Հայերեն   English   Русский  

​Ընտրությունները, ձմռան նման, կուգան ու կերթան


  
դիտումներ: 4096

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 3-ում՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:

Ընդհանուր առմամբ համայնքի ղեկավար է ընտրվել 51 համայնքներում, որոնցից 39-ում ընտրվել են ՀՀԿ-ականները, 2-ում՝ ԲՀԿ և 2-ում՝ ՀՅԴ ներկայացուցիչները: Համայնքի ղեկավար է ընտրվել նաև 8 անկուսակցական, որոնցից 1-ին առաջադրել է ՀՀԿ-ն, մեկին էլ՝ ԲՀԿ-ն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Կոտայքի մարզի Ակունքի, Բյուրեղավանի, Ջրվեժի, Շիրակի մարզի Ախուրյանի, Անիի, Սյունիքի մարզի Սիսիանի և Վայոց ձորի մարզի Արենիի համայնքներում: Այդ 7 համայնքներում ընտրվել են 3-ը, որոնցից 1-ն անկուսակցական է:

ՀՅԴ-ի թեկնածուներից էլ երկուսն են դարձել համայնքի ղեկավար: Շիրակի մարզի Ախուրյանի համայնքում ՀՅԴ-ի թեկնածու, գործող համայնքապետ Արծրուն Իգիթյանը, ստանալով 2393 ձայն, հաղթել է իր մրցակիցներին: Մարմաշենի համայնքապետը նույնպես ՀՅԴ ներկայացուցիչ է՝ Կարեն Արշակյանը:

ՀՀԿ-ն համայնքի ղեկավարի թեկնածուներ էր առաջադրել գրեթե բոլոր համայնքներում, որոշ համայնքներում էլ ՀՀԿ-ականներն ինքնաառաջադրվել էին: Կային նաև համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 2-3 ՀՀԿ-ականներ:

Ընդհանուր առմամբ այս ՏԻՄ ընտրություններն անցան բավականին հանգիստ մթնոլորտում: Բացառությամբ Ճամբարակում գրանցված քաշքշուկի, այլ տեղերում արտասովոր դրսևորումներ չնկատվեցին: Իհարկե, դժգոհություններ ու բողոքներ կային որոշակի ուղղորդումների, կուտակումների, որոշ դեպքերում՝ տեխնիկական միջոցների աշխատանքների կապակցությամբ: Բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ խաղաղ էր: Այս անգամ նաև բավականին քիչ էին խոսակցությունները ընտրակաշառքի մասին: Վարչական ռեսուրսների կիրառման ու ճնշումների վերաբերյալ էլ մի քանի հրապարակումներ եղան, բայց ոչ մի համայնքում իրավիճակը չդարձավ «պատերազմական»: Նաև ակնհայտ էր մարդկանց անտարբերությունն ու պասիվությունը: Ըստ ԿԸՀ տվյալների՝ կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ ընտրողների ընդհանուր թվի 50.06 տոկոսը:

Եվ այնպես ստացվեց, որ որոշ դեպքերում այս ընտրությունների հետընտրական դրսևորումներն ավելի ուշագրավ դարձան, քան բուն ընտրություններն էին: Օրինակ՝ նոյեմբերի 6-ին քաղաքական առումով արտասովոր դեպք արձանագրվեց Վայոց ձորի մարզի խոշորացված Եղեգիսի համայնքում: Այնտեղ ընտրություններում պարտված թեկնածուն, որին ՀՀԿ-ն էր առաջադրել, բողոքի ակցիա էր կազմակերպել ընդդեմ հաղթող թեկնածուի, որը նույնպես ՀՀԿ-ական էր, սակայն ինքնաառաջադրված: Պարտված թեկնածուի կողմնակիցները՝ Շատինի և հարակից համայնքների բնակիչները, փակել էին Մարտունի տանող ճանապարհը և պահանջում էին անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Այսինքն՝ ՀՀԿ-ականը դուրս էր եկել ՀՀԿ-ականի դեմ, ինչը քաղաքական առումով բավականին ուշագրավ իրողություն է:

Այս կապակցությամբ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա ներկուսակցական խնդիր է, և իրենք անպայման անդրադառնալու են դրան: Հարց էր առաջանում՝ արդյոք նման դրսևորումը ներկուսակցական համերաշխությունը չի՞ խաթարում: Բայց ուշագրավ էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը: Ըստ նրա՝ սա նաև հուշում է ՀՀԿ-ի ներսում առկա ներկուսակցական մրցակցության ու ներքին ժողովրդավարության մասին: Էհ, թող ՀՀԿ-ն զբաղվի իր ներսում առկա խնդիրներով ու հասկանա՝ Շատինի իրադարձություններն ինչ խնդիր են կամ ինչ նշանակություն ունեն իրենց համար:

Բայց հետընտրական իրադարձությունները միայն Շատինով չսահմանափակվեցին: Նոյեմբերի 7-ին էլ բողոքի ցույցի էին ելել Արենի գյուղի բնակիչները, նույնիսկ դասադուլ էին հայտարարել: Արենիում էլ խնդիրն այն էր, որ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու, Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը: Արենիի բնակիչներին սա դուր չի եկել, նրանք պահանջում են, որ իրենց գյուղապետը մնա անկուսակցական Րաֆֆի Խաչատրյանը: Արենիի բնակիչները հայտարարում էին, որ իրենց գյուղում հաղթել է Րաֆֆի Խաչատրյանը, և իրենք, բացի Խաչատրյանից, այլ մարդու չեն տեսնում իրենց գյուղապետի պաշտոնում: Արենիի գյուղացիների համար համոզիչ չէր անգամ այն դիտարկումը, որ հիմա արդեն խոշորացված համայնք է, իրենց գյուղապետը հաղթել է միայն իրենց գյուղի քվեարկության արդյունքներով, իսկ հաղթող թեկնածուն՝ բոլոր գյուղերի քվեարկությունների արդյունքներով: Ի պատասխան Արենիում հայտարարում են, որ այդ դեպքում իրենք դեմ են համայնքի խոշորացմանը:

Արենիի ու Շատինի դրսևորումները, ինչքան հիշում ենք, աննախադեպ էին: Հետընտրական կրքեր, իհարկե, տարբեր ժամանակներում ու տարբեր վայրերում եղել են: Բայց որ հետընտրական քաղաքակիրթ ընդվզում՝ բողոքի ցույց, դասադուլ, ուրիշ ակցիաներ լինեն, դժվարացանք հիշել: Հետևաբար այդ իրադարձությունները կարևոր էին տեղական մակարդակում քաղաքական գործընթացների կարևորությունը գնահատելու և տեղական ժողովրդավարության իմաստով: Իսկ ընդհանուր առմամբ՝ ընտրությունների արյդունքները բոլորը կարծես ընդունեցին: Դա է վկայում նաև ԿԸՀ ներկայացված վերահաշվարկի դիմումների ու քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումների քանակությունը:

Ըստ ԿԸՀ տվյալների՝ սահմանված ժամկետում 8 (թիվ 17, թիվ 18, թիվ 21, թիվ 24, թիվ 25, թիվ 26, թիվ 29 և թիվ 37) տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել 24 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի 22 դիմումներ: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ մեկ դիմում է ներկայացվել թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով Ծաղկահովիտի համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Հունանյանի վստահված անձի կողմից (թիվ 17/41 տեղամասի կապակցությամբ):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: