Հայերեն   English   Русский  

​Չի կարելի օրենքի քննարկումը վերածել ժողովրդական բանահյուսության. Լարիսա Ալավերդյան


  
դիտումներ: 2233

Մասնագիտությամբ սննդի անվտանգության փորձագետ Հակոբը պատմում է, որ դպրոցն ավարտելուց հետո բուհ ընդունվելու մասին չէր էլ մտածում։ Սակայն երկու տարի բանակում ծառայելուց ու քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո հասկանում է, որ իր ապագայի պլանների իրագործման համար բարձրագույն կրթությունը կարևոր է, և բուհ է դիմում՝ ընդունվելով Հայաստանի ազգային ագրարային համալսարան։

Նորընծա բժիշկ Արմանը պատմում է, որ տարիներ առաջ դպրոցն ավարտելիս զորակոչի պատճառով բուհական ընդունելության քննություններին մասնակցել չհասցրեց․ այն ժամանակ դեռևս ավարտական-միասնական քննական համակարգը ներդրված չէր։ Արմանի ծնողները մտավախություն ունեին, որ երկու տարվա պարապածը ջուրը կընկնի և իրենց որդին հետո չի կարողանա կամ չի ցանկանա բժշկական համալսարան ընդունվել։ Մտավախությունները, սակայն, զուր էին։ Ծառայության երկու տարիների ընթացքում Արմանը շարունակ կրկնում էր անցածը։ Եվ երբ զորացրվեց՝ հաջողությամբ կարողացավ առանց լրացուցիչ պարապմունքների ընդունելության քննությունները հանձնել և բուհ ընդունվել։

Գևորգը, որ մինչև բժշկական համալսարանն ավարտելը չէր կողմնորոշվում, թե բժշկության որ ոլորտում մասնագիտանա, բանակում ծառայելուց և ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելուց հետո հաստատ գիտի, թե ինչ է ուզում։ Բանակից վերադառնալուց հետո նա կլինիկական օրդինատուրա է ընդունվել՝ մասնագիտանալով որպես վիրաբույժ։

Բանակի և կրթության հաջող համատեղման նման օրինակները բազմաթիվ են, որոնք գալիս են ապացուցելու, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ բարձրացված աղմուկը չափազանցված է ու երբեմն անհիմն։

Օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել տարկետման իրավունքը՝ բոլորին հավասարապես բանակ զորակոչելով։ Իսկ եթե ուսանողը ցանկանում է տարկետում ունենալ և ուսումն ավարտելուց հետո միայն բանակ զորակոչվել, ապա պետք է պայմանագիր կնքի ՊՆ-ի հետ և բուհն ավարտելուց հետո երեք տարի ծառայի որպես սպա, ոչ թե շարքային զինծառայող։

Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ իրենց վիճակագրությունը փաստում է՝ բանակում ծառայությունը բացասաբար չի անդրադառնում կրթական գործընթացի, ուսանողի սովորելու մոտիվացիայի վրա։ Տիկին Ալավերդյանը նշում է, որ բակալավրիատի առաջին կամ երկրորդ կուրսից բանակ գնացած երիտասարդները վերադառնում են նոր աշխարհայացքով, ավելի հասուն մոտեցումով և հանգիստ շարունակում են կրթությունը։ «Չունենք մեկը, որ գնա բանակ, վերադառնա և այլևս չուզենա շարունակել կրթությունը»,- ասում է նա՝ հավելելով, որ անցած 6 տարիներին գուցե 1-2 դեպք է եղել, երբ բանակից վերադարձած երիտասարդը ստացիոնարից հեռակա է տեղափոխվել, որպեսզի կարողանա համատեղել ուսումն ու աշխատանքը։

Տիկին Ալավերդյանը նաև նշում է, որ ներկայում ունի ուսանող, որը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է եղել, գերազանց է սովորում և օգտվում է ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից։

Ավելին, Ալավերդյանի խոսքով, ուսանողների հետ օրինագծի քննարկման փորձը ցույց է տվել, որ մեծ մասամբ ուսանողները, և ոչ միայն, չեն կարդացել օրինագիծը և կարծիք հայտնելիս առաջնորդվում են այլոց կամ ԶԼՄ-ների հայտնած տեսակետներով։

Լարիսա Ալավերդյան

«Չի կարելի օրենքի քննարկումը վերածել ժողովրդական բանահյուսության»,- ասում է Ալավերդյանը՝ հավելելով, որ ՊՆ-ի հետ պայմանավորվածություն ունեն և պատրաստվում են օրինագծի քննարկումներ կազմակերպել ուսանողների տարբեր խմբերի հետ։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս փաստում է, որ բանակից վերադարձած ուսանողներն ուսման հետ կապված խնդիրներ չեն ունենում։

«Երբ մարդը բանակում ծառայում է՝ ավելի լուրջ ու նպատակասլաց է դառնում, սա ասում եմ ուսանողների հետ աշխատանքի իմ տասնյակ տարիների փորձից»,- վստահեցնում է Շիրինյանը։

Նա նաև նշում է, որ դեռ Ղարաբաղյան շարժման տարիներից է համոզված եղել, որ բանակում պետք է ծառայեն բոլորը։

«Հայ ժողովուրդն ունի անվտանգության հարց։ Այդ անվտանգությունը վերաբերում է ինչպես օլիգարխին, կոռուպցիոներին, այնպես էլ շարքային քաղաքացուն, բոլորին։ Հետևաբար, պետք է ծառայեն բոլորն անխտիր»,- ասում է նա և հավելում, որ օրենքն այնպիսին պետք է լինի, որ հանկարծ սողանցքեր չառաջանան։

Անդրադառնալով օրենքի նախագծով պայմանավորված գիտության զարգացման հնարավոր խոչընդոտին՝ Շիրինյանն ասում է, որ հանճարեղ գիտնական ծնվում են, իսկ կարդալով դառնում են գիտությունների թեկնածու, դոկտոր։ «Բանակը դրան չի խանգարում, ծառայելուց հետո էլ կարող են դառնալ»,- ասում է նա։

Քաղաքագետը շեշտում է՝ բանակը հայրենիքի պաշտպանության գլխավոր ինստիտուտն է։

Լևոն Շիրինյան

«Բանակը պետք է մոդեռնիզացվի տեխնիկայով և տեխնոլոգիայով, որ գիտուն ուսանողները բանակում իրենց գիտելիքները կարողանան դրսևորել, օրինակ՝ հրետանու, տանկերի և այլ զինատեսակների վրա։ Բանակն ինտելեկտուալ պետք է լինի»,- ասում է Շիրինյանը՝ հավելելով, որ պետք է քննարկել ոչ թե տարկետում լինել-չլինելու հարցը, այլ բանակի արդիականացման ուղիները։

Նշենք, որ օրենքի նախագիծն ԱԺ օրակարգում է և առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Օրենքի նախագիծը, սակայն, ուսանողական բողոքի ակցիաների պատճառ է դարձել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: