ փառատոնին համերգային ծրագրով հանդես են գալու հայկական շոու-բիզնեսի հայտնի կատարողներ Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը և շատ ուրիշներ, որոնց անունները քաղաքապետը գերադասեց անակնկալ թողնել հանդիսատեսի համար:

«Սիրով սպասում ենք բոլորին՝ խոստանալով փառատոնի բոլոր մասնակիցների և այցելուների համար ապահովել բարձր տրամադրություն»,- ասել է Մ. Խաչատրյանը: Նշենք, որ նռան փառատոնը կազմակերպվում է Մարտունու քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բարերար Գաստելլո Մկրտչյանի ֆինանսավորմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: