Հայերեն   English   Русский  

​Երիտասարդը, որ փորձում է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել


  
դիտումներ: 2264

«Եթե կամավոր ես, ապա այդպիսին ես քո վարքով, մտածելակերպով, դա քո առօրյայի մի մասն է։ Կամավոր լինել ինչ-որ առումով նշանակում է լինել լավ քաղաքացի»,- ասում է 21-ամյա Վահե Սալահյանը,

որ արդեն երկու տարվա կամավորության փորձ ունի, իսկ հետագա կյանքն էլ առանց կամավորության չի պատկերացնում։ Ասում է՝ քանի դեռ կան մարդիկ, որոնք կզգան իր կարիքը, ինքը կշարունակի իր գործունեությունը։

Վահեն ծնվել ու մեծացել է Հալեպում։ Առաջին անգամ հայրենիք է եկել 2004 թ., իսկ 2010-ին ողջ ընտանիքով մշտական բնակության են տեղափոխվել Հայաստան։ Վահեն այստեղ ավարտում է Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցը և ընդունվում Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։

Պատմում է, որ 2015-ին հերթական դասերից մեկի ժամանակ ամբիոնի վարիչն ուսանողներին տեղեկացնում է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունից են գալու և իրազեկման սեմինար են անցկացնելու։ Սեմինարով հետաքրքրվում է 3 ուսանող, որոնցից մեկը Վահեն էր։

Երբ ծանոթանում է Կարմիր խաչի գործունեությանը Հայաստանում, նրա ուշադրությունն է գրավում այն հանգամանքը, որ սիրիահայերի ինտեգրման ծրագիր է իրականացվում։ «Միանգամից հասկացա, որ պիտի գնամ, գրանցվեմ և փորձեմ կամուրջ, կապող օղակ դառնալ նոր հայրենիք վերադարձած սիրիահայերի և տեղաբնակների միջև»,- ասում է Վահեն՝ նշելով, որ ինքը մինչ այդ բազում խոչընդոտներ էր հաղթահարել ու վստահ էր, որ իր փորձը կարող է օգտակար լինել Հայաստանում նոր հաստատված սիրիահայերին։

«Լինել կամավոր, ըստ իս, նշանակում է կիսվել այն ամենով, ինչ ունես։ Իսկ ամենակարևոր բանը, որ որպես շարքային մարդ ունես, ժամանակն է։ Երկրորդ՝ կամավորությունը նաև նշանակում է լինել կարեկից։ Ոչ թե խղճահարություն ցուցաբերել խնդիրներ ունեցող մարդուն, այլ կարեկցել նրան, մտածել նրա մասին։ Երրորդ՝ նշանակում է լինել մի մեծ մեքենայի շարժիչի ուժը, որը նրան առաջ կմղի»,- ասում է Վահեն՝ ներկայացնելով իր պատկերացումները կամավորության մասին։

Վահեն սկզբում մասնակցում է «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրին, որի շրջանակներում տարատեսակ միջոցառումներ են իրականացվել սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Գրաֆիտի նկարչությունը, քաղաքային այգեգործությունը, թատերական ներկայացումը, լուսանկարչական մրցույթը և այլ միջոցառումները նպաստում են սիրիահայ երիտասարդների մշակութային ինտեգրմանը, ինչպես նաև նոր ընկերներ ձեռք բերելուն։

«Միասին իմ՝ թիվ 83 ավագ դպրոցի բակում ծաղկանոց հիմնեցինք, թատերական ներկայացում բեմադրեցինք, իսկ մեդիա լաբորատորիայում դուրս բերեցինք կարևորագույն սոցիալական խնդիրները և գրեցինք դրանց վերաբերյալ, ոմանք էլ նախընտրեցին իրենց խոսքը լուսանկարների միջոցով ասել։ Այդ ծրագրի շնորհիվ մասնակից երիտասարդները կարողացան ինքնադրսևորվել հայրենիքում, կապեր ձեռք բերել, հասկանալ, թե ինչ են ուզում ու ինչ կարող են անել»,- ասում է Վահեն։

Այնուհետև Վահեն ընդգրկվում է «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրում, որն ուղղված է հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի և երեխաների սոցիալական ներգրավվածությանը, հասարակության ինտեգրմանը և տնային պայմանների բարելավմանը:

Ծրագրի շրջանակներում կամավորները պարբերաբար այցելում են միայնակ փախստական ծերերին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ծրագրի երկրորդ բաղադրիչն էլ ենթադրում է աշխատանք հանրակացարանաբնակ երեխաների համար։ Վահեն, օրինակ, ՀԿԽԸ կողմից հիմնադրված «Ժպիտների ակումբ» դասասրահում երեխաներին պատմություն և աշխարհագրություն է դասավանդել, օգնել, որ գրեն դպրոցում ստացած տնային հանձնարարությունները։

Ամփոփելով կամավորի իր գործունեությունը՝ Վահեն ասում է, որ երեխաների գոհ ու երջանիկ հայացքն ամենամեծ վարձատրությունն է, որ կարող է լինել. «Այդ երեխաների հայացքն ամեն ինչ արժի։ Եվ այո, արժի մաս կազմել նման շարժման, որպեսզի տեսնես երեխաների հայացքն ու հասկանաս, որ ինքնանպատակ չէ արածդ»,- ասում է նա։

Իսկ երեխաների հետ աշխատանքի շնորհիվ Վահեն նաև իր մեջ բացահայտում է դասավանդելու սերը։ «Երբ սկսեցի երեխաների համար ինչ-որ բան պատմել, հասկացա, որ կարող եմ հետագայում մի փոքր ավելի լայն շրջանակում դա անել։ Այն ամենը, ինչ սովորել եմ, որպես սպունգ քաշել եմ իմ մեջ, կարող եմ հաղորդել ուրիշներին։ Հիմա փորձում եմ իմ այս հմտությունն էլ օգտագործել, այդ ուղղությամբ պլաններ եմ կազմում»,- ասում է նա՝ չցանկանալով մանրամասնել ապագայի ծրագրերը, որոնք դեռևս իրագործման փուլ չեն հասել։

Այս տարի Վահեն ավարտել է համալսարանն ու աշխատանքի անցել։ Ծանրաբեռնվածության պատճառով այժմ միշտ չէ, որ կարողանում է ֆիզիկապես ներկա գտնվել կազմակերպվող միջոցառումներին, սակայն Կարմիր խաչը և կամավորությունը թողնելու մտադրություն չունի. մի շարք ընկերների հետ պլանավորում է մարդասիրության թեմայով ֆորում կազմակերպել:

Վահե Սալահյան

Աշխատանքի ու կամավորության հետ մեկտեղ Վահեն հասցնում է նաև միաժամանակ երեք լեզու ուսումնասիրել՝ գերմաներեն, չինարեն և արաբերեն։ Նա նաև տիրապետում է երեք լեզվի՝ հայերեն իր երկու ճյուղերով, անգլերեն և ռուսերեն, որոնց կատարելագործման ուղղությամբ ևս աշխատում է։ «Բնավորությամբ այդպիսին եմ, փորձում եմ ամեն ինչ համատեղել։ Ժողովրդական խոսքն ասում է՝ մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։ Ես փորձում եմ բռնել»,- ասում է նա։

Հարցին, թե ինչպես է հասցնում, ասում է, որ այո, ժամանակը, ինչպես և փողը, միշտ չի հերիքում. «Սակայն մտածում եմ՝ եթե ցանկանում ես ինչ-որ բան անել, փնտրում ու գտնում ես միջոցը, հնարավորությունը։ Եթե չես ցանկանում անել, ուղղակի սկսում ես պատճառաբանել»։ Հիշում է, թե ինչպես է քննության նախօրեին կամավորի աշխատանքով զբաղված եղել՝ գիտակցելով, որ իր արածը նույնքան կարևոր է, որքան և քննությունը։ «Այդպես սովորում ես հասցնել ավելին»,- ասում է նա։

Վահեն ոչ միայն ինքն է կամավորությամբ զբաղվում, այլև իր ընկերներին է համոզում ընդգրկվել Կարմիր խաչի ծրագրերում։ Նախորդ տարվանից նրա կրտսեր քույրը ևս Կարմիր խաչի կամավոր է։

«Կամավորն ապագայի ներդրող է»,- ասում է Վահեն ու այդ գործը ծառի հետ համեմատում. երբ նոր ես ծառ տնկում ու պարբերաբար ջրում՝ արդյունքը դեռ տեսանելի չէ, բայց երբ ծառն արմատներ է տալիս, ճյուղավորվում՝ հասկանում ես, թե ինչ մեծ գործ ես արել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: