Հայերեն   English   Русский  

Եթե ձգտես՝ անպայման կհասնես հաջողության


  
դիտումներ: 3690

Օրգանական գյուղատնտեսությունն արդեն զարգացած է շատ երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում: Իսկ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն իր առաջին քայլերն է անում: Այս ոլորտի ընկերություններից մեկն էլ Աշտարակում հիմնված ու հաջողությամբ գործող «Ագրոլոգ» ընկերությունն է:

«Ագրոլոգն» իր գործունեությունը սկսել է 2011 թ. որպես սառնարանային տնտեսություն, այդպես աշխատել է 3-4 տարի: Հետո, ինչպես «Անկախին» պատմեց ընկերության համահիմնադիր Դավիթ Սիմոնյանը, որոշել են նաև չրագործությամբ զբաղվել: Հենց այդ ժամանակ էլ մասնակցել են ավստրիական ընկերության՝ Հայաստանում իրականացվող օրգանիկ գյուղատնտեսության զարգացման ծրագրին ու մտել օրգանական գյուղատնտեսության ոլորտ:

«Մենք սկզբում հակված էինք օրգանիկ գյուղատնտեսությանը: Ուզում էինք, որ մաքուր լինի մեր արտադրանքը, որպեսզի մարդիկ ուտեն ճիշտ և անարատ սնունդ՝ առանց որևէ քիմիկատների, ու դրա համար որոշեցինք մասնակցել այդ ծրագրին: Այսինքն՝ ի սկզբանե այս նախաձեռնությունը դիտարկում էինք ոչ թե որպես բիզնես, այլ որպես գաղափար: Առավել ևս, որ աշխարհը հաստատուն քայլերով գնում է դեպի օրգանական գյուղատնտեսություն, օրգանական ու առողջ սննդի օգտագործում: Այսինքն՝ վստահ էինք, որ մտնում ենք մի դաշտ, որը զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Մեզ համար էլ ցանկալի էր զբաղվել օրգանական մթերք ստեղծելով»,- ասաց «Ագրոլոգ» ընկերության համահիմնադիր Դավիթ Սիմոնյանը:

Ընկերությունը երկու տարվա ընթացքում զարգացրեց 7 հեկտար այգիներ, «Էկոգլոբի» կողմից անցավ համապատասխան սերթիֆիկացում ու ներկայումս արտադրում է 3 տեսակի՝ ծիրանի, դեղձի և սալորի օրգանական չրեր: Բացի այգիներն ու չրերի արտադրությունը, հիմա աճեցնում է նաև կարտոֆիլ, կաղամբ, բողկ, ծաղկակաղամբ, բազուկ՝ էկոլոգիապես մաքուր ու անարատ մթերքներ: Միաժամանակ համագործակցում է այն գյուղացիների ու ֆերմերների հետ, որոնք նույնպես օրգանական գյուղատնտեսության գաղափարը կրողներ են, փորձում են այս ոլորտում գործել ու կա՛մ արդեն սերթիֆիկացվել են, կա՛մ սերթիֆիկացման գործընթացում են, կարճ ասած՝ նույնպես զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ՝ վաճառելով իրենց արտադրած մթերքները:

«Ներդրումների մեծ մասը ավստրիական ծրագրով արեցինք: Հավատացինք ու արեցինք, դիմեցինք այդ ռիսկին: Հավատը կար, միտքը կար: Մենք հավատացինք Հայաստանի ապագային ու այդ ռիսկը վերցրինք մեր ուսերին: Հիմա մեր արտադրանքն արտահանում ենք Կանադա, Ռուսաստան, Եվրոպա, Շվեյցարիա և այլն: Սկսեցինք 3 ընկերով, ամբողջ գործը մենք էինք անում, ինքնուրույն, իսկ հիմա արդեն ևս 7 աշխատող ունենք, ընդլայնվել ենք»,- ասաց Դավիթ Սիմոնյանը:

«Ագրոլոգը» ներկայումս նաև փորձում է անցումային փուլում գտնվող գյուղացիական տնտեսություններին ու ֆերմերներին խմբավորողի դեր ստանձնել. հիմնել են ուսումնաարտադրական կենտրոն, այնտեղ նման գյուղացիներին ու ֆերմերներին օգնում են խորհրդատվությամբ, փորձում են հոգալ սերթիֆիկացման համար անհրաժեշտ ծախսերի մի մասը, օգնում են օրգանական պարարտանյութեր ձեռք բերելու հարցում, նրանց մթերքը վաճառելու հարցում, և այսպես շարունակ:

«Դժվարին գործ ենք հանձն առել, բայց ստացվում է: Ընդհանրապես մարդուն հաջողելու համար պետք է հավատ, ձգտում, նպատակասլացություն, ինքնավստահություն ու իհարկե լավատեսություն: Դժվարություններ լինում են միշտ, քանի որ մեր գործունեությունը կապված է գյուղատնտեսության հետ, այսինքն՝ եղանակի հետ, բերքի ծավալի հետ, բերքատվության հետ և այլն: Բայց դժվարությունները պետք է համբերատար հաղթահարես, երբեք չվախենաս դրանցից»,- նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մարդկային լավ կոլեկտիվում աշխատելն արդեն իսկ բարենպաստ պայմաններ է ստեղծում, որ լավ տրամադրվես, նվիրվես գործիդ և հաճույքով ու նվիրումով աշխատես՝ հավատալով, կռվելով գնաս առաջ: Եթե այդպես շարժվեն բոլորը, վստահ է Դավիթ Սիմոնյանը, բոլոր դժվարությունները հեշտությամբ կհաղթահարվեն: Անգամ գյուղատնտեսության ոլորտում, որն ամբողջ աշխարհում համարվում է ամենառիսկային ոլորտներից մեկը, իսկ Հայաստանում՝ առավել ևս:

Ագրոլոգ

«Մենք սկսեցինք, քանի որ օրգանիկը Հայաստանում այդքան էլ զարգացած չէ, նոր է զարգանում ու ավելի ու ավելի հստակ քայլերով, այսինքն՝ բազում նոր հնարավորություններ ու ասպարեզներ են բացվում մեզ համար: Մեր ընկերությունը՝ ձեզ օրինակ. սկսել ենք արտադրել չիր ու մի տարի հետո արդեն հաստատուն գործունեություն ենք ծավալում՝ փորձելով անել այնպես, որ շուկային առաջարկենք թարմ և օրգանիկ պտուղ-բանջարեղենի լայն տեսականի: Ես այն կարծիքին եմ, որ բոլորը պետք է գան ու Հայաստանում գործունեություն ծավալեն, վստահ, ջանասիրաբար ու նպատակասլաց աշխատեն ու մի բանի հասնեն: Հայաստանի պես երկիր ոչ մի տեղ չկա: Մեր երկրի կլիմայի, բերքի ու մրգերի պես ոչ մի տեղ չկա, այս հողը մշակել է սիրում, գյուղացին մշակում է, անում է, բայց վերջում ինչ-ինչ խնդիրների առջև է կանգնում ու հայտնվում է դժվարին իրավիճակում: Իսկ օրգանական գյուղատնտեսությունը նոր հնարավորություններ է բացում մեր առջև»,- ասաց Դավիթ Սիմոնյանը:

Երբ ուշադրություն դարձրինք նրա խոսքի մեջ հնչած հատկապես «նպատակասլաց աշխատանք» ձևակերպմանը՝ նկատելով, որ գյուղացին Հայաստանում շատ է աշխատում, մեր զրուցակիցը նշեց՝ ընդհանրապես բիզնեսի համար նպատակասլաց աշխատանքն առաջնային դեր ունի: «Աշխատասիրությունը բիզնեսի համար առաջին տեղում է: Եթե մարդ աշխատասեր է, պարտաճանաչ ու նվիրված անում է իր բոլոր առաջադրանքները, հստակ գիտի իր անելիքներն ու գործը, արդեն բիզնեսի համար մեկ քայլ առաջ ու հաջողություն է, որպեսզի բիզնեսը բարենպաստ լինի, նորմալ զարգանա»,- նորից կրկնեց «Ագրոլոգի» համահիմնադիրը:

Ամփոփելով իր խոսքը՝ Դավիթ Սիմոնյանը կրկին շեշտեց, որ պետք է միշտ մտածել առաջ գնալու մասին, պետք է ծրագրերով առաջնորդվել, ու միշտ մտածել գործունեությունն ավելի ընդլայնելու մասին, ոչ թե սահմանափակվել տեղական շուկայով, այլ մտածել ու հասկանալ, թե ինչպես կարելի է դուրս գալ համաշխարհային շուկաներ: Դրա համար պետք է աշխատանք, բոլոր ունակությունների ու որակների ներդրում, լիակատար նվիրում գործին:

«Եթե մարդ ուզում է հաջողության հասնել, պետք է հասկանա մի բան՝ եթե ձգտի, ապա անպայման կհասնի հաջողության»,- այս խոսքերով էլ եզրափակեց Դավիթ Սիմոնյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: