Հայերեն   English   Русский  

​Հայկական չիրը դարձնել եվրոպական ու ամերիկյան շուկայի զարդը․ շվեդ ու շվեդահայ գործարարների ծրագիրը


  
դիտումներ: 3519

Անցյալ տարի սեպտեմբերի 22-ին առաջին անգամ շվեդ գործարար Յան Ռեյդնելը ոտք է դնում Հայաստան։ Նա հետաքրքրված էր Հայաստանում ներդրումային հնարավորություններով, իսկ նրան ոգևորողն ու Հայաստանում բիզնես սկսելու գաղափար տվողը շվեդահայ Հայկ Ազատյանն էր։

Ճանաչողական առաջին այցից հետո Յան Ռեյդնելը մի քիչ մտահոգվում է, քանի որ 3 միլիոն բնակիչ ունեցող երկիրը, որտեղ միաժամանակ 6 միլիարդատեր կա, կարող է վստահություն չառաջացնել ներդրողների մոտ։ Այնուամենայնիվ, իր այցի երկրորդ օրը նա հայ գործընկերոջը խոստովանում է․ «Այս երկիրը հսկայական պոտենցիալ ունի»։ Ու գծվում է գործունեության հստակ պլանը։ Հայկ Ազատյանն ու Յան Ռեյդնելը որոշում են հիմնել ընկերություն և դրա միջոցով արտասահմանյան ներդրումներ ապահովել Հայաստանում էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծելու և եվրոպական ու ամերիկյան շուկաներ մուտք գործելու նպատակով։

Dried Fruits Ararat. այսպես է կոչվում ընկերությունը, որի մեջ այժմ հայ և օտարերկրյա ներդրողներ են ներգրավում:

Շվեդ գործարարը, որը օրերս դարձյալ Հայաստանում էր, «Անկախի» հետ զրույցում սիրո խոստովանություն արեց հայկական չրերին․ «Շատ համեղ է»,-ասաց նա՝ ներկայացնելով հայ գործընկերոջ հետ մշակած 4 ծրագրերից առաջինը, որը հենց չիրարտադրության ոլորտում է։ Մյուս 3 ծրագրերը վերաբերում են բիոգազի ու արևային էներգիայի ոլորտներին։ Յան Ռեյդնելը հետաքրքրված է հատկապես գիտնական Վահան Համազասպյանի հելիոֆիկացիայի ծրագրով։

Յան Ռեյդնելը Շվեդիայում արդեն 25 տարի իր հիմնած ընկերության միջոցով զբաղվում է սկսնակ բիզնեսներին աջակցելու և զարգացնելու գործով, ուստի շատ լավ է պատկերացնում, թե հատկապես ինչ է պետք բիզնեսի կայացման համար։ Նա կարևորում է Հայաստանում չրերի արտադրություն հիմնելու գործում իրավական, կառավարման, տեխնոլոգիական բարձր չափորոշիչների ներդրումը, առանց որի հատկապես եվրոպական ու ամերիկյան շուկաներում հնարավոր չէ հասնել էական հաջողությունների։

Յան Ռեյդնելն ու Հայկ Ազատյանը սկսել են առաջին լուրջ քայլերը չիրարտադրության ուղղությամբ և Աշտարակում ու Արմավիրում արդեն իսկ մեկնարկել են չրերի գործարաններ ստեղծելու աշխատանքները։ Նախատեսում են մայիս ամսից արդեն սկսել արտահանման գործընթացը։ Իսկ Մալիշկայում գործող չրերի գործարանի հետ ունեն պայմանավորվածություն նրա մենեջմենթով զբաղվելու և արտադրանքն արտահանելու վերաբերյալ, միայն թե մինչ այդ գործարանը պետք է համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին։ Այս 3 գործարանների գործունեության համար 1,8 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվում։ Յան Ռեյդնելը համոզված է՝ եթե արտադրանքն իսկապես որակով ու միջազգային չափորոշիչներով արտադրվի՝ անպայման մեծ շուկաներ կգրավի և մեկ տարվա ընթացքում արդեն կայուն եկամուտ կապահովի։

Похожее изображениеԱրցախի հետ կապված ծրագրեր նույնպես կան։ Առհասարակ ծրագրերը շատ են, պարզապես սկսելու են չրի արտադրությունից ու արտահանումից, որից հետո կամաց-կամաց ընդլայնվելու են՝ անցնելով էկոլոգիապես մաքուր այլ մթերքների արտադրության։

Ի դեպ, Եվրոպայում այսօր առաջատարներից է թուրքական չիրը։ Շվեդ գործարարը նշում է, որ գնային առումով միգուցե չկարողանան մրցել թուրքականի հետ, քանի որ քանակի շնորհիվ այն ավելի էժան է, սակայն հայկական չրի դեպքում շեշտը պետք է դրվի որակի վրա, որպեսզի հայկական բրենդի ու բարձրակարգ արտադրանքի շնորհիվ վաճառվի անգամ թանկ գնով։

Յան Ռեյդնելը մինչ այս Հայաստանի մասին ավելի շատ գիտեր Ցեղասպանության առիթով։ Նրա կինը՝ Շվեդիայի խորհրդարանի անդամ Ագնետա Բեռլիները, այն քաղաքական գործիչներից է, որոնց շնորհիվ նաև Շվեդիայի խորհրդարանը 2010 թ. ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև։

Հայկ Ազատյանը Ռեյդնելի հետ ծանոթացել է անցյալ տարի և հենց այդ ժամանակ էլ նրան առաջարկել է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնել։ Մինչ Ռեյդնելին ճանաչելը Ազատյանը ծանոթ էր նրա կնոջ հետ, և մեծ էր ուրախությունը, երբ ծանոթանալով Ռեյդնելի հետ, իմանում է, որ նա Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստած շվեդ խորհրդարանականի ամուսինն է։ Այդ հանգամանքը նույնպես ոգևորում է Ռեյդնելի հետ գործակցելու հարցում՝ համոզմունք առաջացնելով, որ համագործակցությունն անպայման հաջողություն կունենա։

Հայկ Ազատյանը ծնվել է Թուրքիայում, 70-ականներին տեղափոխվել է Գերմանիա, ապա 80-ականների սկզբին հաստատվել է Շվեդիայում։ Մասնագիտությամբ ատամնատեխնիկ լինելով՝ որոշ ժամանակ անց սկսել է զբաղվել նավթային բիզնեսով։

Պատմում է, որ պապը Ցեղասպանությունից մազապուրծ հայ էր, մեծացել էր քրդերի հետ։ Իրենք նույնպես Թուրքիայում ապրել են քրդաբնակ միջավայրում, այդ պատճառով էլ Հայկը հայերեն առհասարակ չգիտեր, ավելի լավ թուրքերեն ու քրդերեն էր խոսում։ «Բայց պապս միշտ ասում էր՝ մենք հայ ենք»։ Ու Հայկը մանկուց այդ միտքն իր հետ տանում էր՝ տարիների ընթացքում փորձելով հասկանալ, թե ինչ է հայ լինելը, զգալ այդ բառի իրական բովանդակությունը։ Հենց այդ պատճառով էլ որոշում է անպայման Հայաստան գալ։

Մինչ այդ արդեն նա Շվեդիայում ակտիվորեն զբաղվում էր հայկական խնդիրներով՝ նպաստելով իր ապրած քաղաքում՝ Վեստերուսում, հայ համայնքի ձևավորմանը։ 1990-ին նա առաջին անգամ գալիս է Հայաստան անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդու՝ Արա Բաբաջանյանի շնորհիվ։ Վերջինիս հետ Հայկ Ազատյանը ծանոթացել էր Շվեդիայում։ 1990 թ. Բաբաջանյանն Ազատյանին հրավիրում է Մոսկվա՝ հոր համերգին։ Իմանալով Հայկի՝ Հայաստան այցելելու մեծ ցանկության մասին՝ հենց Մոսկվայում Արա Բաբաջանյանը նրան Հայաստան ուղևորվելու տոմս է նվիրում։ Դա իսկական անակնկալ էր երազանքի իրականացման ճանապարհին։ «Եկա ու սիրահարվեցի Հայաստանին։ Ես նոր զգացի, որ հայ եմ»,- ասում է Հայկ Ազատյանը, որ այժմ ապրում է Հայաստանում ու թվարկում է, թե իր գալուց հետո իր ազգականներից քանիսն են եկել ու հաստատվել այստեղ։

Image may contain: 9 people, people smiling, people standing and indoor1999 թ. Հայկ Ազատյանը նավթի բիզնես է սկսում հայրենիքում և ողջ հասույթը ներդնում Սևանի ափին «Նոյ լենդ» հանգստյան գոտու ստեղծման գործում։ Ցավոք, տարիներ անց վրացահայ գործընկերոջ հետ ունեցած խնդիրների պատճառով իր մասնաբաժինը վաճառում է՝ կորցնելով այդ բիզնեսի մեջ ներդրած մեծ գումարները։ Սակայն անգամ այդ պարագայում Հայաստանից չի հիասթափվում․ «Երբեք, ընդհակառակը, հոգեպես ավելի ուժեղացա և այլ գործեր սկսեցի։ Ու հիմա այստեղ եմ, տուն ունեմ, տարածք ունեմ, ընկերներ, մեծ շրջապատ, անգամ ներդրող եմ բերում Հայաստան»։

Հայկ Ազատյանը կարծում է, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է, պետք է միայն կարողանալ այդ հնարավորությունները տեսնել և ճիշտ օգտագործել։ Եվ ամենակարևորը՝ Հայաստանն իր համար միակ երկիրն է, որտեղ իսկապես իրեն հայ է զգում բառի ամենախոր իմաստով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: