Հայերեն   English   Русский  

​ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐ


  
դիտումներ: 1930

IV դարից ի վեր հայ առաքելական եկեղեցին, հոգևորից զատ, ձգտելով նաև աշխարհիկ իշխանության, հաճախ ձեռնոց էր նետում նաև ազգային պետությանը: Հայոց կաթողիկոսները շատ ավելին էին ցանկանում ունենալ:

Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը հայոց պատմության մեջ մեծ ու կարևորագույն դերակատարություն է ունեցել: Վկայասեր մականունը ստացել է այն հանգամանքի շնորհիվ, որ հովանավորել է Կիրակոս թարգմանչին, որը Կոստանդնուպոլսում հունարենից հայերեն է թարգմանել բազմաթիվ վարքագրական և հայրաբանական երկեր։

Գրիգոր Վկայասերը Պահլավունիների նշանավոր տոհմից էր: Ծնվել է Անի մայրաքաղաքում: Ծննդյան թվականն անհայտ է: Պահլավունիները սերում էին Կամսարականներից: Կամսարականների տոհմը հայոց երկրում վաղ միջնադարից պաշտպանում էր եկեղեցու և քրիստոնեության շահերը, շատ դեպքերում անգամ՝ հայոց արքաներին ըմբոստանալու գնով:

VIII դարում արաբական ճնշման տակ Կամսարականները լքեցին հայրենիքն ու հեռացան Արևմուտք: Սակայն երկու տասնամյակ անց վերադարձան և այս անգամ հայոց պատմության մեջ հանդես եկան Պահլավունի տոհմանունով:

Լինելով ռազմատենչ ու հավակնոտ տոհմ՝ Պահլավունիները կարճ ժամանակ անց կարողացան իրենց ձեռքերում կենտրոնացնել երկրի ռազմական, տնտեսական ներուժը և երբեմն նրանց կողքին Անիի Բագրատունիների իշխանությունը փաստացի անվանական էր: Այդպես էր վերջին երկու թուլամորթ գահակալների՝ Հովհաննես-Սմբատ Գ-ի (1020-1041) և Գագիկ Բ-ի (1042-1045) պարագայում:

Գրիգոր Բ Վկայասերի հայրը հայ անվանի գիտնական, իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին էր: Գրիգոր Մագիստրոսն իր ժամանակի ամենաուսյալ այրերից էր ու քաջ զորավարներից: Սակայն, ցավոք, ավելի շատ սուր էր ճոճում հայոց թշնամու՝ Բյուզանդիայի շահերի համար… Նա Անիի Բագրատունիների թագավորության հիմքերը խարխլողներից էր: Երբ իր կալվածքները հանձնեց Բյուզանդիային ու հեռացավ օտար ծառայության, թշնամին ըստ արժանվույն գնահատեց նրա ծառայություններն ու նրան Միջագետքի դուքս նշանակեց:

Գրիգոր Մագիստրոսի մահից հետո՝ 1059 թ., բյուզանդական կայսրը Միջագետքի դուքս նշանակեց նրա ավագ որդուն՝ Վահրամ Պահլավունուն:

Սակայն Պահլավունիները հասկանալով, որ հայոց պետականության անկման պայմաններում, երբ Բյուզանդիան նույնպես թեքվել է դեպի մայրամուտ, ռազմի և քաղաքական առումներով իրենց դիրքն ու ազդեցությունը պահել չեն կարող, որոշեցին իրենց ազդեցության պահպանման համար հոգևոր ոլորտը գրավել: Եվ ահա, XI դարից սկսած, ավելի քան մեկուկես հարյուրամյակ հայոց կաթողիկոսական գահին տեսնում ենք միայն Պահլավունիներին:

Վահրամ Պահլավունի իշխանն էլ, կարճ ժամանակ պաշտոնավարելով որպես Միջագետքի դուքս, սիրելի կնոջ անժամանակ մահից հետո հրաժարվում է իր պաշտոնից, հոգևորական դառնում, որոշ ժամանակ առանձնանում Ամանոսի լեռներում գտնվող վանքերից մեկում, ընդունում Գրիգոր անունն ու սկսում վերելքը դեպի կաթողիկոսական գահ:

Երբ մահացավ Խաչիկ Բ Անեցի կաթողիկոսը, անմիջապես նոր հայրապետ է ընտրվում Գրիգորը: Երբ և որտեղ է գումարվել նրան ընտրող եկեղեցական ժողովը՝ հայտնի չէ:

Դատելով Մատթեոս Ուռհայեցու ակնարկից՝ անգամ եպիսկոպոսական ժողով չի գումարվել, Գրիգորն ուղղակի զավթել է կաթողիկոսական գահը հայոց ազդեցիկ երևելիների համաձայնությամբ: Պակաս կարևոր չէր նաև արտաքին՝ բյուզանդական գործոնը: Գրիգոր Մագիստրոսի որդին, ինքն էլ բյուզանդական նախկին պաշտոնյա, պետք է որ ընդունելի թեկնածու լիներ Բյուզանդիայի համար:

1066 թ. Գրիգոր Վկայասերը Կարս-Վանանդի թագավորության նախկին գահակալի՝ դասալիք Գագիկ Աբասյան թագազուրկ արքայի նստավայր Ծամնդավում օծվեց Ամենայն հայոց կաթողիկոս: Ի դեպ, կաթողիկոսական գահ բարձրանալուն օժանդակել են Բագրատունյաց ու Արծրունյաց դասալիք, թագազուրկ բոլոր արքայիկները, որոնք թուրքական վտանգից «փրկվել» էին՝ իրենց երկրները ծախելով Բյուզանդիային: Գրիգոր Վկայասերը մտերիմ էր հատկապես Գագիկ Աբասյանի կնոջ՝ Մարիամ թագուհու հետ:

Հայտնի չէ անգամ՝ նորընծա կաթողիկոսն արդյոք եպիսկոպոս ձեռնադրվել է, թե ոչ:

Ի դեպ, կաթողիկոսական գործերը նրան այնքան էլ չէին հետաքրքրում: Գրիգորը կամենում էր ճամփորդել Կոստանդնուպոլսում, Հռոմում, Պաղեստինում, Եգիպտոսի անապատներում, որից հետո նպատակ ուներ մենակյաց դառնալ: Նրան ընդդիմացան հայոց թագազուրկ «արքաները»: Սակայն կաթողիկոսն անդրդվելի էր: Շուտով նորընծա կաթողիկոսը մեկնեց Կոստանդնուպոլիս: Տարիներ անց երկու անգամ այցելեց նաև Եգիպտոս: Իր բացակայությունների ժամանակ Գրիգոր Վկայասերը փոխանորդ էր նշանակում իր օգնական Գևորգ Լոռեցուն:

Իսկ վերջինս, օգտվելով կաթողիկոսի նախասիրություններից ու բացակայությունից, փորձում էր գրավել կաթողիկոսական գահը՝ մի կողմից դրդելով Գրիգոր Վկայասերին մենակյաց դառնալ, մյուս կողմից՝ նրա հովանավոր գահազուրկ արքաներին համոզելով չտարհամոզել նրան:

Ի վերջո, Գևորգ Լոռեցին հասնում է իր նպատակին: 1067 թ. Գրիգոր Վկայասերը նրան Ծամնդավում ձեռնադրում է կաթողիկոս ու հեռանում ճամփորդության:

Ինչպես նշում է Ուռհայեցին, երկու կաթողիկոսների միջև անթաքույց թշնամանք է սկսվում:

Ի դեպ, Կիրակոս Գանձակեցին հաղորդում է, որ Գրիգոր Վկայասերը, բացի Կոստանդնուպոլսից և Եգիպտոսից, եղել է նաև Հռոմում, ուր գնացել էր երկրպագելու Պետրոս և Պողոս առաքյալների նշխարներին:

Գրիգոր Վկայասերը Եգիպտոսում առանձնանում է Թերալիդի մենաստանում և իրեն նվիրում ճգնակեցության: Մեմֆիսի մոտակայքում կաթողիկոսը հասցնում է նաև մենաստան հիմնել: Հայ եկեղեցին նրա վերաբերյալ մի լեգենդ է հորինել: Իբր նա աղոթքով անձրև է առաջացրել, և քանի որ մինչ այդ Եգիպտոսում անձրև չէր եկել, այդ հրաշքի համար արժանանում է սուլթանի հատուկ հարգանքին և ընդունելությանը:

Եգիպտոսում կաթողիկոսը եպիսկոպոս է ձենադրում իր եղբորորդի Գրիգոր Պահլավունուն և կարգում եգիպտահայերի առաջնորդ:

Վերադառնալով եգիպտական ճամփորդությունից՝ Գրիգոր Վկայասերը դարձյալ առանձնանում է մենաստանում և իրեն նվիրում ճգնակեցության: Իր ողջ ժամանակն անց է կացնում վկայաբանություններ ընթերցելով և նահատակների կյանքն ուսումնասիրելով: Նաև թարգմանություններ է կատարել հունարենից և ասորերենից:

Իսկ մինչ այդ՝ 1072 թ., նա հայտնվեց Ծամնդավում, Գևորգ Լոռեցուն պաշտոնանկ հայտարարեց ու հեռացրեց եկեղեցական գործերից:

Գևորգ Լոռեցին մեկնեց Կիլիկիո Ապլղարիբ Արծրունի իշխանի մոտ, որը հավակնոտ ու գոռոզ անձնավորություն էր, այնտեղ արժանացավ շքեղ ընդունելության և որպես կաթողիկոս ապրեց մինչ իր մայրամուտը:

Գրիգոր Վկայասերը դարձյալ հաստատվեց Գագիկ Աբասյանի տիրույթներում՝ Ծամնդավի մոտակայքում և այնտեղից վարում էր կաթողիկոսական գործերը:

Նա, կարգի գցելով իր գործերը, ճամփորդեց նաև Հայաստանում: Եղավ Անիում, ուր իր ազգական Բարսեղին եպիսկոպոս կարգեց և կաթողիկոսական տեղապահ, ապա Տարոնում այցելեց իր մորը:

Կաթողիկոսը, սակայն, չհաստատվեց հայոց մայրաքաղաքում, որ գտնվում էր սելջուկների տիրակալության տակ, այլ վերադարձավ բյուզանդական տիրակալության տակ գտնվող հայոց հողերը:

Երբ կաթողիկոսը վերադարձավ Անիից, Քեսաբի հայոց իշխանության զորեղ տիրակալը՝ Փիլարտոս Վարաժնունին, ցանկացավ, որ հայոց կաթողիկոսանիստը լինի իր կալվածքներում, և հրավիրեց Վկայասերին իր մոտ: Գրիգոր Վկայասերը հրաժարվեց գնալ, վախեցավ և Փիլարտոսին առաջարկեց, որ կաթողիկոս օծի Պետրոս Գետադարձի քրոջ որդի Սարգսին և ուղարկի իր մոտ: Այդպես էլ արվում է: Գրիգոր Վկայասերը եպիսկոպոս է օծում Սարգսին, որին Հոնի քաղաքում գումարված ժողովի ժամանակ Փիլարտոսի հրամանով եպիսկոպոսներն օծեցին կաթողիկոս: Սակայն ո՛չ այս Սարգիսը, ո՛չ էլ նրան հաջորդած Թեոդորոս Սլախոսիկը կաթողիկոսական գահի նկատմամբ առավել մեծ հավակնություններ չունեցան:

1081 թ. Լոռվա թագավոր Կյուրիկե Բ Հաղպատում Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի ձեռամբ կաթողիկոս օծել տվեց Գրիգոր Վկայասերի ազգականին՝ Բարսեղ Անեցուն:

Սա դարձավ օրինական աթոռակից և Գրիգոր Վկայասերից էլ մեծ ազդեցություն ունեցավ շնորհիվ սելջուկյան իշխանությունների և Մանուչեի անթաքույց աջակցության:

Գրիգոր Վկայասերը դեմ չէր կաթոլիկների և հունադավանների հետ հայ եկեղեցու միությանը: Նա սերտորեն շփվում էր բոլորի հետ: Կաթողիկոսը նաև սուր վերցրեց հանուն Երուսաղեմի ազատագրման և 1099 թ. միանալով խաչակիր ասպետներին՝ մասնակցեց Երուսաղեմի գրավմանը, ուր վիրավորվեց մարտի ժամանակ:

Կյանքի մայրամուտին Գրիգոր Վկայասերն առանձնացավ Քեսուն գավառի նշանավոր Կարմիր վանքում, որտեղ էլ մահացավ 1105 թ.:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: