Հայերեն   English   Русский  

​«Այբ»-ը գալիս է փրկելո՞ւ, թե՞ կործանելու Հայաստանի կրթական համակարգը


  
դիտումներ: 61405

Մարդկային կապիտալը Հայաստանի մրցունակության գլխավոր գործոններից է, իսկ հանրակրթությունը՝ նման արդյունավետ ու մրցունակ կապիտալ ստեղծելու հիմքն ու նախապայմանը:

Այս գաղափարախոսությամբ է «Այբ» կրթական հիմնադրամը նախաձեռնել Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի հիմնական գործիքը Արարատյան բակալավրիատն է՝ միջազգայնորեն ճանաչված գերազանցության հարթակի ստեղծումը, ինչպես, ասենք, Քեմբրիջի Ա մակարդակն ու Միջազգային բակալավրիատը:

Ծրագրի հիմնական նպատակներն են բացահայտել և խրախուսել լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսուցիչներին, Հայաստանում լավագույն մարդկային ռեսուրսն ուղղորդել դեպի դպրոց, դպրոցներում ներդնել առարկայական և դասավանդման բարձրակարգ մեթոդներ, աջակցել և խթանել դպրոցների ինստիտուցիոնալ զարգացմանը:

Ծրագիրը, ինչ խոսք, բավականին հավակնոտ է, չնայած, ինչպես «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն է ասում, առանց մեծ հավակնությունների ոչ մի գաղափար կյանքի կոչել հնարավոր չէ:

Մինչև 2016 թվականը նախատեսվում է իրականացնել 2 հիմնական աշխատանք՝ Քեմբրիջի համալսարանի հետ համատեղ վերամշակել ու զարգացնել այն ուսումնական ծրագրերը, որոնք արդեն մշակել է «Այբ»-ը, և դրանք միջազգայնորեն գրանցել, դրան զուգահեռ մշակել ուսուցիչների վերապատրաստման ծրագիր՝ սահմանելով հստակ չափանիշներ, ժամկետներ, մեթոդաբանություն, ինչպես նաև իրականացնել ուսուցիչների հավաստագրումը:

2016-ից հետո` մինչև 2019 թվականը, նախատեսվում է ծրագիրը ներդնել 12 ավագ դպրոցում և վերապատրաստել ու հավաստագրել 500 ուսուցչի:

Այս պահին ծրագիրը հանրային քննարկումների փուլում է:

Քննարկում Հանրային խորհրդում

Դեկտեմբերի 9-ին Դավիթ Սահակյանը ծրագիրը ներկայացրել է նաև Հանրային խորհրդում և պարզաբանել, թե հատկապես ինչու է ծրագրի հիմքում դրվել «Այբ»-ի մոդելը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ կրթության ոլորտում լոկոմոտիվ դառնալու ցանկությունը դրական է, և պետությունը պետք է աջակցի, եթե իսկապես շատ մանրամասն ուսումնասիրվել են բոլոր հնարավորությունները և ապացուցվել, որ հենց այդ մոդելի միջոցով պետք է բարելավել կրթական համակարգը: «Բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ պետությունը լուրջ փորձաքննություն չի արել»,- նկատում է նա:

ՀԽ նախագահը բարձր է գնահատում այն, որ նախաձեռնության հեղինակները մեծ խանդավառությամբ են նվիրվել իրենց գաղափարին, դա չեն դիտարկում որպես բիզնես և ուզում են Հայաստանում փոխել կրթության որակը, բայց նա ծրագրի իրականացման գործում մի շարք հարցականներ է տեսնում և կարծում է, որ այն մասնագիտական լուրջ քննարկումների կարիք ունի, որից հետո միայն հնարավոր կլինի վերջնական գնահատական տալ:

Հանրային խորհրդում տեղի ունեցած քննարկմանը Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ կրթական ոլորտում պետք է լուծել երկու հիմնական խնդիր. առաջին՝ բարձրացնել ողջ կրթական համակարգի որակը, երկրորդ՝ ստեղծել կրթական մի մոդել, որը թելադրված չէ դրսից և կարող է առաջատար օրինակ դառնալ ու տարածվել ողջ կրթական համակարգում՝ ապահովելով նաև շրջանավարտների ինտեգրումը միջազգային կրթական ծրագրերին և միաժամանակ դաստիարակելով ազգային մտածելակերպով ու ազգային արժեհամակարգով քաղաքացիներ:

Քննարկումը, որին մասնակցել են ոչ միայն խորհրդի ներկայացուցիչներ, այլև հեղինակավոր մասնավոր դպրոցների ղեկավարներ, կրթության ոլորտի մասնագետներ, բավականին բուռն է անցել: Բանն այն է, որ մասնակիցներից ոմանք վերապահումով են մոտեցել «Այբ»-ի մոդելը ազգային ծրագիր դարձնելու գաղափարին: Օրինակ` ՀԽ կրթության և գիտության ենթահանձնաժողովի նախագահ Կարինե Թումանյանը նշում է, որ այն չափանիշներին, որոնցով աշակերտներն ընդունվում են «Այբ», կարող է բավարարել Հայաստանի դպրոցականների չնչին մասը, իսկ դա նշանակում է, որ ծրագիրը հնարավոր չէ իրականացնել ողջ երկրում, ուստի այն ազգային համարել չի կարելի:

«Ազգային ծրագիր» ձևակերպումն անհաջող է համարում նաև «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը. «Կարծում եմ՝ դա պետք է փոխվի, իսկ ընդհանուր առմամբ, գաղափարը նորմալ եմ համարում: Թող ներդնեն մի քանի դպրոցներում, տեսնեն՝ ինչ հաջողություն է գրանցվում»:

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը համաձայն չէ ոչ միայն անվանը, այլև ընդհանրապես այդ ծրագրին: Նա կարծում է, որ այսօր Հայաստանը կրթական հիանալի ծրագիր ունի, և մեկ այլ մոդել ներդնելու անհրաժեշտություն չկա:

Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «Այբ»-ի ներկայացրած ծրագրում որևէ հիմնավորում չկա, թե ինչու են ուզում որևէ բան փոխել Հայաստանի կրթական համակարգում: «Բերում են Սինգապուրի օրինակը, բայց այդ նույն Սինգապուրում պետական մակարդակով հատուկ հանձնաժողով ստեղծվեց, որը 6 տարի անընդմեջ ուսումնասիրեց ու վերլուծեց, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն, որից հետո նրանք ստեղծեցին երկրի առաջընթացն ապահովող մի հրաշալի կրթական ծրագիր»:

Ալիխանյանը չի ընդունում, որ մի խումբ մարդիկ, որոնք մի քանի տարի է, ինչ դպրոց են հիմնել, որը, հայտնի չէ՝ իրեն արդարացրել է, թե ոչ, Հայաստանի կրթական համակարգը չուսումնասիրած, կարծում են, որ իրենց դպրոցի օրինակով կարելի է Հայաստանի ողջ կրթական համակարգը փոխել:

«Ես հայտարարում եմ՝ մեր կրթական ծրագիրը, մեր պետական չափորոշիչները, մեր կրթակարգը հիանալի են, ուղղակի կատարող չկա: Ոչ թե կրթական ծրագիրը պետք է փոխվի, այլ` մոտեցումները: Մենք լուրջ մասնագետներ ունենք և կարող ենք սեփական ուժերով էլ շատ լավ վերապատրաստել մեր ուսուցիչներին, բայց մեկ է՝ դրանից ոչինչ չի փոխվի, եթե պայմաններ չստեղծվեն ուսուցչի համար: Իսկ պայմանը աշխատավարձը չէ, պայմաններից մեկը միջին դպրոցի փրկությունն է: Ուժեղ ավագ դպրոց ունենալու համար նախ պետք է ուժեղ միջին դպրոց ունենալ: Եկեք նախ միջին դպրոցը փրկենք»,- ասում է Ալիխանյանը:

Նա կարծում է, որ «Այբ»-ի ներկայացրած ծրագիրը պետական մակարդակով նման ոգևորությամբ ընդունելը չափազանց սխալ է նաև այն պատճառով, որ դրանով պետությունը փաստում է մինչ օրս իրականացվող ծրագրերի սխալ լինելը, իսկ եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ պատասխանատվություն կրողներ չկան:

«Այբ»-ի նպատակները մեծ են և տեսականորեն կարող են հայաստանյան կրթական համակարգն արմատական բարեփոխումների տանել, բայց ոլորտին քաջատեղյակ մարդիկ նաև հասկանում են, որ մինչև պետական մակարդակով ոգևորվելն ու դրա առաջ կանաչ լույս վառելը պետությունը պարտավոր է ծանրութեթև անել բոլոր տեսակետներն ու ամենակարևորը՝ անցկացնել լուրջ փորձագիտական ուսումնասիրություն: Չէ՞ որ անկախությունից ի վեր փորձադաշտի վերածված հայաստանյան կրթական համակարգում ևս մեկ անհաջող փորձը կարող է կործանարար լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: