Հայերեն   English   Русский  

​«Չոր մարքեթինգից»՝ կանաչ անտառ


  
դիտումներ: 1850

«Ծաղիկը լավ բան է, բայց մենք այն իրավիճակում չենք, որ ծաղկի հաշվին մոռանանք ծառը, որը մեզ համար ոչ միայն էկոլոգիական խնդիր լուծող կարևորագույն ռեսուրս է, այլև ստրատեգիական»,- ասում է «Չոր մարքեթինգի» հիմնադիր Վահրամ Միրաքյանը, որը դեռ մանկուց որոշել էր դառնալ բնապահպանության նախարար, որպեսզի… անտառներ տնկի:

Ժամանակին մանկության երազանքն ինչ-որ կերպ իրականության վերածելու նպատակով տարբեր ծառատունկերի էր մասնակցում և ամեն անգամ հիասթափվում էր, երբ տեսնում էր, որ այդ ամենն իրականում ձևական բնույթ ունի. ծառերն այդպես էլ չէին կպչում: Հատկապես ցավով է հիշում Արագածի շուրջպարի ժամանակ Երևան-Գյումրի ճանապարհի երկայնքով տնկված ծառերի տխուր վախճանը:

Որոշում է այլևս չմասնակցել նման ծառատունկերի: Բայց երազանքը, որ հասուն տարիքում արդեն դարձել էր լուրջ նպատակ՝ խնդրի կարևորության խոր գիտակցումով, երբեմն-երբեմն ֆեյսբուքում լուրջ քննարկումների հարթակ էր ստեղծում՝ խնդրի շուրջ հավաքելով համախոհների: Մի գեղեցիկ օր էլ՝ 2017 թ. հոկտեմբերի 29-ին, ֆեյսբուքյան քննարկումները տեղափոխվում են գործնական դաշտ, ավելի ճիշտ՝ 2000 մ բարձրության վրա գտնվող Բյուրականի անտառ, որտեղ «Չոր մարքեթինգ» ակումբի շուրջ 60 անդամները սկսում են ծառեր տնկել ամառային հրդեհներից ամայացած մեկ հեկտար տարածքում

Image may contain: 1 person, mountain, cloud, sky, outdoor and natureԱյս նախաձեռնությունը ոգևորիչ էր շատերի համար: Ինչպես նշում է Վահրամը, ծառ տնկելն ու անտառներ ստեղծելն ինքնանպատակ չէ, այն նաև հասարակության սոցիալ-մշակութային վարքը փոխելու գործոն է:

Նախաձեռնության իրականացման համար սիմվոլիկ գումարով (100 հազար դրամ) շուրջ 2500 տնկի (կաղնի, սոճի, հացենի) և մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել Հայաստանում ծառատունկի ծրագրեր իրականացնող «Էյ-Թի-Փի» (Armenian tree project) հիմնադրամը: Մնացած ծախսերը՝ մոտ 300 հազար դրամ, հոգացել են ակումբի անդամները, դեռ գումար են ավելացրել հետագա խնամքի համար: Ծառատունկի տարածքը տրամադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որ նաև մասնագիտական խորհրդատվություն է ապահովել:

Առաջին հարցը, որ տալիս են ծառատունկի կազմակերպիչներին, հետևյալն է. «Ծառը տնկեցիք, իսկ ո՞վ է խնամելու»: Եվ իսկապես, սա ամենագլխավոր խնդիրներից մեկն է, քանի որ ծառ տնկելը դեռ ծառ ունենալու երաշխիք չէ: Բայց նախաձեռնության հեղինակները որոշել են հույսները ոչ ոքի վրա չդնել ու անձամբ իրենց տնկիները ծառ դարձնել: Քանի որ հիմա աշուն է, առջևում էլ՝ ձմեռ, այս պահին բնությունն ինքնուրույն կհոգա տնկիների խոնավության խնդիրը: Գարնան վերջին ամսից սկսած՝ կսկսեն ծառերը ջրել, ամռան սեզոնին՝ շաբաթական առնվազն մեկ անգամ: Մասնագետներն ասում են, որ եթե տնկած ծառերի 70 տոկոսն էլ կպչի, ապա դա հրաշալի արդյունք է: «Չոր մարքեթինգի» անդամները 1 հեկտարի վրա 2500 ծառ են տնկել պահանջվող 800-1200-ի փոխարեն, հաշվի առնելով հնարավոր կորուստները: Մի խոսքով, հույս ունեն, որ նախաձեռնությունը կհաջողվի, և նախատեսում են գարնանն անտառային տարածքն ավելացնել, հասցնել մինչև 50-100 հեկտարի:

Ծառատունկ

Վահրամը ցավով է արձանագրում այն իրողությունը, որ մեր երկրում սովորաբար հույսը դնում են միջազգային կազմակերպությունների վրա, որոնք պետք է ֆինանսական միջոցներ հատկացնեն, որպեսզի երկրում ծառեր տնկվեն: «Մենք մեր քայլով ուզեցինք ցույց տալ, որ կարելի է նաև հույսն ուրիշների վրա չդնելով գործ անել»:

Ծառ տնկելը մեզ մոտ, ինչպես և շատ հարցերում, ասես ինքնանպատակ է: Ինչպես Վահրամն է ասում՝ ձևը գերազանցում է բովանդակությանը. «Տնկելու պրոցեսը ճոխ կազմակերպում են, լուսաբանում, ու վերջ, արդյունքի վրա չեն աշխատում»:

Նա զարմանում է, որ մեր քաղաքում կան շատ տարածքներ, որոնք անընդհատ ջրվում են, բայց այդ տարածքներում ծառեր չեն տնկում: «Որովհետև խնդրի գիտակցումը չկա: Նրանց հարազատները կարող են քաղցկեղից մահանալ, բայց իրենց ինտելեկտուալ կարողությունները չեն բավարարի հասկանալու համար, որ այդ քաղցկեղի պատճառը Երևանի աղտոտված օդն էր»:

Երևանում փոշու տոկոսը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Վահրամն ասում է՝ քաղաքում 29 բաց հանք կա: Շինարարությունն էլ հիմնականում բաց է արվում, չհաշված մեքենաների ահռելի քանակը: Մի խոսքով, ծառն այս դեպքում օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Բայց Երևանի քաղաքապետարանը, չգիտես ինչու, մայրաքաղաքում դեկորատիվ ծառեր ու ծաղիկներ է տնկում:

Մի քանի տարի առաջ Երևանում եղևնու մի տեսակ էին տնկում ճամփեզրերին, որոնք ամիսներ անց դեղնում ու չորանում էին: Հետո անցան ակացիաներին: Բայց որքանով են այդ փոքրիկ ծառերը լուծում էկոլոգիական խնդիրները՝ դժվար է ասել:

Վահրամը, օրինակ, կարծում է, որ քաղաքում պետք է սոսիներ տնկել: Այդ հաստաբուն, սաղարթախիտ, մինչև 50 մետրի հասնող ծառերը ոչ միայն անչափ գեղեցիկ են, այլև ապրում են 2-3 հազար տարի: Երևանում սոսիներ կան Մաշտոցի պողոտայի երկայնքով, Օպերայի հարակից տարածքում և էլի որոշ վայրերում: «Դեռ հեթանոսական ժամանակաշրջանում Արարատյան դաշտավայրը պատված է եղել սոսիների անտառներով, քանի որ սոսին նաև ծիսական ծառ է եղել: Արցախում ու Կապանում ունենք սոսիների պուրակներ: Արցախի սոսիների պուրակում եղել եմ. գետի ափին է, արտակարգ գեղեցկություն ունի»,- ասում է զրուցակիցս:

Ծառատունկ

Բացի հաստաբուն, գեղեցիկ սոսիից, Վահրամը կարծում է, որ կարելի է նաև աշխարհի տարբեր երկրներից ծառատեսակներ բերել, որոնք մեր բնակլիմայական պայմաններին կհարմարվեն: «Օրինակ՝ Իսրայելը նման ծրագրեր իրականացնում է: Տարեկան 1 միլիոն ծառ են տնկում, բացի այդ, խնդիր են դրել աշխարհի տարբեր երկրներից յուրահատուկ ծառատեսակներ բերել, ներդնել իրենց մոտ: Դա ոչ միայն էկոլոգիական նշանակություն ունի, այլև՝ գեղագիտական և ազդում է տուրիզմի զարգացման վրա: Երբ քաղաքում քայլում ես, ամեն մի ծառի մոտ ուզում ես նկարվել: Դա մեզ մոտ չի օգտագործվում: Մեզ մոտ ծառերը կտրտելով ինչ-որ դեկորատիվ տեսք են տալիս, որը երբեմն տգեղ է ստացվում: Բայց կարելի է ուղղակի տարբեր գեղեցիկ ծառեր տնկել»:

Մի խոսքով, ծաղիկը ծառի հետ չես համեմատի: Ծաղիկը գեղեցիկ է, ծառը՝ մնայուն: Եվ այս պարագայում լավ կլիներ, որ Երևանի քաղաքապետը մարդկանց հիշողության մեջ փորձեր մնալ ոչ թե մայրաքաղաքի տարբեր հատվածներում գունագեղ ծաղիկներ ցանելով, այլ ծառեր, պուրակներ ու անտառներ տնկելով: Եվ առհասարակ, ճիշտ կլիներ, որ ծառատունկը դառնար մեր երկրի զարգացման ռազմավարության առանցքային կետերից մեկը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի հայտնած տվյալներով՝ խորհրդային տարիներին Հայաստանի անտառածածկ տարածքը եղել է 334 հազար 100 հեկտար, իսկ ամբողջ անտառային ֆոնդը՝ 459 հազար 900 հարյուր հեկտար, այժմ անտառային տարածքը կազմում է 332 հազար 333 հեկտար:

Картинки по запросу ծառերԸստ ՆԱՍԱ-ի` 2001 թ. Հայաստանի տարածքի 8,1%-ն է անտառածածկ եղել` ներկայացված 10,2%-ի փոխարեն: Հայ բնապահպաններն ավելի վատ ցուցանիշ են ներկայացնում՝ 5-6%: Որքան էլ թվերը երկու կողմից ուռճացված լինեն, մի բան ակնհայտ է՝ անխնա անտառահատումներն անվերադարձ ոչնչացնում են Հայաստանի անտառները:

Ռուբեն Պետրոսյանը նույնպես չի ժխտում, որ իրավիճակը վատթարացել է հատկապես որակական փոփոխությունների առումով. «Անտառները նոսրացել են, որոշ տեսակներ՝ փոխարինվել այլ տեսակներով, որակը ընկել է, և դա հիմնականում պայմանավորված է ծառահատումներով,- ասում է նա՝ միաժամանակ հուսադրելով, որ պետությունը քայլեր ձեռնարկում է ծառածածկ տարածքներն ավելացնելու և կորուստը վերականգնելու ուղղությամբ,-գարնանը Գուգարքում մոտ 62 հեկտար ծառ ենք տնկել: Ծառատունկի պետական պլան կա: Այս տարի այդ 62 հեկտարն էր, դրան գումարած՝ այս տարվա ծրագրում նախատեսված է 300 հեկտարի վրա իրականացնել կոճղաշիվային վերաճի աջակցություն»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին «Հայանտառը» հայտարարել էր համահայկական ծառատունկ, որին մասնակցեցին նաև ԱԺ նախագահն ու պատգամավորներ: Իսկ նոյեմբերի 11-ին հայտարարված է համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ: Նախատեսվում է մայրաքաղաքի ոռոգելի տարածքներում տնկել շուրջ 15000 ծառ և թուփ, որոնց մեջ գերակշռում են ակացիաները, սոսիներն ու հացենիները:

«Հայանտառի» գլխավոր տնօրենը կարծում է, որ ծառ տնկելու համար գումար ու ժամանակակից տեխնոլոգիաներ են պետք:

«Չոր մարքեթինգի» տնօրենը հակադարձում է. «Եթե IV դարում Խոսրով Կոտակը կարողացել է անտառ տնկել, որով մինչև հիմա հպարտանում ենք, ապա մենք իրավունք չունենք XXI դարում բողոքել, թե չենք կարող անտառ տնկել: Կարող ենք, պարզապես պատասխանատվություն ու ցանկություն է պետք, մնացածը պատճառաբանություն է»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: