Հայերեն   English   Русский  

​Դրաստամատ Մուրադյան. «Քայլ առ քայլ նորանոր հաջողություններ ենք գրանցում»


  
դիտումներ: 3587

Հոկտեմբերի 21-ին երկարատև դադարից հետո Հայաստանում մեկնարկեց բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների կանոնավոր առաջնությունը: Վերջին շրջանում ազգային հավաքականների բավական հաջող ելույթները հիմք դարձան, որ վերսկսվեն բարձրագույն խմբի խաղերը: Նորաստեղծ առաջնությունում չեմպիոնի կոչման համար կպայքարի 7 ակումբ:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ, «ՖԻՄԱ»-ի գլխավոր մարզիչ Դրաստամատ Մուրադյանը խոսեց բարձրագույն խմբի խաղերի անցկացման անհրաժեշտության, բասկետբոլում առկա խնդիրների և մարզաձևի զարգացման հեռանկարների մասին:

- Պարոն Մուրադյան, երկարատև դադարից հետո հասունացավ բասկետբոլի կանոնավոր առաջնություն ստեղծելու գաղափարը: Առաջնության անցկացումը որքանո՞վ կնպաստի մարզաձևի զարգացմանը:

- Ազգային հավաքականների վերջին շրջանի հաջող ելույթներից հետո բասկետբոլային շարժումը հանրապետությունում լայն թափ ստացավ, մարզաձևով հետաքրքրվողների թիվն ավելացավ: Այդ հաջողությունը զարգացնելու համար Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ որոշվեց անցկացնել բարձրագույն խմբի առաջնություն՝ Ա լիգայի խաղեր: Առաջնությանը Երևանից, մարզերից և Արցախից մասնակցում է 7 թիմ՝ «Ինժեներ», «ՖԻՄԱ», «Ուրարտու», «Գրանդ սպորտ», «Շիրակ», «Արթիկ», «Արցախ»: Խաղերը կկայանան հոկտեմբերից մինչև մայիս շրջանաձև համակարգով: Կանցկացվեն նաև փլեյ-օֆֆ խմբի հանդիպումներ: Թիմերը կխաղան տուն-դուրս տարբերակով:

Թիմերը համալրված են ուժեղ մարզիկներով, որոշ թիմերի կազմում կան լեգեոներներ: Նրանք, բնական է, կօգնեն իրենց թիմակիցներին: Բավական ուժեղ կազմ ունի «Ուրարտուն»: «ՖԻՄԱ»-ն համալրված է բացառապես ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողներով: «Արթիկը» ևս ունի բարձրակարգ խաղացողներ և պայքարելու է մրցանակային եռյակում տեղ զբաղեցնելու համար: Առաջնության անցկացումը կնպաստի Հայաստանում բասկետբոլի զարգացմանը: Ա լիգայի լավագույն մարզիկները հետագայում կհամալրեն ազգային հավաքականները:

Նշեմ, որ հեռուստատեսությամբ կհեռարձակվեն կենտրոնական հանդիպումները: Հեռուստատեսությունը քարոզման լավագույն միջոցներից է: Մարդիկ, որոնք տեղյակ չեն բասկետբոլից, անցկացվող առաջնություններից, այս միջոցով կդիտեն, կտեղեկանան, կհետաքրքրվեն:

- Թիմերը հանդիպումներն անցկացնում են սեփական հարկի տակ: Մարզադահլիճներն ունե՞ն բավարար պայմաններ խաղեր անցկացնելու համար:

- Ֆեդերացիան հնարավորություն է տվել ակումբներին հանդիպումներն անցկացնելու սեփական հարկի տակ: Մարզադահլիճների խնդիր կա Երևանում և ողջ հանրապետությունում: Դրանք բարեկարգման և վերանորոգման կարիք ունեն: «ՖԻՄԱ»-ն և «Ուրարտուն» հանդիպումներն անցկացնում են Օլիմպավանում, որը բարձրակարգ մարզադահլիճ ունի: Հարկ է նշել, որ առաջնությունը երկարատև դադարից հետո է վերսկսվել: Ժամանակի ընթացքում այդ խնդիրները կլուծվեն:

Խաղային մարզաձևերի զարգացման համար ֆինանսական մեծ հնարավորություններ են հարկավոր: Բասկետբոլի ֆեդերացիան հովանավորների միջոցով աջակցում է թիմերին՝ ըստ անհրաժեշտության հոգալով մարզագույքի, ճանապարհածախսի և այլ խնդիրներ: Հետագայում թիմերը պետք է փորձեն գտնել հովանավորներ, որպեսզի ֆեդերացիան կարողանա այլ խնդիրներ լուծել:

- Առաջնության վերսկսումից 2 տուր անցել է: Ֆավորիտների մասին խոսել, կանխատեսումներ անել հնարավո՞ր է:

- Կայացած հանդիպումների հաշիվներից ելնելով՝ կարող եմ ասել, որ խաղերն անցնում են հետաքրքիր, լարված և դիտարժան պայքարում: Մարզիկները մարտական են տրամադրված:

Առաջնությունը նոր է սկսվել, թիմերը ճանապարհ ունեն անցնելու, առաջիկայում շատ հանդիպումներ կլինեն: Բոլորն էլ հաղթելու հնարավորություն ունեն: «Ուրարտուն», «Արցախը», «ՖԻՄԱ»-ն լավ խաղ են ցուցադրում: «Շիրակը» շուտով նոր համալրումներ կունենա՝ ուժեղացնելով կազմը: Դեռ վաղ է կանխատեսումներ անել: Ընդամենը երկու տուր է անցել: Թիմ կա, որ առայժմ մեկ հանդիպում է անցկացրել, քանի որ ամեն տուրում մեկ թիմ չի մասնակցում:

Սա շատ լավ հնարավորություն էր տեղացի մասնագետների համար՝ բարձրացնելու իրենց մասնագիտական որակները:

- Հայաստանում անցկացվում է բարձրագույն խմբի առաջնություն, սակայն միջազգային կարգի մրցավարներ առայժմ չունենք: Սա խնդիր չէ՞:

- Ժամանակին մրցավարները շատ քիչ խաղեր դատելու հնարավորություն ունեին: Իսկ այժմ հանդիպումներն ավելի շատ կլինեն: Մրցավարների փորձը կավելանա, գիտելիքներ ձեռք կբերեն, և որակավորումը կբարձրանա: Մարզիկների խաղից, թիմերի խաղամակարդակից են կախված մրցավարի գործողությունները: Դրան զուգահեռ մրցավարությունն էլ կզարգանա: Մրցավարները կսկսեն աշխատել վարպետության բարձրացման ուղղությամբ: Ներկայումս չունենք ՖԻԲԱ-ի որակավորում ստացած միջազգային կարգի մրցավարներ: Եթե այս ամենը շարունակական լինի, վստահաբար կարող եմ ասել, որ այդ հարցն էլ կլուծվի: Մեր մրցավարները երիտասարդ են և պահանջվող նորմերը հանձնելու բոլոր հնարավորություններն ունեն:

- Վերջերս Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի ընտրանին:

- Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ամռանը մասնակցեց աշխարհի առաջնության որակավորման փուլին: 6 հանդիպում անցկացրեց՝ տոնելով 3 հաղթանակ և կրելով 3 պարտություն: Մի փոքր չբավականացրեց հաջորդ փուլ դուրս գալու համար: Երկար ժամանակ ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը չէր ընդգրկվում: Այժմ մեր հավաքականը 24,3 միավորով 153 երկրների մեջ զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը: Սա մեծ առաջընթաց է:

Նոյեմբերի կեսերին մեկնարկելու է Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային հավաքականը: B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Ալբանիայի և Դանիայի հավաքականները: Դիտարժան հանդիպումներ են սպասվում:

Մեր գլխավոր նպատակը բասկետբոլի մասսայականացումն է, այդ կապակցությամբ բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվում: 1 ամիս է, ինչ վերսկսվել է մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունը: Ունենք ստույգ տեղեկություններ, որ մարզադպրոցներում երեխաների հոսքն ավելացել է: Եթե այսպես շարունակվի՝ երեխաների ներգրավվածության խնդիրը կլուծենք:

Այս տարի 16 տարեկանների հավաքականները հանդես եկան Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններում: Ե՛վ աղջիկները, և՛ տղաները դարձան չեմպիոն: Փաստերը խոսուն են: Քայլ առ քայլ նորանոր հաջողություններ ենք գրանցում: Կփորձենք զարգացնել ձեռք բերվածը: Հետագայում կպայքարենք ոչ թե C, այլ B և այնուհետև A դիվիզիոններում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: