Հայերեն   English   Русский  

​Հայաստանի թհեքվանդոյիստները փորձելու են օլիմպիական խաղերի երկու ուղեգրի տիրանալ


  
դիտումներ: 1491

Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունն արդեն էլեկտրոնային սենսորային սարքավորումներ ունի և դրանց օգնությամբ հնարավոր է բարձր մակարդակով մարզումներ կազմակերպել ու մրցումներ անցկացնել:

- Ստացել ենք մեկական զույգ 2-րդ և 3-րդ համարի հանդերձանք, «մայր» կենտրոնը, մրցավարական հեռակառավարման վահանակները: 2,5 մլն դրամ է ծախսվել: Առաջիկայում կգնվի նաև 1-ին և 4-րդ համարի հանդերձանք: Սարքերն արդեն փորձարկվել են: Վերջերս անցկացվեցին Հայաստանի մեծահասակների և մինչև 15 տարեկանների առաջնությունները, արդյունքը գոհացնում է: Կարևորն այն է, որ սարքերի հիմնական մասը գնվել է: Այդ ամենն արվել է Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գրիգորյանի աջակցությամբ: Նորընտիր ղեկավարը եռանդուն գործունեություն է սկսել և պատրաստակամություն է հայտնել առաջիկայում կարգավորելու բոլոր խնդիրները: Նախկին նախագահը ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Խաչիկ Մկրտչյանն էր: Նա երկու տարի գլխավորեց ֆեդերացիան, սակայն ծանրաբեռնված աշխատանքի պատճառով նոյեմբերին հայտնեց, որ ցանկանում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

- Ինչպե՞ս անցավ էլեկտրոնային նոր սարքավորումների փորձարկումը:

- Դժվար էր, որովհետև մեզ համար այդ ամենն անծանոթ էր: Հայաստանի առաջնությունում հանդես էին գալիս նաև արտասահմանում բնակվող և մարզվող մեր հայրենակիցները: Նրանք շատ օգնեցին սարքերը գործի դնելու հարցում: Ընդ որում, Հայաստանի մեծահասակների առաջնությանը մասնակցում էին մեր բոլոր ուժեղագույնները: Բացառություն էր միայն ամենատիտղոսակիր մարզիկը` Եվրոպայի չեմպիոն, 80 կգ քաշային Արման Երեմյանը, որը վնասվածքից հետո լիովին չի ապաքինվել: 58 կգ քաշային Գուրգեն Հարությունյանն անգամ, որը բնակվում և մարզվում է Մոսկվայում, եկել էր և մասնակցեց առաջնությանը: Մեր նպատակն է, որ ուժեղագույն մարզիկներին նախապատրաստենք օլիմպիական խաղերի համար վարկանիշային միջազգային մրցաշարերին: Այդ է պատճառը, որ դեկտեմբերին Երեմյանը և 58 կգ քաշային Հայկազ Սամվելյանն Իրանում ուսումնամարզական հավաք և ստուգողական հանդիպումներ կանցկացնեն: Թեհրանում թհեքվանդոյի խոշոր կենտրոն է գործում, որտեղ նպատակային պարապմունքներ անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները:

- Օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելու համար ի՞նչ պետք է արվի:

- Բանն այն է, որ ամեն երկիր երկու մարզիկ կարող է ներկայացնել վարկանիշային մրցումներում: Օլիմպիական են 4 քաշային կարգեր` 58 կգ, 68 կգ, 80 կգ, +80 կգ: Մեր ամենաուժեղ թհեքվանդոյիստները Երեմյամը և Սամվելյանն են: Ուստի հենց նրանց նախապատրաստությունից էլ սկսելու ենք: Հետո կզբաղվենք նաև օլիմպիական մյուս երկու քաշային կարգերի թհեքվանդոյիստների խնդիրներով: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կարող ենք երկու մարզիկ ներկայացնել: Տարածաշրջանի վարկանիշային ստուգատեսում` Եվրոպայի առաջնությունում, դարձյալ մեր հայեցողությամբ կարող ենք երկու մարզիկ ներկայացնել: Այնպես որ այդ մրցումներում Հայաստանից կարող են մարզիկներ հանդես գալ տարբեր քաշային կարգերում: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում էլ առաջադրանքը կատարած կհամարի այն մարզիկը, որը մրցանակակիր կդառնա:

- 2016-ի օլիմպիական խաղերի քանի՞ ուղեգիր է նախատեսվում նվաճել:

- Եթե երկու մասնակից ունենանք, ապա փայլուն արդյունք կհամարվի:

- Ֆինանսների պակասի հետ կապված խնդիրներ կա՞ն:

- Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան պետությունից տարեկան աջակցության կարգով 18 մլն դրամ է ստանում, որը շատ քիչ է նախատեսված ծրագրերն իրականացնելու համար: Սակայն տրտնջալ չենք սիրում, ըմբռնումով ենք մոտենում ստեղծված իրավիճակին: Օրինակ` մեր առաջատար մարզիկին` Երեմյանին, «Գրան պրի» մրցաշարերի գործուղելու համար կարիք է լինում ծախսելու այդ գումարի շուրջ 60 տոկոսը: Եթե ամբողջը միայն մեկ մարզիկի համար ծախսենք, մյուս թհեքվանդոյիստների մրցումների մասնակցելու համար փող չի մնա: Հայաստանի առաջնությունները ևս առանց ֆինանսների կմնան:

- Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահն ի՞նչ է ձեռնարկել այդ բացը լրացնելու համար:

- Արդեն զգալի աշխատանք կատարվել է: Էլեկտրոնային սենսորային սարքավորումների բացակայությունը երկար ժամանակ խանգարում էր աշխատանքի կազմակերպմանը, արդեն այդ խնդիրը չունենք:

- 2015-ին որտե՞ղ են կայանալու ներկայացուցչական ստուգատեսները:

- Աշխարհի առաջնությունն անցկացվելու է մայիսին Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում: Թհեքվանդոյում, որպես կանոն, այն տարին, երբ աշխարհի առաջնություն է կազմակերպվում, չի անցկացվում Եվրոպայի առաջնություն, և հակառակը: Սակայն 2015-ի ապրիլին Նալչիկում կայանալու է Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ օլիմպիական վարկանշային մրցաշար: Հանդես են գալու միայն օլիմպիական քաշային կարգերի մարզիկները: Ինչպես արդեն նշել ենք, վարկանիշային է լինելու նաև 2016-ի Եվրոպայի առաջնությունը:

- 2014-ին մերոնց ցույց տված արդյունքներից գո՞հ եք:

- Այս տարի մինչև 15 տարեկան թհեքվանդոյիստների աշխարհի առաջնությունը և մեծահասակների Եվրոպայի առաջնությունն անցկացվեցին Բաքվում, բաց թողեցինք այդ մեկնարկները: Այժմ սերնդափոխություն է կատարվում, հուսադրող երիտասարդական հավաքական ունենք: Այն իրեն լավագույնս դրսևորեց գարնանը Իրանում անցկացված միջազգային մրցաշարում: Մերոնք տիրացան բրոնզե երկու մեդալի:

Արման Երեմյանը մտադիր չէ ամեն բան թողնել վերջին հույսին

Հայաստանի առաջատար թհեքվանդոյիստ Արման Երեմյանին հարցրինք, թե ներկայումս իրեն ինչպես է զգում, լիովին ապաքինե՞լ է վնասվածքը, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի.

- Ձախ ձեռքս էր կոտրվել, այժմ վնասվածքն ապաքինել եմ, ամեն բան կարգին է: Հայաստանի առաջնությանը մասնակցելը խնդիր չէր, պարզապես իմ քաշային կարգում լուրջ մրցակիցներ չկան: Այդ է պատճառը, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ինձ ազատել էր այդ ստուգատեսին մասնակցելու պարտականությունից: Հունվարից պետք է միջազգային վարկանիշային մրցաշարերի մասնակցեմ: 2014-ին առաջընթաց եմ ունեցել, բարելավել եմ վարկանիշս, սակայն դա բավարար չէ: 2015-ին ավելի շատ «Գրան պրի» մրցաշարերի պետք է մասնակցեմ: Նալչիկում կայանալիք Եվրոպայի ուժեղագույնների մրցաշարին և աշխարհի առաջնությանը կփորձեմ ներկայանալ լավ մարզավիճակում և վարկանիշային միավորների հուսալի պաշար ձեռք բերել: Ցանկալի չէ ամեն ինչ թողնել վերջին հույսին: Հնարավոր է` 2016-ին Եվրոպայի առաջնությունը ևս Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվի ու կրկին հանդես չգամ: Իսկ առաջիկայում ծանրաբեռնված մարզումներ և ստուգողական հանդիպումներ եմ անցկացնելու Իրանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: