Հայերեն   English   Русский  

​Իսկ մեզ վախեցնում էին


  
դիտումներ: 2327

Երբ մանուկ էինք, ինչով ասես, որ մեզ չէին վախեցնում: Վախենում էինք, ենթարկվում ու շարունակում էինք վախենալ մինչև գիտակից տարիքը:

Նյարդային բջիջները չեն վերականգնվում, եթե ծամոնը կուլ տաս, ապա այն այդպես էլ կմնա այնտեղ՝ ստամոքսի պատին կպած: Մեզանից շատերը մեծանալուց հետո էլ են հավատում դրան: Մինչդեռ ժամանակն առաջ է գնում ու արմատախիլ անում բոլոր արմատացած համոզմունքները, սերմանված երկյուղները:

Թերևս բոլորը շոկոլադի մասին զգուշացումներ լսած կլինեն մեծերից. շատ ուտես՝ ատամներդ կփչանան, մաշկդ՝ նույնպես, պզուկներով կծածկվի դեմքդ: Սակայն պարզվում է, որ այն կարելի է ուտել սրտի ուզածի չափ, ոչ մի տեղ շոկոլադը չի կպչի ու դրանից պզուկներ չեն առաջանա: Փորձի համար գիտնականները փորձարկվողների մի խմբին տվել են նորմից 10-անգամ ավելի շոկոլադ, իսկ մյուս խմբին՝ կեղծ շոկոլադ: Ոչ մի էական տարբերություն չի գրանցվել: Այնպես որ՝ ձեզ մի զրկեք շոկոլադից. այն բարձրացնում է տրամադրությունը:

Երբ մրսած էինք լինում, արգելում էին՝ ոչ մի պաղպաղակ: Մինչդեռ իզուր էին մեզ՝ երեխաներիս զրկում կաթնամթերքը վայելելու անզուսպ ցանկությունից. այն և՛ փափկացնում է կոկորդը, և՛ օրգանիզմին անհրաժեշտ կալորիաներ է տալիս, որոնք այդ վիճակում, ախորժակի բացակայությամբ պայմանավորված, անբավարար են օրգանիզմում: Նման մերժում լսում ենք նաև նշիկների վիրահատությունից հետո:

Ասում էին՝ նյարդային բջիջները չեն վերականգնվում: Իրականում ուղեղի մի քանի հատվածներում ամեն օր նոր նեյրոններ են ծնվում: Այդ պրոցեսը կոչվում է նեյրոգենեզ, իսկ դա տեղի է ունենում հիպոկամպում, որը պատասխանատու է կարճատև հիշողությունը երկարատևի վերածելու և զգացմունքների ձևավորման համար: Մարդու մոտ օրական 700 նեյրոն է ծնվում:

Իսկ օրական 8 բաժակ ջուր խմելու խորհրդի մասին լսե՞լ եք: Անկասկած, ջուրն անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն ինչո՞ւ հենց այդքան: Գիտնականներն այդքան ջրի ու սիրտ-անոթային, երիկամների հիվանդության միջև կապ չեն գտել: Բայց ջուրը կաթնային կոկտեյլների, էներգետիկ ըմպելիքների ու գազավորվածների ոչ կալորիական այլընտրանքային տարբերակ է: Ջուրը նախընտրողները նվազ կալորիաներ են ստանում, ուստի պետք է խմել այնքան, որքան սիրտդ է ուզում, որքան օրգանիզմդ է պահանջում:

Մատները ճրթացնելուց վատ ու տգեղ բան չկա, արթրիտի վտանգն էլ շատ մեծ է: Կարելի է ենթադրել, որ նման միտքն արտահայտողներին պարզապես նյարդայնացնում է ճրթոցի ձայնը: Վերջույթները ճրթացնելու սովորություն ունեցողների օրինակով կարելի է համոզվել, որ նրանց մոտ արթրիտի զարգացման ռիսկ ու դրանով պայմանավորված հիվանդություն չկա:

Ալկոհոլի ազդեցության տակ հիշողության կորուստը կարելի է վերականգնել, լրացնել: Դա նույնպես ճիշտ չէ: Եթե խումհարից հետո ոչինչ չեք հիշում, դա նորմալ է, որովհետև ուղեղը օրգանիզմի ալկոհոլով թունավորման ժամանակ անջատում է իր այն հատվածը, որը գաղտնագրում է հիշողությունները: Ուստի, երբ մարդիկ պատմում են՝ իբր հիշում են, թե ինչպես են իրենց տուն հասցրել, կա՛մ ստում են, կա՛մ էլ նրանց մոտ կեղծ հիշողություններ են:

Իսկ այն բոլոր գովազդնե՞րը, որոնցով համոզում են, թե կաթնաթթվային մթերքները վերականգնում են մարսողական համակարգի աշխատանքն ու հավասարակշռություն ստեղծում ստամոքսի ու աղիների աշխատանքում…

Այն միտքը, որ «լավ բակտերիաները» կբնադրվեն աղիներում ու մեզ գերնորաձև գեղեցիկ մարդ կդարձնեն, կբարելավեն իմունիտետը, պարզապես անտրամաբանական է: Այո, բակտերիաների գործունեությունը կապված է օրգանիզմի նյութափոխանակության հետ, սակայն յուրաքանչյուրի օրգանիզմն առանձնահատուկ է, ու լավ կամ վատ բակտերիաների ոչ մի նորմ գոյություն չունի: Դա, իհարկե, չի նշանակում, որ յոգուրտները վնասակար են, պարզապես դրանք ավելի շատ են գովազդվում: Դա, անշուշտ, չի նշանակում, որ կաթնաթթվային մթերքն օգտակար չէ, պարզապես մեկ բանկա յոգուրտով չեք կարող պաշտպանվել վարակների գրոհից: Բացի այդ, յոգուրտների մեծ մասը մեծ քանակությամբ շաքար է պարունակում, այնպես որ յոգուրտը դիետիկ համարելը խիստ պայմանական է:

Աշխարհում օրգանական սննդի նորաձևություն է տիրում, այն համարվում է շատ օգտակար: Բայց թե՛ արդյունաբերական և թե՛ ֆերմերական մթերքներում նույնքան պեստիցիդներ կան. չէ՞ որ ֆերմերները նույնպես պետք է սրսկեն իրենց մթերքը, որ չփչանա: Ուստի ֆերմերական «էկոլոգիապես մաքուր» մթերքի մեջ, ոչ օրգանականի համեմատ, ոչ մի սննդարար որակ չի ավելանում, թերևս միայն՝ օրգանիկ մակնշմամբ պիտակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: