Հայերեն   English   Русский  

​98 բուժաշխատողի զրկում են ոչ միայն աշխատանքից, այլև հասանելիք հավելավճարից (լրացված)


  
դիտումներ: 13592

Ուսանողական պոլիկլինիկայում 42 տարի աշխատող բժշկուհին, որ արդեն թոշակի տարիքի է (66 տարեկան), պոլիկլինիկայի լուծարումից հետո աշխատանք գտնելու հույս չունի:

Դեռևս հունիսին, երբ ակտիվացան «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման մասին խոսակցությունները և աշխատակիցները ՀՀ նախագահականի միջոցով հասան նրան, որ նախարարը գոնե մեկ անգամ հանդիպի իրենց հետ և լսի իրենց տեսակետներն ու հիմնավորումները, Լևոն Ալթունյանը խոստացել էր՝ «Պոլիկլինիկայի լուծարումից հետո ոչ ոք առանց աշխատանքի չի մնա»:

Զրուցակիցս, որ չի ցանկանում անունը նշել, պատմում է, որ նախարարի հետ հանդիպումից հետո անգամ իրենց հասցեներն են վերցրել, որպեսզի հնարավորության սահմաններում իբրև թե աշխատանքի տեղավորեն իրենց բնակավայրերին մոտ գտնվող բուժհաստատություններում:

Հատուկ պոլիկլինիկայի լուծարման վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, սակայն մինչ օրս բուժհաստատության 98 բժիշկներից ու բուժքույրերից ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասում իրեն նոյեմբերի 25-ից հետո: Ավելի ճիշտ՝ արդեն հասկանում են՝ մնալու են առանց աշխատանքի:

Վերջերս աշխատակիցներից միայն 15 բժշկի են զանգահարել ու հրավիրել նախարարություն: Առաջարկել են աշխատանք Սևանում, Արթիկում, Ամասիայում, Ծաղկահովիտում և այլ մարզային բնակավայրերում: «Ինձ, օրինակ, չեն էլ կանչել՝ համարելով երևի, որ ես թոշակառու եմ: Ի դեպ, ոչ մի թոշակառուի չեն հրավիրել,-ասում է զրուցակիցս,- բայց կան մասնագետներ, որոնք թոշակառու չեն, էլի չեն հրավիրել: Փաստորեն խոստումը, որ բոլորին պետք է Երևանում աշխատանք առաջարկվեր, այն էլ՝ մեր ապրելու վայրերում, չկատարվեց: Իսկ նրանք, որոնց մարզերում էին աշխատանք առաջարկել, զանգահարել են այդ մարզային բուժհաստատություններ, և պարզվել է, որ այնտեղ ազատ աշխատատեղեր չկան: Այսինքն՝ ընդհանրապես ոչինչ հասկանալի չէ»:

Նշենք, որ Հատուկ պոլիկլինիկան ունի 100 աշխատակից, որոնցից 98-ը բժիշկներ ու բուժքույրեր են, մյուս երկուսը՝ տնօրենն ու հաշվապահը: Այս տարվա գարնանից, երբ սկսեցին լուրեր պտտվել պոլիկլինիկայի լուծարման մասին, բուժանձնակազմը մի մարդու պես (բացի տնօրենից ու հաշվապահից) նախ պայքարում էր պոլիկլինիկայի պահպանման համար՝ համարելով, որ այն չափազանց կարևոր օղակ է առողջապահության համակարգում, հիմա էլ շարունակում է պայքարել ոտնահարված իրավունքների պաշտպանության համար:

Բանն այն է, որ 2000 թվականից ի վեր պետական բուհերի ուսանողներին պետպատվերով սպասարկելուց բացի, Հատուկ պոլիկլինիկան տրամադրել է նաև վճարովի ծառայություններ ոչ պետական բուհերի ուսանողներին (Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայ-ռուսական սլավոնական համալսարան և այլն), քանի որ վերջիններս, գիտակցելով պոլիկլինիկայի դերակատարումը, ինքնակամ օգտվել են կառույցի ծառայություններից: Բուժանձնակազմը, աշխատավարձից բացի, տարեվերջին ստացել է նաև հավելավճար վճարովի ծառայություններից ստացված գումարից: Սակայն օրերս պարզվել է, որ այս տարվա հավելավճարը չեն ստանալու: Իսկ թե ինչո՞ւ, հաշվապահը պարզաբանել է, թե իբր նախկինում այդ գումարն իրենք ստացել են ոչ թե վճարովի ծառայություններից ստացված գումարից, այլ որպես պարգևավճար: Ինչ վերաբերում է վճարովի ծառայություններից գոյացած գումարին, ապա պարզաբանվել է, թե այն ներառվել է պոլիկլինիկայի ընդհանուր ծախսերի մեջ, և քանի որ ծախսերը շատ են եղել, այժմ գումարը չի բավականացնում պարգևավճար տալու համար: «Բայց դա ճիշտ չէ,- ասում է զրուցակիցս,- բոլոր պետական բուժհիմնարկներում էլ վճարովի ծառայություններից գոյացած գումարներից հավելավճարներ են տալիս: Լավ, ենթադրենք՝ դա հավելավճար չէ, պարգևավճար է: Ինչո՞ւ հիմա գումարր չի բավականացնում մեզ պարգևավճար տալու համար: Այդ ինչպե՞ս էր, որ նախորդ տարիներին ավելի մեծ ծախսեր էինք անում, բայց պարգևավճարի գումար կար, իսկ այս տարի առանձնապես մեծ ծախսեր չենք արել, բայց գումար չկա: Ի՞նչ եղան այդ գումարները»:

Բուժաշխատակազմը կրկին դիմել է ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ նախագահին ու վարչապետին, ՀՀ ֆինանսների նախարարին, անգամ մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի հարգվի իրենց իրավունքը:

Նշենք, որ պոլիկլինիկայում լավագույն դեպքում (մեկ դրույք աշխատաժամ) բժշկի մաքուր աշխատավարձը կազմում է ընդամենը 120 000 դրամ: Տարեվերջին տրամադրվող հավելավճարը վերջին 2 տարիներին կազմել է աշխատավարձի մոտ 60 տոկոսը: Դրանից առաջ գումարն ավելի փոքր էր: Այսինքն՝ խոսքն առանձնապես մեծ գումարների մասին չէ, և առնվազն բարոյական տեսանկյունից արդար չէ տասնամյակների վաստակ ունեցող բուժանձնակազմին աշխատանքից զրկելուց առաջ զրկել նաև այդ չնչին գումարից:

Խնդիրներից մեկն էլ այն է, որ փաստորեն նոյեմբերի 25-ին կառույցն այլևս գոյություն չի ունենա, սակայն բուհերի հետ պոլիկլինիկայի պայմանագրի ժամկետներն ավարտվում են դեկտեմբերի 31-ին: Աշխատակիցներն իրենց դիմումի մեջ նաև նշել են, որ թույլ տան իրենց աշխատել գոնե մինչև տարեվերջ, մանավանդ որ պետական բյուջեի ֆինանսավորումը ներառում է ամբողջ տարին:

Հիշեցնենք, որ Հատուկ պոլիկլինիկայի լուծարման հարցը քննարկվել է նաև Հանրային խորհրդում, որտեղ նույնպես կարևորվել էր բուժհաստատության կանխարգելիչ բժշկության, սպորտային բժշկության գործունեությունը: Հանրային խորհուրդը եզրակացրել է, որ Հատուկ պոլիկլինիկայի լուծարման հետ կապված կան բազմաթիվ չքննարկված հարցեր, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն:

Ինչևէ, կառավարությունը որոշեց, որ ուսանողական պոլիկլինիկան անարդյունավետ կառույց է և պետք է լուծարվի: Այժմ էլ աշխատակիցները կանգնած են անորոշ ապագայի առաջ: «Բժիշկն ուրիշ ի՞նչ կարող է աշխատել, եթե ոչ բժիշկ: Ես վաճառո՞ղ պիտի դառնամ, թե՞ հավաքարար,- հարց է բարձրացնում շուրջ 45 տարվա բժիշկը,- իսկ թոշակն էնքան չի, որ կարողանաս առանց աշխատելու ապրել: Բացի այդ, ես 66 տարեկան եմ ու ինձ լիովին աշխատունակ եմ զգում»:

Հունիսին, երբ լուծարման որոշումը կայացել էր, բուհերի ղեկավարներին հանձնարարվեց 53 հազար ուսանողների բուժզննման գործընթացը կազմակերպել իրենց գրանցման կամ հաշվառման վայրերում գտնվող պոլիկլինիկաներում: Ուսումնական տարվա մեկնարկին, սակայն, պարզ դարձավ, որ այդ գործընթացը կազմակերպելն այնքան էլ հեշտ չէ: Երկու բուհ՝ պոլիտեխնիկն ու ԵՊՀ-ն, փորձեցին նման ձևով գործը գլուխ բերել. չստացվեց: Նախարարությունը ստիպված կրկին դիմեց Հատուկ պոլիկլինիկային, որ գործընթացը կազմակերպի: Պոլիկլինիկան իր աշխատանքը կատարեց բնականոն ձևով, սակայն կառույցը լուծարելու որոշումը չկասեցվեց: Պարզապես փակելուց առաջ վերջին անգամ օգտագործվեց բուժհաստատության ներուժը:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված հարցման պատասխանները։

Ուսանողական պոլիկլինիկա

Ուսանողական պոլիկլինիկա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: