Հայերեն   English   Русский  

​ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ


  
դիտումներ: 5662

«Անկախի» հարցերին պատասխանում է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սասուն Խեչումյանը

«Հողը հայրենիք է, հացը` բարձրագույն արժեք, երեխան՝ կյանքի իմաստ և գործի ու տոհմի շարունակություն»,- խոհ-մտքից հետո նաև զորավար ու մտածող Նժդեհի «Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբենը, Մամիկոնյանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործությունները» խոսքը հիշեցինք Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Սասուն Խեչումյանի հետ զրույցից առաջ:

- Հարգարժան Խեչումյան, եթե ընտրվեք՝ լինելու եք Ալավերդի խոշորացված համայնքի առաջին ղեկավարը: Ինչի՞ց եք պատրաստվում սկսել:

- Ես հավատացած եմ, որ քրիստոնյա և ազգային ոգու դարավոր արժեքները կրող մեր ժողովուրդը քայլ առ քայլ, ի վերջո, կերտելու է այն պետությունը, որ երազում էին մեր նախնիները և մենք բոլորս: Առաջինը՝ պիտի հասկանանք, որ համայնքը բոլորիս տունն է: Խնդիրները պետք է լուծենք համատեղ ուժերով: Հիմնականում գիտեմ բնակիչներին հուզող խնդիրները, շատ բան էլ կպարզի շարունակվող քարոզարշավը: Ամեն ինչ վարդագույն տեսնելու ինքնախաբեությամբ չեմ տառապում, բայց ամեն բան սևացնելու և գորշ գույներով տեսնելու, փոքր լավն անգամ միտումնավոր չտեսնելու բարդույթ էլ չունեմ: Առաջնորդվելու եմ «Միավորվենք հանուն համայնքի ներդաշնակ զարգացման» կարգախոսով և փորձելու եմ ապահովել քաղաքը գյուղին, գյուղը քաղաքին փոխշահավետ համագործակցությունը: Խոշորացման արդյունքում փորձելու ենք լուծել բնակավայրերի շատ խնդիրներ, որ չեն լուծվել փոքր համայնքներում ֆինանսական միջոցների սղության պատճառով:

- Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես եք ապահովելու համայնքապետարան-բիզնես սեկտոր կապը: Ի վերջո, գործարա՞նն է քաղաքինը, թե՞ քաղաքը գործարանինը:

- Բիզնեսը, անկախ մասշտաբներից, ենթադրում է համայնքի բնակչության երկկողմ մասնակցությունը, ուստի այն պիտի ասոցացվի բնակչության լայն խավերի պահանջների և պատասխանատվության հետ: Բիզնեսը պետք է միտված լինի աղքատության հաղթահարմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: Ձեր հարցադրման երկրորդ մասը համարում եմ ոչ կոռեկտ: Համոզված եմ, որ համայնքի բնակչության շահերն ուղղակի թելադրում են համակարգված աշխատանք: Ես կորպորատիվ գործելաոճ ունեմ, հասկանում եմ, որ համագործակցության արդյունքում մենք ավելի ուժեղ կդառնանք: Ով-ումի հարց չկա: Ճանապարհը մեկն է՝ համագործակցություն հանուն Ալավերդի համայնքի ու նրա բնակչության:

- Պարոն Խեչումյան, այս պահին հիշեցի մայրական պապիդ` տարիներ առաջ ասված խոսքը իմ հարցազրույցից. «Իմ արմատները Շիրակում են, սաղարթը՝ Լոռում: Ձորակապը իմ ակունքն է, Ալավերդին՝ իմ կյանքի ծովը: Բարի նավարկություն ջահել ու ահել ալավերդցիներին»: Ի՞նչ կասեք այս առումով:

- Պարբերաբար թարմացվող «Ո՞վ է ալավերդցին» հարցադրմանը ես ունեմ իմ հստակ պատասխանը. ես երրորդ սերնդի ալավերդցի եմ: Այստեղ արարել են իմ պապերը, իմ ծնողները և ահա՝ ես: Ես իմ անձնական օրինակով կարողացել եմ ապացուցել, որ առանց խոշոր ներդրումների էլ կարելի է տունուտեղ դնել, ապրուստի բավարար միջոցներ հայթայթել: Ոչ թե նվաստություն, այլ հմայք ու հպարտություն եմ զգում անասնապահությամբ զբաղվելիս, այգի մշակելիս կամ մեղուների ժրաջան աշխատանքը դիտելիս: Աշխատանքի մարդիկ էին իմ ծնողները: Լուսահոգի մայրս՝ Անահիտ Աթոյանը, նաև քաղաքականության մեջ էր, հանրապետության Գերագույն սովետի դեպուտատ էր:

- Ժամանակին Ալավերդու մշակույթի կենտրոնում մասնակցում էի Ընտանիքի օրվա միջոցառմանը: Որպես երիտասարդ օրինավոր ընտանիք` հրավիրված էր Ձեր ընտանիքը: Ընտրությունը պատահական չէր: Դուք նույն հաջողությամբ կարող էիք ներկայացնել քաղաքի մարզական ոլորտը, չորրորդ անգամ էիք ներգրավվելու ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում: Ընթերցողների համար փորձեք թարմացնել ձեր հուշերը և զգացողությունները:

- Միանգամից ասեմ, որ անկախ իմ զբաղվածության աստիճանից՝ սպորտից երբեք չեմ կտրվել: Ալավերդցիներից շատերը, անշուշտ, կհիշեն իմ մասնակցությունը քաղաքի ֆուտբոլի առաջնությանը, մինի ֆուտբոլի «Քաղաքապետի գավաթ» և նախկին ֆուտբոլիստ Հովսեփ Շարմազանովի հուշամրցաշարերին: Կինս՝ մասնագիտությամբ կենսաբան-քիմիկոս Արմենուհի Գալստյանը, նաև մասնագիտական հիմնավորումով գիտի «Առողջ հոգին՝ առողջ մարմնում» արտահայտության իրական արժեքը և ջանք չի խնայում, որ ընտանիքն ապրի առողջ ապրելակերպով, սիրի սպորտը, նաև ազնիվ պայքարի ջատագով դառնա: Նույն մասնագիտությունն է ընտրել և նույն ոգով դաստիարակվել դուստրս: Ուսանող որդիս էլ այսօր հայրենիքի սուրբ հողի պաշտպանների շարքում է: Հպարտ եմ իմ ընտանիքով, զավակներով: Դա ինձ ուժ է տալիս ու վստահություն: Երբեք չեմ մոռանա այն զգացողությունը, երբ հանրապետության նախագահի ձեռքից ստանում էինք «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի պարգևները: Փորձելու եմ ուժերիս ներածի չափով նպաստել համայնքում մասսայական սպորտի զարգացմանը, մարզական ավանդույթների վերականգնմանը: Մասսայական սպորտի դերը կարևորում եմ որպես սահմանային համայնքի ղեկավար, այն դիտում եմ «Ազգ-բանակ» համատեքստում:

- Իհարկե, կարևոր է ավանդույթների վերականգնումը: Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք` կապված պատմամշակութային արժեքների պահպանման և մշակութային կյանքի աշխուժացման ասպարեզում:

- Լոռին, այդ թվում նաև մեր խոշորացված համայնքը, բնորոշվում է որպես թանգարան բաց երկնքի տակ: Պարտավոր ենք գալիք սերունդների համար պահպանել մեր պատմամշակութային գանձերը: Փորձելու ենք ավելի գրավիչ դարձնել ավանդական «Թատերական Լոռի» փառատոն, «Ալավերդու օր», «Մետալուրգի օր» միջոցառումները: Դրանք կամա թե ակամա ընդարձակելու են իրենց շրջանակները: Ուժեղացնելով ուշադրությունը բնապահպանական խնդիրներին` փորձելու ենք համայնքը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար: Գուցե իրոք արվեստը հայրենիք չունի, բայց հայրենիքը կամ համայնքը պետք է արվեստ ունենա: Ես ինձ կրթության ոլորտի մարդ եմ համարում: Իմ պատշաճ աջակցությունը կունենան համայնքի դպրոցները, նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկները: Անպայման հնարավորություններս ծառայեցնելու եմ նաև մյուս բնակավայրերին: Կարևորելով նախադպրոցական դաստիարակության դերը` նախատեսում եմ ծրագրային ներդրումների հաշվին հատուկ կրթադաստիարակչական հիմնարկներ բացել գյուղերում, որտեղ նախադպրոցական հիմնարկներ չկան: Ես լուրջ դերակատարություն եմ ուզում վերապահել առաջիկայում Ալավերդում բացվելիք հատուկ կարիքավոր երեխաների հետազոտման և ցերեկային խնամքի կենտրոնին: Չեմ ուզում գերագնահատել կանանց դերակատարությունը համայնքի տնտեսական, հասարակական, քաղաքական կյանքում: Աշխատելու եմ աջակցել նրանց նախաձեռնություններին, օգտագործել կանանց ներուժը: Գովելի է, որ համայնքի ավագանու 19 թեկնածուներից երեքը կին են:

- Հարգելի Խեչումյան, Դուք կարևորեցիք համագործակցված աշխատանքը պղնձաձուլական գործարանի և բիզնես սեկտորի այլ օղակների հետ: Իսկ ի՞նչ կլինի քաղաքի այցեքարտերից մեկի՝ ճոպանուղու ճակատագիրը: Գաղտնիք չէ նաև, որ համայնքում անգործության են մատնված սեփականաշնորհված շատ տարածքներ և շինություններ, այդ թվում և գյուղական բնակավայրերում: Ո՞րն է ելքը:

- Կդժվարանամ կոնկրետ պատասխանել: Շատ բան սահմանված է գործող օրենսդրությամբ: Նպատակադրված եմ կոնկրետ աշխատել սեփականատերերի հետ: Ինչ վերաբերում է ճոպանուղուն, ապա կարևորում եմ նրա աշխատանքը, բայց ճոպանուղու անխափան ու տեխնիկական անվտանգ աշխատանքն ապահովելու խնդիր կա, կփորձեմ սեփականատիրոջ հետ լուծել այն: Իսկ գուցե հարկ լինի նոր ներդրողներ ներգրավել ճոպանուղու շահագործման բիզնես ծրագրում:

- Ձեզ հետ գոնե մեկ բառ փոխանակած որևէ անձ Ձեզ փառասիրության մեջ չի մեղադրի: Այնուամենայնիվ, փորձեք որակել, փառասիրությունը արա՞տ է, թե՞…

- Փառասիրությունը գուցե արատ է, բայց կարծում եմ, որ այն նաև բարեգործությունների և ձգտումների աղբյուր է: Ուզում եմ ՏԻՄ ընտրություններում ամենուր հաղթեն նրանք, որոնց փառասիրությունն արատ չէ, այլ բարեգործությունների և առաջընթացի աղբյուր: Կրկնում եմ՝ այս երկիրը բոլորիս տունն է:

- Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմադիր կարծիքներին կամ քննադատությանը:

- Համայնքի շահերին միտված որևէ առաջարկություն չեմ անտեսելու: Բանավեճից և ընդդիմադիր կարծիքներից ամենևին չեմ խորշում: Առողջ քննադատությունն առաջիկա ծրագրերի և բարեփոխումների լուրջ խթան է: Չեմ ընդունում նրանց, ովքեր չափն անցնում են և քննադատությունը շփոթում անձնական վիրավորանքի և գռեհկաբանության հետ:

- Նաև անձնական օրինակով կարող եմ հավաստել, որ Դուք երբեք չեք լքել տարբեր Ձեր ընկերներին:

- Մարդը պետք է կարողանա ուղիղ նայել դիմացինի աչքերին: Ոչ միայն ընկերների, այլև բոլորի, մանավանդ որ նա քո ընտրողն է, վստահել ու քվե է տվել քեզ: Նոյեմբերի 5-ը մոտ է, բայց գալու են, չէ՞, նաև 6-ը, 7-ը:

- Մի քանի հարց էլ հետաքրքրասերների համար. քաղաքական գործչի Ձեր իդեալը:

- Նժդեհ:

- Սիրած գրողը:

- Կարծում եմ՝ Հովհաննես Թումանյանն ուղղակի մրցակցությունից դուրս է: Սիրով եմ կարդում Պարույր Սևակ, Դոստոևսկի:

- Սիրած դերասանը:

- Մհեր Մկրտչյան:

- Դերասանուհին:

- Գալյա Նովենց:

- Քո ամենաուրախ օրը:

- Մեկը դժվարանում եմ զատել: Ուրախ օրեր եղել են: Ամենաուրախը համարում եմ զավակներիս ծննդյան օրերը:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ափսոսում եմ բոլոր այն չարված բարի գործերի համար, ինչի հնարավորությունը ունեցել եմ: Իսկ ավելի կոնկրետ` ափսոսում եմ, որ քիչ երեխաներ ունեմ:

- Դե ինչ, պարոն Խեչումյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ու անկեղծ զրույցի համար: Ձեզ և համայնքի ավագանու թեկնածուներին հաջողություններ եմ մաղթում ընտրություններում և առհասարակ կյանքում: Որպես ավարտ թող հնչի Ձեր խոսքը՝ հասցեագրված ընտրողին:

- Շնորհակալ եմ խոհերս ընտրողների հետ կիսելու հնարավորության համար: Դիմելով նրանց՝ ասում եմ՝ ես ձեզնից մեկն եմ, գալիս եմ աշխատելու հանուն համայնքի ներդաշնակ զարգացման: Համոզված լինելով, որ ոչ մեկս հուսախաբ չենք լինելու, խոստանում եմ հավատարիմ մնալ ազնվության ու նվիրվածության իմ սկզբունքներին և դառնալ ՀՀ Սահմանադրության անվերապահ կենսագործման երաշխավորը խոշորացված համայնքում:

Հարցազրույցը՝ ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆԻ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: