Հայերեն   English   Русский  

​Կարտոֆիլ աճեցնելը ձեռնտու չէ


  
դիտումներ: 6810

Քաղաքացիներին սկսել է անհանգստացնել շուկայում կարտոֆիլի օր-օրի թանկանալը: Ասում են՝ Շիրակի մարզում, Գեղարքունիքում, Սյունիքում կարտոֆիլի մեծածախ գինը, երբ դաշտից տանում են, 1 կգ-ը 130-150 դրամ է: Պատճառներն էլ կարծես պարզ են. այս տարի Հայաստանում թե՛ պաշտոնական տվյալներով, թե՛ իրականում ավելի քիչ կարտոֆիլ է մշակվել: Իսկ որ, ի լրումն երաշտ է եղել, ոչ ոք չի կարող հերքել, և քիչ մշակվելուն էլ գումարվել է երաշտի տարածը: Համենայն դեպս, Հայաստանում կարտոֆիլագործությամբ զբաղվող հիմնական շրջանների՝ Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի կարտոֆիլագործները վստահեցնում են, որ երաշտի պատճառով կարտոֆիլի պալարները հողի տակ շոգեխաշ եղան ու չմեծացան:

Երաշտը՝ երաշտ, բայց պետք է որ ավելի լուրջ քննարկման հարց դառնար այն, թե ինչու են գյուղացիները տարեցտարի նվազեցնում «երկրորդ հաց» համարվող կարտոֆիլի ցանքատարածությունները: Չէ՞ որ, գոնե գյուղատնտեսության նախարարությունում տարածված կարծիքի համաձայն, կարտոֆիլագործությունը եկամտաբեր բիզնես է:

Թե իրականում ինչ հիմքերով է նման կարծիք ձևավորվել, իսկապես հետաքրքիր է: Լավ, այս տարի կարտոֆիլի մեծածախ գինը արդեն 130-150 դրամ է, միգուցե մի քիչ էլ թանկանա: Բայց դա բավարա՞ր է, որ կարտոֆիլագործությունը եկամտաբեր համարվի: Միգուցե գյուղացիներից կարտոֆիլ գնելն ու բերել քաղաքում վաճառելը եկամտաբեր է եղել, բայց մշակությունը՝ ոչ, հատկապես այն ժամանակ, երբ կարտոֆիլի մեծածախ գինը 60-80 կամ թեկուզ 80-100 դրամ էր:

Այս կապակցությամբ կատարենք մի փոքրիկ մտավարժանք: Ըստ գյուղատնտես Էդիկ Հակոբյանի դիտարկման, որ նաև կարտոֆիլագործությամբ է զբաղվում, կարտոֆիլագործությունը եկամտաբեր կհամարվի, երբ գյուղտեխնիկայի պարկն ու մատուցվող ծառայությունների գները բարելավվեն, երբ քիմիկատներն ու պարարտանյութերը լինեն ավելի մատչելի ու հասանելի, երբ տնտեսությունները ցանեն որակյալ՝ բարձր վերարտադրողականության կարտոֆիլի տնկանյութ:

Հիմա դիտարկենք կարտոֆիլագործությունը որպես բիզնես: Որպեսզի կարտոֆիլագործությունից որոշակի եկամուտ ստացվի, ֆերմերը պետք է ոչ թե տնամերձի կամ փոքր հողակտորի վրա մշակի այն, այլ մեծ ցանքատարածություններով: Ուստի դիտարկենք, թե ինչ աշխատանքներ ու որքան ծախսեր է ֆերմերը ստիպված կատարել 1 հեկտար կարտոֆիլ մշակելու համար:

Մինչ կարտոֆիլի համար նախատեսված հողի վարուցանքը սկսելն այն պարարտացնում են սուպերֆոսֆատով ու կալիումական պարարտանյութով: Այս երկու պարարտանյութերից միասին պահանջվում է 8 պարկ: Մեկ պարկի արժեքը, երբ նախկինում սուբսիդավորվում էր, արժեր 7 հազար դրամ, իսկ շուկայում 10 հազար դրամ է: Այդ պարարտանյութը դաշտում ցանելու համար պետք է տեխնիկա օգտագործել: Հետո գալիս է հողը վարելու ժամանակը: 1 հեկտար վար անելու համար պահանջվում է 12-14 հազար դրամ և 35 լիտր դիզվառելիք: Վարելուց հետո հողը պետք է կուլտիվացվի: Դրա համար էլ, 1 հեկտարի հաշվարկով, պահանջվում է 7 հազար դրամ և 15 լիտր դիզվառելիք: Կուլտիվացիային հաջորդում է առուներ հանելը, որի համար էլ պահանջվում է 50 հազար դրամ և 40 լիտր դիզվառելիք: Հողը պարարտացնելուց, վարելուց և առու հանելուց հետո գալիս է ցանելու հերթը: Բանվորները 1 հեկտար կարտոֆիլ ցանելու համար պահանջում են 200 հազար դրամ, իսկ մեկ հեկտար կարտոֆիլ ցանելու համար պահանջվում է 3,5 տոննա տնկանյութ: 1 կիլոգրամ նորմալ տնկանյութի արժեքը միջինը 200 դրամ է, ուրեմն սա էլ 700 հազար դրամ: Ցանելուց հետո հասնում է ազոտական սելիտրա տալու և զուգահեռ փխրեցնելու հերթը: Մեկ հեկտարի համար պահանջվում է 5-6 պարկ սելիտրա՝ պարկը 10 հազար դրամով, իսկ մեկ հեկտար ուրագով փխրեցումն արժե 200 հազար դրամ: Այդքան էլ արժե «բուկլիցը»՝ երկրորդական փխրեցումը:

Այդ ամենից հետո արդեն գալիս է ջրելու ժամանակահատվածը: Կարտոֆիլը սովորաբար ջրում են 7-8 անգամ: Եթե հաշվի առնենք ոռոգման ջրի մեկ խորանարդ մետրի արժեքը ու թե որքան տարածք պետք է ջրվի, ապա ամեն անգամ 11 հազար դրամ էլ կպահանջվի ոռոգման ջրի համար: Երբ կարտոֆիլի թփերը մեծանում են, առաջանում է նաև վնասատու բզեզների և սնկային հիվանդությունների վտանգ: Դրա համար երկու անգամ էլ սրսկում են՝ յուրաքանչյուրը 50-70 հազար դրամով: Այս ամենից հետո արդեն կարտոֆիլը քանդելու ժամանակն է, իսկ 1 հա կարտոֆիլ քանդելն արժե 200 հազար դրամ: Դեռ մի կողմ դնենք սերմի, բերքի, պարարտանյութերի տեղափոխման ծախսերը, ընդմիջումներն ու այլ ծախսերը: Այս ամենը ի մի բերելով՝ ստացվում է, որ 1 հեկտար կարտոֆիլ մշակելու համար անհրաժեշտ է մոտ 2 միլիոն դրամ:

Հիշենք, որ 1 հեկտար կարտոֆիլի դաշտից 25-27 տոննա կարտոֆիլ է ստացվում: Եթե հաշվարկենք, որ կարտոֆիլը վաճառվել է 1 կգ-ը 80-100 դրամով, ապա կստացվի, որ ամբողջ բերքի իրացումից ստացվում էր 2 միլիոն 700 հազար դրամ: Երբ ծախսերը հանում ենք՝ մնում է 700 հազար դրամ, այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով ֆերմերն ամսական վաստակում է 60 հազար դրամ: Իսկ երբ կարտոֆիլի գինը հասնում է 150 դրամի, ապա հասույթը կկազմի 4 միլիոն 50 հազար դրամ, այսինքն՝ ընդամենը 2 միլիոն դրամ տարեկան և 85-90 հազար դրամ ամսական եկամուտ: Սա դեռ չհաշված այլ ծախսերը, ներդրված աննկարագրելի ծանր աշխատանք-չարչարանքը: Հիմա պարզ է, չէ՞, թե ինչքանով է «ձեռնտու» կարտոֆիլ մշակելը: Իսկ եթե ավելի փոքր հողակտորներով են մշակում, ապա այն դառնում է էլ ավելի անշահավետ: Այդ պատճառով էլ մարդիկ թողնում են նաև կարտոֆիլագործությունը: Հետևանքը՝ բերքը քչանում է, կարտոֆիլը՝ թանկանում ու միգուցե հասնի մի այնպիսի գնի, որ արդեն սկսի ձեռնտու լինել: Իսկ մինչ այդ գյուղացիները պարզապես անմշակ են թողնում իրենց հողերն ու տեղափոխվում քաղաք, որ չմնան ամսական 80-90 կամ թեկուզ 200 հազար դրամ եկամտի հույսին: Իսկ այդ դեպքում միգուցե անմշակ հողերն ինչ-որ մեկը վերցնի, ավելի մեծ տարածություն ցանի ու փորձի գոնե մասշտաբի էֆեկտի շնորհիվ ինչ-որ կերպ շահույթ ստանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: