Հայերեն   English   Русский  

«Երկիր ծիրանի»-ի պատկերացումները ազգային քաղաքական անկախության վերականգնման վերաբերյալ


  
դիտումներ: 597

Ազգային քաղաքական անկախության երկու կարևոր բաղադրիչները` ազգի մանդատը պետականության նկատմամբ և այդ պետականությունում ազգային քաղաքականություն իրականացնելը դարեր շարունակ հայ ազգի համար մնացել է անհասանելի:

Հայ ազգի մանդատի վերականգնումը իր պատմական հայրենիքում պետականության նկատմամբ և իր պետականությունում ազգային քաղաքականություն իրականացնելը հայ ազգի քաղաքական օրակարգի կարևոր բաղկացուցիչն են:

Ուղիների փնտրտուքում, թե ինչպես կարելի է լիովին վերականգնել կորցրած ազգային քաղաքական անկախությունը, դառնալ ազգային, անկախ և ազատ պետականության քաղաքացի, անհրաժեշտ է գնալ հայ ազգի պատմության խորք` գնահատել 1045 թվականից հայոց պետականության անկման պատճառները և, որպես արդի անդրսահմանային ազգ, մշակել այնպիսի քաղաքական ուղեգիծ և շարժում, որոնք հիմք կդառնան իրական ազգային և անկախ պետականության ստեղծման համար: Պետականություն, որտեղ մարդն ազատ է, իրավատեր և արժանապատիվ:

Երկար ժամանակ չունենալով քաղաքական անկախություն, մենք` որպես ազգ, կորցրել ենք նաև բարօր, արժանավայել ապրելու հնարավորությունը, չնայած հազարամյա մեր մշակույթով և քաղաքական պատվախնդրությամբ ստեղծել էինք ուրույն քաղաքակրթություն:

Լուսավորականությունը և ինդուստրիալ հասարակությանը բնորոշ գործընթացները հայ ազգը չդիմավորեց կազմակերպված քաղաքական հայտի ներքո:

Այսօր էլ մեր ազգի քաղաքական կազմակերպվածությունն ու քաղաքական հայտը լիովին ձևավորված չեն, և այդ բացը անհրաժեշտ է լրացնել հաստատակամությամբ:

«Երկիր Ծիրանի»-ն պատրաստվում է հետինդուստրիալ, գլոբալացված, թվային հասարակությունում նոր աշխարհաքաղաքական կարգի ձևավորումը դիմավորել կազմակերպված, անդրսահմանային հայ ազգի քաղաքական հայտով` ազգային, քաղաքական և միասնական պատասխանատվության գիտակցմամբ, ազգային զինված ուժերով և առաջադիմական կրթությամբ ընտրանիով:

Մեր գաղափարներն ու քաղաքական հայացքները բխում են ազատատենչ մեր նախնիների փորձից և նրանց պետաիրավական մտքի զինանոցից: Հայ ազգը քաղաքական իր անկախությունից զրկվելուց հետո` 18-րդ, 19-րդ և 20-րդ դարերում չկարողացավ համընթաց քայլել աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներին՝ լուսավորական շարժում, ֆրանսիական հեղափոխություն, Առաջին համաշխարհային պատերազմ, կայսրությունների փլուզում և այլն: Բուն Հայաստանում հնարավորություն չեղավ ստեղծելու քաղաքական ու իրավական մտքի հարթակներ և դրանց ցանցի վրա հիմնելու դպրոցներ:

Չնայած այս հանգամանքին՝ հայոց քաղաքական, պետական և իրավական արդի գաղափարը ձևավորվեց Հայաստանից դուրս` հայկական գաղութներում: Ամենանշանավորը Մադրասի հայրենասիրական խմբակի գործունեությունն էր, որը մեզ փոխանցեց հայ քաղաքական և իրավական մտքի այնպիսի հրաշալի գործեր, ինչպիսիք են Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»-ը, Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ Փառաց»-ը և «Նշաւակը»: Ընդ որում` «Որոգայթ փառացը» (1773թ.) աշխարհում Սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն էր։

Մադրասյան հայրենասիրական խմբակն իր գործունեությամբ առաջին անգամ ժամանակակից հայ ազգի քաղաքական օրակարգ մտցրեց միաժամանակ ազատականության, ազգային ազատագրության, աշխարհիկ իրավաբանության և լուսավորականության սկզբունքների վրա հիմնված գաղափարախոսություն: Մովսես Բաղրամյանի, Շահամիր Շահամիրյանի, Հովսեփ Էմինի և այլոց առաջադիմական գաղափարները, որոնք հետագայում զարգացում ու տարածում ստացան Րաֆֆիի, Միքայել Նալբանդյանի, Լեոյի, Ռաֆայել Պատկանյանի, նշանավոր մեր մյուս մտավորականների, ազգային գործիչների կողմից, մեզ համար դարձան ուղենիշ:

Ազգային քաղաքական փիլիսոփայության և ազատականության հիման վրա քաղաքական դպրոցների ու կազմակերպությունների գրեթե բացակայությունն իրեն զգալ տվեց ազգային անկախության հռչակման ժամանակ` և´ 1918-ին, և´ 1991-ին, ինչն էլ, իր հերթին, բացասական դեր խաղաց հայրենի բնօրրանի ու տարածքների կորստի, արդի հայկական պետականության քաղաքական անկախության և ժողովրդավարության չկայացման գործում:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ներկայիս քաղաքացիական հասարակությունների հաջողությունների հիմքում ընկած են իրավունքի գերակայության, իշխանությունների տարանջատման, դրանց` իրարից անկախ գործելու, միմյանց հակակշռելու ու զսպելու սկզբունքները, ազատ, հավասար պայմաններում ընտրելու և ընտրվելու երաշխիքները, քաղաքական կյանքում կանանց լիարժեք ներգրավվածության ապահովումը: Այս ամենի առանցքային խարիսխը քաղաքացու իրավունքն է: Այն ազգերը, որոնք կարողացել են իրենց կյանքը կառուցել վերոնշյալ հիմունքներով, գնահատել ու տարածել իրավունքի գերակայության մշակույթը` ստեղծել են ուժեղ, ազգային և մրցունակ պետություն ու հասարակություն:

Մեր սկզբունքները, գաղափարախոսությունը և ծրագիրը ընդունում ու ճանաչում են հետևյալ հիմնադրույթները.

  • Մենք համոզված ենք` իդեալական քաղաքական կառավարում տեղի է ունենում այն դեպքում, երբ կա հանրային պայմանագիր, որն ապահովում է իշխանության ճյուղերի անկախությունը, նրանց միջև առկա հակակշիռների և զսպումների քաղաքական կառուցակարգը, որն իրականացնում է ազգային շահից բխող և մարդու հիմնարար իրավունքները հարգող գործառույթներ:
  • Մենք առաջնորդվում ենք քաղաքական փիլիսոփայության այն սկզբունքով, որ հայ հասարակությունը, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ապրում, գործոն և ուժ է, երբ մասնակցում է իր ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին` ազգային քաղաքական հայեցակարգի կենսակոչմանը, քաղաքական վերնախավի ստեղծմանը, կառավարման մարմինների ձևավորմանը և քաղաքական որոշումների կայացմանը:
  • Մենք գտնում ենք, որ ժամանակակից հայ ազգը պետք է ապրի ինքնուրույն՝ ապավինելով իր ուժին, որի երաշխիքն անկախ, ազգային և ժողովրդավար պետականությունն է սեփական` հայրենի բնօրրանում:
  • Մենք ճանաչում ենք անդրսահմանային հայ ազգի քաղաքական իրավունքները հայոց արդի պետական կառավարման մեջ:
  • Մենք դիտարկում ենք ներկայիս հայկական պետականության՝ հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որպես հայ ազգի տարածքային ու մարդկային կորուստների վերականգնման և նրա երջանիկ ապրելու քաղաքական հայտի հիմք, որը ստանձնում է համահայկական քաղաքական կենտրոնի դեր և շաղկապում տարբեր պետություններում ապրող հայ ազգի հատվածներին:
  • Նախքան հայոց տարածքային ամբողջականության վերականգնումը Հայկական բարձրավանդակում ու նրա հարակից տարածքներում՝ հայկական պետականությունը կազմված է Արցախի և Հայաստանի ներկայիս տարածքներում ձևավորված պետություններից, որոնք ունեն մեկ դրամական միավոր, միացյալ ազգային զինված ուժեր, հանրային իշխանության ձևավորման մեկ միասնական համակարգ և մեկ քաղաքացիություն ու բազմաքաղաքացիություն:
  • Մենք կրում ենք սոցիալական ազատական գաղափարախոսություն:
  • Մենք ջատագովն ենք սոցիալական ազատական տնտեսության, որտեղ բացառված են մենաշնորհները:
  • Մենք հրատապ անհրաժեշտություն ենք համարում գաղտնազերծման անցկացումը, որը վերաբերում է 1991 թվականից մինչ օրս գործող ավտորիտար վարչակարգի ներկայացուցիչներին, ովքեր ներգրավված են եղել մարդու իրավունքները ոտնահարող գործողությունների մեջ, զավթել են իշխանությունը, ապօրինաբար հարստացել ու կապ են ունեցել և համագործակցել օտար երկրների հատուկ ծառայությունների հետ:
  • Մենք դատապարտում ենք ներկայիս հայկական պետականության` 1991 թվականից առ այսօր գործող ավտորիտար վարչակարգը և հաստատում, որ այդ վարչակարգի քաղաքական որոշումներ կայացնող անձինք և բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել մարդու իրավունքների ոտնահարման հետ, զավթել են իշխանությունը, ապօրինի հարստացել և ծառայություն են մատուցել օտար երկրների հատուկ կառույցներին, չեն կարող քաղաքական ընտրանու մաս կազմել:
  • Մենք բանեցնելու ենք դիվանագիտություն, փնտրելու և ձեռք ենք բերելու գործընկերներ հնարավոր բոլոր պետություններում` հանուն մեր ազգային շահի:
  • Մենք հատուկ ուշադրություն և հատուկ վերաբերմունք ունենք բոլոր այն պետությունների նկատմամբ, որտեղ կան հայահոծ համայնքներ և համարում ենք, որ այդպիսի ցանկացած պետության հանդեպ պետք է վարել յուրահատուկ քաղաքականություն՝ ի շահ անդրսահմանային հայ ազգի:
  • Մենք գերակա ենք համարում հակամարտությունների կարգավորումը դիվանագիտական եղանակով, խաղաղ ճանապարհով, սակայն, միևնույն ժամանակ, մեր դեմ տեղի ունեցող հարձակումը դիտարկում ենք որպես բարբարոսություն և մեր սրբազան պարտքն ենք համարում բոլոր միջոցներով պաշտպանել մեր հայրենիքը:
  • Հայրենիքի անվտանգության ապահովումը հայկական ազգային զինված ուժերի բացառիկ մենաշնորհն է:




  • Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: