Հայերեն   English   Русский  

​Կատալոնիայի ձախողված անկախությունը. տեղի կունենան արտահերթ ընտրություններ


  
դիտումներ: 2367

Կատալոնիայի արդեն նախկին կառավարության կազմին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։ Նրանց մեղադրում են ապստամբության հրահրման, պառակտիչ գործողությունների և պետական միջոցների վատնման մեջ։

Կառավարության նախկին 8 անդամներ, որոնք Մադրիդ էին մեկնել հարցաքննության, արդեն իսկ ձերբակալված են։ Իսպանիայի իշխանությունները նաև Կատալոնիայի՝ Բելգիայում գտնվող նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և ևս 4 նախարարների ձերբակալման միջնորդություն են ներկայացրել։ Բելգիական դատարանի որոշմամբ՝ Պուչդեմոնը և հետախուզման մեջ գտնվող նրա համախոհները չեն կարող հեռանալ Բելգիայից, մինչև որոշվի նրանց արտահանձման հարցը։

Պուչդեմոնն Իսպանիայից անաղմուկ հեռանալը բացատրել է անվտանգության նկատառումներով։ Նա հայտարարել է, որ կվերադառնա Իսպանիա, եթե Մադրիդը երաշխավորի արդար դատաքննության հնարավորությունը։ Նա նաև հայտարարել է, որ մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայից և պատրաստվում է մասնակցել դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Պուչդեմոնի հեռանալը պարզապես փախուստ է քաղաքական պատասխանատվությունից և Կատալոնիայի ժողովրդի քվեարկության արդյունքներից։ Տեսակետ կա նաև, որ Պուչդեմոնը քաղաքական հալածյալի կարգավիճակում ընտրություններին հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունի։

Times պարբերականի կարծիքով՝ Իսպանիայի իշխանությունների քայլերն ավելի են սրում իրավիճակը՝ նվազեցնելով ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման հնարավորությունը։ Ըստ պարբերականի՝ Կատալոնիայի կառավարության անդամների նկատմամբ հետապնդումներն ու քաղաքական ճնշումները հնարավորություն են տալիս, որ Պուչդեմոնն առաջիկա ընտրություններում ներկայանա որպես քաղաքական հալածյալ։ «Որպեսզի դեկտեմբերի 21-ին կայանալիք տարածաշրջանային ընտրությունները որևէ իմաստ ունենան, պետք է որ Պուչդեմոնն առանց որևէ խոչընդոտի կարողանա վերադառնալ հայրենիք և մասնակցի ընտրություններին»,- եզրակացնում է պարբերականը՝ հավելելով, որ այդ ընթացքում էլ Մադրիդը պետք է համախմբի այն կատալոնացիներին, որոնք դեմ են անկախացմանը, և նրանց ցույց տա միասնականության առավելությունները։

Քննադատության է արժանանում Իսպանիայի վարչապետ Ռախոյի գործունեությունը՝ սկսած հանրաքվեի օրվա ոստիկանական բռնություններից մինչև կատալոնացի քաղաքական գործիչների հետապնդումները։ Վերլուծաբանները նշում են, որ Իսպանիայի վարչապետն իր կոշտ գործողություններով «կրակի վրա յուղ է լցնում»՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքն ավելի ու ավելի անկանխատեսելի դարձնելով։

Ինչու ձախողվեց անկախացման փորձը

Եվրոպական տեղեկատվության կենտրոնի ղեկավար Նիկոլայ Տոպորոնինի կարծիքով՝ անկախության գործընթացի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Կատալոնիայի իշխանությունները պատրաստ չէին Մադրիդի իշխանությունների կոշտ արձագանքին։ Իսկ Մադրիդը հանրաքվեի օրվա և հաջորդած գործողություններով ցույց տվեց, որ պատրաստ է ամեն ինչի հանուն տարածքային ամբողջականության պահպանման։

«Անկախության հռչակումը դեռ անկախություն չի նշանակում»,- ասում է փորձագետը՝ հավելելով, որ Իսպանիայի սահմանադրությունն օրինական կերպով անկախացման հնարավորություն չի տալիս։ Հետևաբար Կատալոնիայի իշխանություններին անկախ պետություն հռչակելու համար մնում էր վերահսկողության տակ վերցնել ոստիկանությունը, բանակը, սահմանները, օդանավակայաններն ու նավահանգիստները, բանկերը, որոնք փաստացի ենթարկվում են Մադրիդին։

«Կատալոնիայի իշխանությունները հույս ունեին, որ աջակցություն կստանան ԵՄ-ի և եվրոպական ժողովրդավարական հանրության կողմից։ Սակայն ԵՄ-ն հասկացրեց, որ չի պատրաստվում միջամտել Իսպանիայի ներքին գործերին»,- ասում է փորձագետը։

Նա նաև նշում է, որ անկախացման գործընթացն այնքան է խորացել, որ այլևս առանց բախումների իրավիճակը հարթելը քիչ հավանական է։ Սակայն, նրա կարծիքով, հավանականությունը քիչ է, որ բախումները կվերաճեն քաղաքացիական պատերազմի։

«Ամեն ինչ մեծապես կախված է սպասվող խորհրդարանական ընտրությունների ընթացքից»,- ասում է նա՝ հավելելով, որ Մադրիդը պետք է զիջումների գնա՝ վերականգնելով թե՛ Կատալոնիայի ինքնավարությունը, թե՛ վերանայելով ինքնավարության հետ ֆինանսական փոխհարաբերությունները։

Անկախության «կորուստները»

Անկախության հռչակման գործընթացի հետևանքով Կատալոնիան կարող է մեծ ֆինանսական կորուստներ կրել: ԶԼՄ-ների հետ զրույցում Կատալոնիայի տուրիզմի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Տորենտը կանխատեսել է, որ մինչև տարեվերջ զբոսաշրջիկների հոսքը դեպի Կատալոնիա կնվազի 10-20 տոկոսով, ինչպես նաև կկրճատվեն տարածաշրջանում կազմակերպվող համաժողովները, բիզնես այցերը: Այդ ամենի հետևանքով տարածաշրջանը կկորցնի շուրջ 450 մլն եվրո:

Հանրաքվեից հետո արդեն իսկ 2000 ընկերություններ իրենց գրասենյակները տեղափոխել են Կատալոնիայից։ Եվ դա բնականաբար կազդի ոչ միայն Կատալոնիայի, այլև ընդհանուր առմամբ Իսպանիայի տնտեսության վրա։

Անկախացման դեպքում կորուստները, սակայն, կլինեն ոչ միայն ֆինանսական։

Կատալոնիայի հնարավոր անկախացման դեպքում տարածաշրջանը կկորցնի բնակչության շուրջ 15 տոկոսը. այսպիսին են La Vanguardia պարբերականի պատվերով իրականացված հարցման արդյունքները:

Հարցման տվյալներով` բնակիչների ավելի քան 28 տոկոսը կողմ է, որ ինքնիշխանության ձեռքբերման գործընթացն ավարտվի անկախության հռչակմամբ: Ավելի քան 36 տոկոսը կողմ է, որ կոնֆլիկտը լուծվի կողմերի միջև բանակցությունների միջոցով: Սակայն նման հնարավորությանը հավատում է միայն հարցվածների 21 տոկոսը:

Իսկ այն, որ դեկտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կօգնեն իրավիճակը նախկին բնականոն հունին վերադարձնելու, կարծում է հարցվածների 41 տոկոսը: Հարցվածների ավելի քան 58 տոկոսը կարծիք է արտահայտել, որ վերջին 5 տարիներին ընթացող անկախացման գործընթացների պատճառով Կատալոնիան միայն կորուստներ է ունեցել: Հարցվածների մեծամասնությունը մտավախություն է հայտնել նաև, որ անկախության հռչակման հետևանքով կկորցնեն ԵՄ անդամությունը։

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի իշխանությունները, հիմք ընդունելով անկախության հանրաքվեի արդյունքները, կողմ քվեարկեցին անկախացմանը: Սակայն Իսպանիայի իշխանություններն անկախության հռչակագրի ընդունումից ժամեր անց լուծարեցին Կատալոնիայի Ինքնավարության խորհրդարանը` մտցնելով ուղիղ կառավարում: Կատալոնիան, սակայն, ինքնավարությունից չի զրկվել, ենթադրվում է, որ դեկտեմբերի 21-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Մադրիդի կողմից իրականացվող ուղիղ կառավարումը կհանվի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: