Հայերեն   English   Русский  

Գիտնականի ահազանգը. որքան շատ ժամանակ անցնի, այնքան ավելի դժվար կլինի կորցրածը հետ բերելը


  
դիտումներ: 4275

Յուրաքանչյուր մասնագետ պետք է զբաղվի իր գործով, ֆիզիկոսը՝ ֆիզիկայով, ծրագրավորողն էլ՝ ծրագրավորմամբ:

Այս կարծիքին է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, աստղաֆիզիկոս, Երևանի Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Միրզոյանը։ Նա իր օրինակով է մատնանշում՝ գիտության և այլ աշխատանքի համատեղման պարագայում գիտությունը տուժում է։

Միրզոյանն ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, նախ՝ բակալավրիատը, ապա մագիստրատուրան։ Այնուհետև միջազգային կրթաթոշակ է ստացել և կրթության երրորդ աստիճանը ձեռք բերել Իտալիայում և Շվեյցարիայում։ 2013 թ. գիտական աստիճանը պաշտպանելուց հետո Հայաստան է վերադարձել՝ շարունակելով համագործակցությունը Ֆիզիկայի ինստիտուտի հետ։ Սակայն հաշվի առնելով գիտության սուղ ֆինանսավորումը և գիտնականների ցածր վարձատրությունը՝ կես դրույքով է գիտությամբ զբաղվում, իսկ հիմնական զբաղմունքը ծրագրավորումն է։

«Գիտությունը շատ է տուժում համատեղումից։ Պատկերացրեք՝ այն ժամանակը, որ կարող էի տրամադրել գիտությանը, դրա 10 տոկոսն եմ տրամադրում։ Իհարկե կան արդյունքներ, բայց այն չէ, ինչ պետք է լիներ, շատ է տուժում գիտությունը»,- ասում է նա։

Ներկայացնելով գիտության ոլորտում իր ուսումնասիրությունների շրջանակը՝ Միրզոյանն առանձնացնում է մասնակցությունը LARES տիեզերական նախագծին. իտալացի, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայաստանցի գիտնականների խմբերը վերլուծում են 2012-ին տիեզերք ուղարկված արբանյակի տվյալները. նպատակն է՝ ստուգել հավանականության տեսությունը։ «Այս տիպի մեթոդներով հարաբերականության տեսության ամենամեծ ճշտությունն է տրվել»,- ասում է նա՝ հավելելով, որ տվյալները կարող են կիրառվել նաև կողմնորոշման համակարգերում՝ ստանալով կիրառական նշանակություն։

«Աշխատում ենք նաև մութ մատերիայի ի հայտ բերման ուղղությամբ՝ օգտագործելով գրավիտացիոն ոսպնյակավորման էֆեկտը»,- ասում է նա։

Հարցին, թե ինչպես է մասնագիտություն ընտրել, Միրզոյանը պատասխանում է, որ երբ ֆիզիկան մարդու համար մի քիչ հասկանալի է լինում, նաև սիրելի է դառնում. «Ֆիզիկան մեծ ձգողականություն ունի, որովհետև օգնում է հասկանալու բնությունը, այն ամենը, ինչ կատարվում է. առանց բացառության»։

Միրզոյանը նշում է, որ գիտության գրավչության առումով բացասական դեր է խաղում այն հանգամանքը, որ գիտությունների թեկնածուն չի կարող իր մասնագիտությամբ ապրուստ վաստակել։ «Այդ պատճառով էլ, կարծում եմ, գիտությունն անկում է ապրում։ Մենք լավ պոտենցիալ ունենք, Խորհրդային Միության ժամանակներից մեր գիտությունը բավականին լավն է եղել, Եվրոպայում սովորելու տարիներին ավագ սերնդի ներկայացուցիչներից միայն լավ բաներ եմ լսել հայաստանյան գիտության ու գիտնականների մասին»,- ասում է Միրզոյանը։ Նա ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ մեծ մտավոր պոտենցիալ ունեցող երկրում երեխաները մեծ մասամբ ոչ թե ուզում են գիտնական դառնալ, այլ ծրագրավորող։ Անգամ ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետներն ավարտածների որոշակի մասն է հետո ծրագրավորման ոլորտ անցնում։ Պատճառն էլի ֆինանսական է: ՏՏ-ն այն բացառիկ ոլորտներից է, որտեղ հնարավոր է լավ գումար վաստակել։ «Իսկ այն մարդիկ, որոնք իրենց բնույթին համապատասխան են համարում գիտությունը, որոնք չեն ուզում այլ աշխատանքով զբաղվել, տեսնելով, որ այստեղ աշխատելու և ապրելու հնարավորություն չունեն, թողնում ու գնում են»,- ասում է Միրզոյանը։

Նա նշում է, որ թեև լրատվամիջոցներով հաճախ է բարձրաձայնվում ուղեղների արտահոսքի խնդրի մասին, դա կանխելու ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկվում։ «Եթե անգամ քայլեր ձեռնարկվում են՝ բավարար չեն, պետք է փոխել տակտիկան»,- ասում է նա։

Ինչպե՞ս կարելի է մեծացնել գիտության գրավչությունը: Միրզոյանի համոզմամբ՝ պետք է լուծել ֆինանսավորման խնդիրը։ «Եթե մարդն ունի տարրական՝ ուտելու համ հագնվելու խնդիր, այդ մարդն այլևս չի կարող գիտությամբ զբաղվել, հնարավոր չէ, որ նրա ուղեղը կենտրոնանա գիտության վրա»,- ասում է Միրզոյանը և շեշտում, որ գիտնականի աշխատանքը ծանր է, հետևաբար վարձատրությունն էլ համապատասխան պետք է լինի։

Համադրելով այն երկրների փորձը, որտեղ տարբեր ժամանակահատվածներում աշխատել ու ապրել է, ասում է, որ ամեն տեղ էլ ծրագրավորողի վարձատրությունը մեծ է, սակայն ծրագրավորողի և գիտաշխատողի վարձատրության հարաբերակցությունը լավագույն դեպքում 1,5-2 է, մինչդեռ Հայաստանում գիտաշխատողի աշխատավարձը միջինը 5-6 անգամ ցածր է ծրագրավորողի աշխատավարձից։ «Դրա համար էլ բոլորն ուզում են ծրագրավորող դառնալ»,- ասում է նա։

Գիտնականի արդյունավետ աշխատանքը խոչընդոտող մյուս խնդիրները ևս, օրինակ՝ ժամանակակից սարքավորումների պակասը, միջազգային համաժողովներին մասնակցելու և արտասահմանյան որակավորված գիտնականների հետ համագործակցելու հնարավորությունը կամ դրա բացակայությունը, ըստ Միրզոյանի, ֆինանսավորման հետ են կապված։

Երիտասարդ գիտաշխատողը նշում է, որ գիտության ոլորտում, ֆինանսավորումից բացի, այլ խնդիրներ էլ կան։ Սակայն ֆինանսավորման հարցն այնքան օրհասական ու սուր է, որ դրա համատեքստում մյուս խնդիրները չեն երևում։

Անգամ միջին տարիքի գիտաշխատողների բացի հարցը, ըստ Միրզոյանի, բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում հնարավոր է լուծել։ Ասում է, որ ինքը, ժամանակին չցանկանալով մնալ արտերկրում, Հայաստան է վերադարձել, բայց այստեղ էլ ստիպված զոհողության է գնացել ու ՏՏ ոլորտ տեղափոխվել։ Շատերն էլ, կանխատեսելով երկընտրանքը, որին դեմ են առնելու Հայաստանում, մնում են արտերկրում։ Բայց եթե գիտությամբ զբաղվելու համար բավարար պայմաններ ստեղծվեն՝ մասնագետներն այլևս նման երկընտրանքի ու զոհաբերության խնդրի առջև չեն կանգնի։

Այն նկատառմանը, թե անընդհատ շեշտադրվում է ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը, մինչդեռ եկող տարի գիտության ֆինանսավորումը նվազելու է, Միրզոյանն արձագանքում է, որ այդ պարագայում, ամենայն հավանականությամբ, կմեծանա ուղեղների արտահոսքը, ինչպես նաև, օրինակ՝ ֆիզիկոսների հաշվին, ծրագրավորող դարձողների թիվը կմեծանա։

Միրզոյանը շեշտում է, որ գիտություն պետք է յուրաքանչյուր երկրի, որովհետև ժամանակակից կյանքում ամեն ինչ գիտության հետ է կապված, և չկա որևէ հզոր պետություն, որը չունենա հզոր գիտություն։ Ասում է, որ անգամ մեր պայմաններում հնարավոր է աջակցել գիտությանը, օրինակ՝ կրճատելով պետբյուջեի ոչ արդյունավետ ծախսերը։

«Իսրայելի պետությունը 60-70 տարվա պատմություն ունի, բայց գիտությամբ աշխարհում առաջատար է։ Որ ասում են՝ հրեաները խելացի են, համամիտ չեմ։ Ուղղակի պետք է պոտենցիալը ճիշտ օգտագործել։ Մեզ մոտ ժամանակին դա լավ ստացվել է, ու հիմա էլ ստացվում է ինչ-որ առումով, որովհետև այս պայմաններում մարդիկ գործեր են անում։ Անգամ այս պայմաններում արդյունք կա, եթե բավարար պայմաններ լինեին՝ շատ ավելի լավ կլիներ»,- ասում է նա։

Միրզոյանն ասում է՝ չնայած երկրում և գիտության ոլորտում առկա խնդիրներին՝ չի ուզում հավատալ, որ մեր իշխանավորները չեն գիտակցում գիտության առաջնայնությունը։ «Չեմ ուզում հավատալ, որ այդ տիպի մարդիկ են ղեկավարում մեր երկիրը»,- ասում է նա։ Միաժամանակ նշում է, որ իշխանություն ու պատասխանատվություն ստանձնած մարդիկ պետք է կարողանան առկա խնդիրներին համապատասխան լուծումներ գտնել։ «Երբ ֆիզիկայի հետ կապված հարց եմ ունենում, իրենց չեմ դիմում: Նույն կերպ իրենք պետք է անեն»,- ասում է նա։

Իսկ գիտության ապագան, Միրզոյանի խոսքով, մեծապես կախված է այն որոշումներից, որոնք կկայացվեն, և դրանց իրագործման ընթացքից։ Ասում է, որ ներկա տեմպերի պահպանման դեպքում լավատես լինելը դժվար է. որքան շատ ժամանակ անցնի, այնքան ավելի դժվար կլինի կորցրածը հետ բերելը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: