Հայերեն   English   Русский  

​Հայաստանի խորհրդանիշներից մեկը պետք է լինի գիտնականը. Վահան Հովհաննիսյան


  
դիտումներ: 3994

«Գիտությունը պետք է լինի մասնագիտություն, ոչ թե հոբբի։ Մինչդեռ մենք ինչ-որ առումով հոբբի ենք դարձրել, քանի որ պետք է այլ աշխատանքով զբաղվենք՝ գումար վաստակելու համար, որպեսզի կարողանանք նաև գիտությամբ զբաղվել։ Դա, բնականաբար, ազդում է հետազոտությունների մակարդակի և գիտական արդյունքի վրա»,- ասում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տեսական բաժանմունքի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վահան Հովհաննիսյանը։

34-ամյա գիտաշխատողն ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ Ասում է, որ դպրոցում ֆիզիկան շատ էր սիրում, քանի որ այն ուսումնասիրում է բնության երևույթները։ «Շրջապատիս ֆիզիկոսներն էլ հետաքրքիր ու բանիմաց մարդիկ էին, ուստի ցանկություն առաջացավ, որ ես էլ ֆիզիկոս դառնամ»։ Երբ գալիս է ասպիրանտուրա ընդունվելու պահը, գիտության ոլորտի խնդիրները Վահանին չեն վախեցնում։ «Այն ժամանակ շատ մոտիվացված էի, ուզում էի գիտնական դառնալ, չնայած գիտնականներն այնքան էլ հարգված չեն, և պետական պաշտոնյաների թվում էլ գիտնականներ գրեթե չկան»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե նորից ընտրության հնարավորություն ունենար, էլի գիտության ուղին կընտրեր, չնայած ներկա իրավիճակում Հայաստանում գիտությամբ զբաղվելը բավականին դժվար է։

Անդրադառնալով Հայաստանում գիտությամբ զբաղվելու խոչընդոտներին՝ Վահանը նշում է, որ խնդիրները շատ են և գնալով խորանում են, փոխանակ լուծվեն։ «Առաջնահերթ պետական մակարդակով աջակցություն պետք է լինի։ Եվ դա չպետք է լինի ՀՆԱ 0,25 տոկոսը։ Հայտնի է, որ գիտությունը կարելի է համարել մահացող, եթե ՀՆԱ 1 տոկոսից պակաս է հատկացվում։ Մեզ մոտ այդ իրավիճակն է»,- ասում է նա՝ հավելելով, որ պետական մակարդակով գիտությանը պետք է ուշադրության կենտրոնում պահել, բայց ոչ թե բառերով, այլ գործողություններով։

«Պետք է խրախուսել երիտասարդներին, որ գիտությամբ զբաղվեն, պետք է արժևորել գիտնականին, առաջին հերթին լուծել նրա սոցիալական խնդիրները։ Երբ գիտնականն ունի սոցիալական չլուծված հարցեր՝ գիտությամբ զբաղվելը շատ դժվար է դառնում։ Այս ամենն իրագործելուց հետո պետք է նաև գիտական արդյունքն առևտրայնացնել, և դրա համար ևս պետական մակարդակով քայլեր են հարկավոր»,- ասում է նա։

Վահանը ֆիզիկա է դասավանդում դպրոցում։ Ամփոփելով ավագ դպրոցականների տրամադրությունները՝ նշում է, որ երեխաները մեծ մասամբ ցանկանում են դառնալ բիզնեսմեն, շուկայագետ, իրավաբան, բայց ոչ գիտնական։ Պատճառը գիտնականների վիճակն է, գիտությամբ մեծ գումար վաստակելու անհնարինությունը Հայաստանում։

«Դա զգացվում է նաև համալսարանական բաժինների ընդունելությամբ։ Տարեցտարի պակասում են ճշգրիտ գիտությունների ֆակուլտետներ ընդունվողները։ Պատճառն այն է, որ հեռանկար չեն տեսնում գիտության ոլորտում։ Ուստի ընտրում են այնպիսի ուղիներ, որտեղ կարող են ինքնահաստատվել, հաջողության հասնել, որով կարող են գումար վաստակել։ Գիտությունն իրենց համար հեռանկարային չէ»,- ասում է նա։

Վահանը նշում է, որ երիտասարդներին դեպի գիտություն գրավելու, նրանց խրախուսելու առումով վերջին տարիներին ծրագրեր իրականացվում են։ Սակայն դրանք դեռևս բավարար չեն, որ երիտասարդները կարողանան լուծել իրենց սոցիալական խնդիրները և մնան գիտության ոլորտում։ Չկան նաև բավարար աշխատանքային պայմաններ։ Ասում է, որ ցանկացած գիտական ինստիտուտ մտնելով՝ կարելի է համոզվել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո այդտեղ շատ քիչ բան է փոխվել։ «Գիտաշխատողների համար գոնե նվազագույն աշխատանքային պայմաններ պետք է ստեղծվեն»,- ասում է նա։

Վահանը մեկ տարի աշխատել է Սինգապուրի պետական համալսարանում։ Պատմում է, որ այնտեղ, երբ անծանոթ մարդիկ տեղեկանում են, որ գիտաշխատող ես, վերաբերմունքն անմիջապես փոխվում է. բոլորը գիտեն, թե ինչ մեծ դեր ունեն գիտաշխատողներն իրենց երկրի զարգացման գործում։ «Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին։ Մեր երկրում գիտնականն արժևորված չէ, ինչը բացասաբար է ազդում գիտնականի աշխատանքի և արդյունքի վրա»,- ասում է նա։

Վահանը փաստում է, որ խնդիր է ոչ միայն երիտասարդներին դեպի գիտություն գրավելը, այլև միջին տարիքի մասնագետներին Հայաստան բերելը. ծանր սոցիալական պայմանների պատճառով միջին տարիքի սերնդի զգալի մասը ժամանակին հեռացել է Հայաստանից։

Նա վստահ է՝ եթե գիտության և գիտնականի վիճակը Հայաստանում բարելավվի, գիտաշխատողը լինի գնահատված, ունենա աշխատանքի համար բավարար պայմաններ, իսկ իր գիտական արդյունքն էլ առևտրայնացման շրջափուլն անցնելու հնարավորություն ունենա, ապա ժամանակին Հայաստանից հեռացած շատ մասնագետներ կվերադառնան։ Իսկ այդպիսով կլուծվի միջին տարիքի գիտաշխատողների խնդիրը։

Վահանը նաև վստահ է, որ Հայաստանն ունի կիրառական գիտության զարգացման պոտենցիալ, սակայն այն ճիշտ չի օգտագործվում։ Ավելին, ասում է, որ կառավարությունը դեռ վաղուց պետք է քայլեր ձեռնարկած լիներ կիրառական գիտության զարգացման համար։

Նա որպես օրինակ մատնանշում է Սինգապուրը. «Երբ նոր էին անկախացել և տարածքի խնդիր ունեին, որպեսզի երկիրը զարգանար, այնպիսի արտադրանք պետք է կարողանային տալ, որը կպահանջեր քիչ տարածք և միայն մարդկային ռեսուրս։ Եվ նրանք սկսեցին արտադրել էլեկտրոնային չիպեր։ Այսինքն՝ մարդկային ռեսուրսի և երկրի տարածքի ճիշտ օգտագործումը հանգեցրեց նրան, որ երկիրը դարձավ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը, չնայած իրենք բազա չունեին։ Հայաստանն ունի այդ բազան, բայց մենք դա չենք կարողանում ճիշտ օգտագործել, որ տանի երկրի զարգացման»։

Չնայած պաշտոնյաները պարբերաբար նշում են, որ մեր երկրի միակ հարստությունը մարդկային ռեսուրսն է, գործնականում դա չի զգացվում։ «Պետք է ոչ միայն խոսել, այլև գործել։ Միայն խոսակցություններով հնարավոր չէ խնդիր լուծել»,- ասում է նա։

Նա նշում է, որ մեր երկրում գիտության զարգացման համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ. «Երբ ներդրում ես գիտության մեջ՝ մի քանի տարի հետո այդ գումարը բազմապատիկ կարող է վերադառնալ կապիտալի տեսքով։ Բայց դա մեր կառավարությանը ձեռք չի տալիս, քանի որ իրենք անմիջապես են արդյունք ուզում։ Արդյունք ունենալու համար պետք է համբերատար լինել ու ներդրումներ իրականացնել, իսկ այդ 0,25 տոկոս ֆինանսավորումը խնդիրներ չի լուծի»։

Անդրադառնալով գիտության ֆինանսավորման կրճատման խնդրին՝ Վահանը նշում է. «Եթե գիտնականին զրկում են անգամ տարրական կենցաղային կարիքները հոգալու հնարավորությունից, բնականաբար պետք է եկամտի այլ աղբյուրներ փնտրի, ինչը վատ կազդի իր՝ որպես գիտնականի արդյունքի վրա»։

Հարցին, թե հնարավոր է արդյոք միջազգային համագործակցության միջոցով մեղմել ֆինանսավորման կրճատման հետևանքները, Վահանը պատասխանում է, որ միջազգային գրանտները ժամանակավոր են ու հետևաբար չեն կարող որևէ խնդրի վերջնական լուծում ապահովել։

Չնայած առկա խնդիրներին՝ երիտասարդ գիտաշխատողը վստահ է, որ Հայաստանն ապագայում էլ գիտություն ունենալու է։ Ասում է, որ չի կարող պատկերացնել Հայաստանն առանց գիտության։ «Հայաստանի խորհրդանիշներից մեկը պետք է լինի գիտնականը»,- կարծում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: