Հայերեն   English   Русский  

Դատական իշխանություն


  
դիտումներ: 12129

Նախորդ համարներում անդրադարձել ենք պետական իշխանությանը: Նախ ներկայացրինք պետական իշխանությունն ընդհանուր առմամբ, բացահայտեցինք «պետական իշխանություն» հասկացությունը, հատկանիշները և գործունեության սկզբունքները: Այնուհետև պարզաբանեցինք պետական իշխանության երկու թևերը` օրենսդիր և գործադիր: Այս համարում կանդրադառնանք իշխանության երրորդ թևին կամ ճյուղին` դատական իշխանությանը:

Դատական իշխանության գլխավոր առաքելությունն արդարադատության իրականացումն է: Ընդ որում, արդարադատություն իրականացնելու «մենաշնորհը» պատկանում է միայն դատարաններին: Դատական իշխանությունը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով.

-Դատական իշխանությունն իրականացվում է միայն դատարանների կողմից.

-Դատական իշխանությունն օժտված է բացարձակ ինքնուրույնությամբ.

-Դատական իշխանությունն իրականացվում է սահմանադրության և օրենքներին համապատասխան.

- Դատական իշխանությունը միասնական է:

Դատարաններն անկախ են: Դատարանների անկախությունը դրսևորվում է մի շարք սահմանադրական նորմերով: Օրինակ` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, կամ դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ, երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ, կամ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն, դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ և այլն:

ՀՀ-ում գործում են սահմանադրական դատարանը, վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը, մյուս բոլոր հարցերով՝ ընդհանուր իրավասության քրեական, քաղաքացիական, վարչական դատարանները, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները:

2015 թ. սահմանադրական փոփոխություններով ստեղծվեց նոր ինստիտուտ` Բարձրագույն դատական խորհուրդը: Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների ու դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

Նշենք, որ առայժմ բարձրագույն դատական խորհուրդը չի գործում, այն պետք է կազմավորվի հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ և կգործի արդեն հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը: Այդ նույն օրը կդադարեցվեն Արդարադատության խորհրդի լիազորությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: