Հայերեն   English   Русский  

​Գործադիր իշխանությունը


  
դիտումներ: 6510

Նախորդ համարում անդրադարձանք Ազգային ժողովին՝ որպես պետության օրենսդիր իշխանությունն իրականացնող մարմնի: Իշխանության երեք թևերից այս համարում կխոսենք գործադիր իշխանության մասին:

Գործադիր իշխանությունը միասնական պետական իշխանության ինքնուրույն, միաժամանակ օրենսդիր իշխանությանը հաշվետու ճյուղ է: Գործադիր իշխանությունն իրականացնում են պետական կառավարման մարմինները: Պետությունում գործադիր իշխանությունն իրականացնող բարձրագույն մարմինը կառավարությունն է, հենց կառավարությունն է իրականացնում պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Իսկ տեղական ինքնակառավարումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ համայնքային նշանակության հանրային հարցերը լուծելով, այսինքն` տեղական ինքնակառավարումը տարածվում է համայնքներում: Մինչդեռ կառավարության կառավարումը տարածվում է ամբողջ հանրապետությունում:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Կառավարության «գլուխը» վարչապետն է: Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է անդամների աշխատանքը: Վարչապետին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե վարչապետի ընտրությունն իրականացնում է Ազգային ժողովը, ապա նշանակումը կատարում է հանրապետության նախագահը:

Կառավարության քաղաքականությունն ամփոփվում է կառավարության ծրագրում: Կառավարության ծրագիրը կառավարության աշխատանքի կազմակերպման կարևորագույն փաստաթղթերից է: Կառավարության կազմավորումից հետո՝ 20-օրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7-օրյա ժամկետում, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Փոխվարչապետները վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Փոխվարչապետներից մեկը, վարչապետի սահմանած կարգով, փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:

Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: