Հայերեն   English   Русский  

​Սա բանակում սոցիալական հավասարություն ապահովելու մի ճանապարհ է. ուսանողը՝ աղմկահարույց օրինագծի մասին


  
դիտումներ: 2401

«Բանակում դառնում ես նպատակասլաց, սովորում ես պատասխանատվություն կրել»,- ասում է Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավաբանություն» ուղղվածության երկրորդ կուրսի ուսանող Հրանտ Սարկիսովը՝

հավելելով, որ բանակում ծառայությունը միայն դրական է ազդում կրթական գործընթացի վրա։ 21-ամյա Հրանտը բանակ է զորակոչվել 2014-ի ամռանը՝ բուհական քննությունները հանձնելուց անմիջապես հետո։ Ծառայել է Արցախում՝ Թալիշում, մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ Բանակից զորացրվել է ավագ սերժանտի կոչումով, պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի շնորհակալագրերով և «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով։

Զորացրվելուց հետո Հրանտը շարունակել է, ավելի ճիշտ՝ սկսել է ուսումը Հայ-ռուսական համալսարանում։

Հրանտը նշում է՝ եթե բանակ գնալուց առաջ պարզապես ուզում էր իրավաբան դառնալ, չգիտեր, թե ինչու, ինչ է դա իրեն տալու, որ ճյուղում է մասնագիտանալու, ապա վերադառնալուց հետո հստակ գիտի՝ քրեական իրավունքի մասնագետ է դառնալու, իսկ ավարտելուց հետո կարիերան պատկերացնում է որպես քննիչ, դատախազ, դատավոր։ Բանակում են ձևավորվել նաև նրա քաղաքական հայացքները, աշխարհայացքը, ինչպես նաև երազանքը, որը հաստատակամ որոշման է վերածվել՝ դառնալ Հայաստանի ապագա վարչապետը։

Ասում է, որ բանակում ծառայելու երկու տարին օգտագործել է կյանքը պլանավորելու համար, իսկ քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո ձեռնամուխ է եղել պլանների իրագործմանը։

Չնայած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին դեմ արտահայտվողները որպես հիմնավորում նշում են, որ ծառայության հետևանքով կնվազի սովորելու մոտիվացիան, Հրանտն իր օրինակով հակառակն է փաստում։

Պատմում է, որ սկզբում, երբ դեռ ամբողջությամբ չէր վերաինտեգրվել քաղաքացիական կյանքին, իր սովորելը համեմատում էր համակուրսեցիների սովորելու հետ, որոնք դպրոցից էին բուհ եկել։ Ու դիտարկումների շնորհիվ համոզվում է, որ նրանց շատ բաներ ավելի դժվարությամբ էին հաջողվում, նրանց համար ուսումնական գործընթացն ավելի բարդ էր։

«Հենց առաջին կիսամյակում երկու բարդ քննություն ունեինք, երկուսից էլ հնարավոր 100-ից 98 եմ ստացել, մինչդեռ շատ ուսանողներ, որոնք դպրոցից հետո էին բուհ եկել, որոնց կրթական գործընթացը չէր ընդհատվել, ստիպված եղան վերահանձնել»,- ասում է Հրանտը։

Եթե ուսումնառության առաջին կիսամյակում Հրանտն ուսման վարձի 100 տոկոս զեղչ է ստանում որպես ապրիլյան պատերազմի մասնակից, ապա հետագայում գերազանց առաջադիմության համար անվճար համակարգ է տեղափոխվում։

Նա նաև ընտրվում է Իրավունքի ու քաղաքականության ինստիտուտի ուսխորհրդի փոխնախագահ, այնուհետև՝ ուսանողական գիտական ընկերության փոխնախագահ, վերջերս էլ ընտրվել է համալսարանի գիտխորհրդի անդամ։

«Ինձ ոչինչ չի խանգարում։ Ամեն ինչ մարդուց է կախված՝ մարդ կարող է չծառայել ու նաև չանել այն ամենը, ինչ ես եմ անում»,- ասում է նա։

Հրանտը վստահ է՝ շատ բան կախված է ընտանիքից ու շրջապատից։ Եթե ընտանիքում երեխայի մեջ համապատասխան վերաբերմունք ձևավորեն, առաջ տանեն այն գաղափարը, որ ծառայությունից հետո կգա ու կշարունակի ուսումը, ապա այդպես էլ կլինի։ Ասում է՝ իր պարագայում պարտական է մորը, քեռակնոջը և պատմության ուսուցչուհուն, որը սիրում էր կրկնել. «Այ տղա, այնպիսի մարդ պետք է դառնաս, որ անունդ պատմության դասագրքում ոսկե տառերով գրվի, ես էլ ասեմ՝ իմ կրթած սանն է»։

Հրանտը նշում է, որ Հայ-ռուսական համալսարանում բազմաթիվ իր պես ուսանողներ կան, որոնք ծառայել են ու այժմ գերազանց են սովորում։ Որպես օրինակ մատնանշում է իր համալսարանական ընկերոջը՝ Տիգրան Պետրոսյանին։ Այս գյումրեցի երիտասարդն էլ է բանակում ծառայելուց հետո կրթությունը շարունակում և գերազանցությամբ։

«Այդ ինչպե՞ս է, որ մենք՝ ծառայածներս, բարձր ենք ստանում, մյուսները՝ ոչ։ Ո՞րն է տարբերությունը»,- ասում է Հրանտը և բացատրում, որ մինչ բանակ գնալը երիտասարդները մատների արանքով են նայում կրթությանը, իսկ բանակից հետո հստակ գիտեն, թե ինչ և ինչու են ուզում, իսկ կրթությունն էլ նպատակներն իրականացնելու միջոց է դառնում։

Անդրադառնալով հարցին, թե այդ պարագայում ինչու են ուսանողները դժգոհում առաջարկվող օրինագծից, Հրանտը նշում է, որ պատճառն անձնական ամբիցիաներն են։ Ասում է՝ պետք է ծառայեն բոլորը, անգամ՝ իգական սեռի ներկայացուցիչները։ Եթե ազգ- բանակ գաղափարից ենք խոսում, Իսրայելին ենք օրինակ բերում, ապա այդ կարևոր դրույթները չպետք է աչքաթող անենք։

«Չեմ ասում, որ բոլորն ավտոմատ վերցնեն ու առաջին գիծ գնան։ Համոզված եմ, որ բոլորի համար էլ, ըստ իրենց մասնագիտության, հնարավոր է ծառայություն ապահովել։ Ծրագրավորողները, օրինակ, կարող են պաշտպանության նախարարության հատուկ վարչությունում ծառայել, ինժեներ-մեխանիկները թող ինժեներական գումարտակում ծառայեն, ինժեները՝ ԱԹՍ-ներ նախագծեն կամ եղածը կատարելագործեն։ Ունենք ռադիացիոն, քիմիական, կենսաբանական զենքերից պաշտպանության ստորաբաժանումներ, բնագիտական ուղղության ներկայացուցիչներն այս ոլորտում կարող են ծառայել։ Ցանկացած մասնագետի համար բանակում հնարավոր է ըստ մասնագիտության կիրառություն գտնել»,- ասում է նա։

Հրանտ Սարկիսով

Շեշտելով բոլորի ծառայելու անհրաժեշտությունը՝ Հրանտը նշում է, որ բանակում անհատը սովորում է լինել հասարակության մի մասնիկը, այստեղ անհատական «ես»-ը դառնում է մենք՝ փաստորեն, մարդ սովորում է պետության շահը վեր դասել անձնական շահից։

«Իսկ ներկայում անձնական շահերը մղվում են առաջ, պետական կարևորության հարցերը՝ հետին պլան,- ասում է նա ու հարց ուղղում մարդու անօտարելի իրավունքներից, սահմանադրական իրավունքից խոսողներին։- Եթե մեր բանակն ուժեղ չլինի, եթե սահմանի անառիկությունը չկարողանանք ապահովել և թուրքը մտնի Հայաստան, մարդու անօտարելի իրավունքներից կամ սահմանադրական իրավունքների՞ց ենք խոսելու»։

«Պետական սահմանը պետք է պահվի։ Երբ ունենք սահմանի անառիկության ու անվտանգության խնդիր՝ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասում է Հրանտը՝ հավելելով, որ մնացած հարցերը կարելի է քննարկել միայն երկրի անվտանգությունն ապահովելուց հետո։

Ամփոփելով օրենքի քննարկումները համալասարանում՝ Հրանտը նշում է, որ օրենքից դժգոհողների մեծամասնությունն անգամ օրինագիծը չի կարդացել, մարդիկ մեծ մասամբ առաջնորդվում են այստեղից-այնտեղից լսածով։

Իսկ օրենքը, ապագա իրավաբանի կարծիքով, ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր։ Ասում է, որ կոռուպցիոն հնարավոր ռիսկերի վերացման, օրենքում սողանցքերի բացառման նպատակով օրինագծի լրամշակման անհրաժեշտություն կա։ Դա, սակայն, չի նսեմացնում ուժեղ կողմերը՝ ըստ մասնագիտության ծառայելու հնարավորություն, բարձր աշխատավարձ, անվճար՝ պետության հաշվին ուսման հնարավորություն և այլն։

«Մեր իշխանությունները, Ազգային ժողովն այնքան են հասունացել, որ նման լուրջ օրենքի նախագիծ են առաջ քաշում։ Եթե աչքի անցկացնենք, թե այս 26 տարիների ընթացքում ինչ օրենքներ են առաջ քաշվել ու ընդունվել, կտեսնենք, որ անհամեմատ ոչ առաջնային օրենքներ են եղել։ Հիմա հասել ենք նրան, որ պետական, ազգային անվտանգության ռազմավարության համար նշանակալի օրենքի նախագիծ են ուզում ընդունել։ Այն պետական պաշտոնյաների որդիները, որոնք գիտական կոչումներով պիտի բանակ չգնային, էլ չեն կարողանա։ Կոռուպցիայի օղակը սեղմվում է, մնում է բժշկական ոլորտը։ Հաջորդ քայլն էլ կլինի դրա լուծումը»,- ասում է Հրանտը։

Նա նաև նշում է, որ օրինագիծը բանակում սոցիալական հավասարություն ապահովելու ուղիներից մեկն է. «Վիգեն Սարգսյանն ասում էր, որ ուզում են սոցիալական հավասարություն մտցնել։ Սա բանակում սոցիալական հավասարություն ապահովելու մի ճանապարհ է»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: