Հայերեն   English   Русский  

​Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ


  
դիտումներ: 3991

Կատալոնիայի խորհրդարանը ընթացակարգային երկրորդ քայլը կատարեց, քվեարկելով Իսպանիայից անջատվելու եւ անկախություն հռչակելու բանաձեւը:

Սպասվածը այժմ պաշտոնական Մադրիդի դիրքորոշումն է, որի ուղղությամբ արդեն նախապես իսպանական իշխանությունները կատարել էին հայտարարություններ:

Այստեղ դժվար թե իրավականորեն համատեղվեն տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքները: Կան իրավական արդարացում փնտրող խնդիրներ, թե` ի նպաստ անկախության հանրաքվեին կատալոնիացիների մեծամասնությունը չի մասնակցել. կամ նաեւ պատմական առումով Կատալոնիայի ժողովուրդը ըստ էության միեւնույն իսպանացի ժողովրդի մի հատվածն է, որն ունի կրոնական, մշակութային, լեզվական բացարձակ ընդհանրություններ եւ դրանով իսկ անջատվելու իրավական դրույթները չի ամբողջացնում: Սա եւ նման առարկությունները եւ հակափաստարկները հայտնապես պիտի շարունակվեն Կատալոնիայի կարգավիճակը ճշտորոշելու համար:

Բայց խնդիրը Կատալոնիայից ավելի թվում է, թե վերաբերում է ամբողջ Եւրոպային: Չի բացառվում, որ միջազգային մամուլում հետզհետե սկսի երեւալ Եւրոպայի Միության կազմաքանդման մասին քաղաքական կանխատեսումների տեսություններ:

Համաեվրոպական տարողությամբ գոյություն ունեցող, համեցող եւ որոշակի մագլցողականություններով հատկանշվող տագնապները` փախստականների, տնտեսական, ֆինանսական եւ մանավանդ ապահովական առումներով կուղեկցվեն նաեւ ԵՄ-ից ելքերով: «Բրեքզիթ»-ը նշված համաեվրոպական ճգնաժամերի պատճառականությունը ներառել էր իր հիմնավորումների մեջ:

Անջատողական տրամադրությունների ենթադրյալ հաջորդականությունը հավանաբար իբրեւ ենթահիմնավորում ունենա նաեւ այս տագնապները: Իսկ այս առումով, նկատի ունենալով ժողովրդագրական պատկերը եվրոպական աշխարհագրական այլ միջավայերրում, Կատալոնիայի օրինակին հետեւողներ կարող են լինել։

Պատահական չի կարելի համարել Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնատարի Երեւանում կատարած ակնարկը` Արեւելյան գործընկերության շրջանակներում կնքվելիք ընդլայնված եւ համապարփակ համագործակցությունից հեռանկարային անցում կատարելու դեպի ԵՄ-ի անդամակցություն: ԵՄ-ից ելքերի դիմաց դեպի ԵՄ-ի անդամակցության մասին բարձրաձայն նշելու պաշտոնական օրինակ է Վարշավայի հղած ուղերձը Երեւանին:

Հայկական դիտանկյունի ոսպնյակը այս դեպքում ավելի կենտրոնանում է այն անտեղի համեմատությունների վրա, որոնք կատարվում են Կատալոնիայի եւ Արցախի միջեւ: Իբրեւ առաջին պարզ հստակեցում, որը ընդգծում է համեմատելիության անտեղիությունը այն է, որ Կատալոնիան մի երկրի` Իսպանիայի, տարածաքային ամբողջականությունից է դուրս գալիս, մինչ Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքի: Բռնակցումը այս դեպքում հիմնովին հակադրվում է միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքին. սկզբունքով նաեւ՝ տարածքային ամբողջականության, տրված լինելով որ բռնի միջոցներով, հակաժողովրդավարական եղանակով է դա արվել. դեռեվս չենք խոսում տարբեր ազգի, ժողովրդի, կրոնի, մշակույթի, պատմության հանգամանքների մասին. կայացած որոշման հիման վրա Արցախին տրվել է ադրբեջանական տարածքում ինքնավար մարզի կարգավիճակ: Առավել եւս. Մադրիդը որեւե տեսակի սումգայիթյան քաղաքականություն չի կիրառել կատալոնիացիների նկատմամբ:

Այս անհամատեղելիությանը իրազեկ են նաեւ ԵՄ-ի արեւելյան գործընկերության ծրագրի պատասխանատուները, երբ ընդլայնված եւ համապարփակ համագործակցության փաստաթղթում արցախյան հակամարտության նկատմամբ նշել են` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ժողովուրդների իրավահավասարության եւ ուժի կիարառման բացառման միջազգային սկզբունքները:

Անհամեմատելիության պարզ ու ամփոփ սկզբունքը հետեւյալն է. Կատալոնիան անջատվում է Իսպանիայի տարածքային ամբողջականությունից: Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականության:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: