Հայերեն   English   Русский  

​Չտեսնող երիտասարդ, որ կարծրատիպեր է կոտրում


  
դիտումներ: 9564

Նոյեմբերի 13-ը նշվում է որպես Կույրերի միջազգային օր: Այս առիթով էլ հանդիպել ենք բանասեր, տիֆլոմանկավարժ Սիփան Ասատրյանի և նրա կնոջ՝ Վանուհի Ստեփանյանի հետ:

Չորս տարեկանում գրիպի հետևանքով տեսողությունը կորցրած Սիփանն այսօր իր կառուցած աշխարհն ունի՝ ամենօրյա խնդիրներով և փոքր ու մեծ հաղթանակներով:

Նա ծնվել է Ճամբարակ քաղաքում, որտեղ էլ սկզբում դպրոց է հաճախել՝ ունենալով զուտ դասերին ներկա լինելու հնարավորություն: Վեցերորդ դասարանում ծնողները կտրուկ որոշում են տեղափոխվել Երևան և Սիփանին կրթության տալ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, որտեղ գրում և կարդում են բրալյան համակարգով: Սիփանը կարողանում է լրացնել կրթության բացը և դպրոցից հետո ընդունվել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ: Սովորում է գերազանց և 2010-ին դառնում մայր բուհի լավագույն ուսանող: Ավարտելուց հետո տեղի է ունենում նրա կյանքի հաջորդ շրջադարձը՝ հանդիպումը լեհ մասնագետների հետ: Նրանք Հայաստան էին եկել հատուկ ծրագրով, որի շրջանակներում էլ Սիփանը վերապատրաստվում է Լեհաստանում՝ զարգացնելով սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու իր հմտությունները և ստանալով տարածական կողմնորոշման հրահանգչի սերթիֆիկատ:

Պարզվում է՝ սպիտակ ձեռնափայտը գոյություն ունի 1921 թվականից, բայց Հայաստանում դրա մասին սկսել է խոսվել 2009-ից հետո: Այն 3 կամ 5 մասից բաղկացած մետաղյա ձողերի համակարգ է՝ ծալովի կամ ոչ: Սպիտակ ձեռնափայտը չտեսնող մարդու օգնականն է. տեղեկացնում է միջավայրի մասին և ապահովում անվտանգ ու ազատ տեղաշարժ՝ պաշտպանելով փոսերից, ջրափոսերից, ծառերից և այլն: Չտեսնողները դրա միջոցով նաև կարողանում են «լսել» շրջապատը, այսինքն՝ տկտկացնելով գետնին՝ հասկանում են՝ շենք կա՞ շրջապատում, թե՞ տարածքը բաց է:

«Սպիտակ ձեռնափայտի ուսուցումը Եվրոպայում տևում է ամիսներ՝ կախված մարդու անհատական առանձնահատկություններից և այն հանգամանքից, թե երբ է անձը կորցրել տեսողությունը: Ուշ տարիքում տեսողությունը կորցրածների դեպքում ուսուցումն ավելի դանդաղ է ընթանում»,- բացատրում է Սիփանը և տեղեկացնում, որ Հայաստանում այն քիչ է տարածված, որովհետև սպիտակ ձեռնափայտով քայլելու մշակույթ չի ձևավորվել: Թե՛ ընտանիքները, թե՛ ուսումնական հաստատություններն այդ ուղղությամբ չեն աշխատում: Չտեսնողներն էլ հաճախ չեն ցանկանում քայլել դրանով, որովհետև ամաչում են՝ չգնահատելով սեփական անկախությունը:

«Ցավոք, Հայաստանում չկա համապատասխան վերականգնողական կենտրոն, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ աջակցություն կստանային: Չկա նաև սպիտակ ձեռնափայտի համատարած վաճառք կամ տրամադրում պետության կողմից: Ինձ անշահախնդրորեն եվրոպացի ընկերներս են օգնում: Ձեռնափայտերն արժեն 20-50 եվրո: Իհարկե, կան նաև անհամեմատ թանկերը՝ խոչընդոտի մասին զգուշացնող հատուկ հաղորդակներով»,- ամփոփում է Սիփանը և շարունակում ներկայացնել անցած կրթական ուղին:

Ոգեշնչվելով ձեռք բերած հմտություններից՝ նա շարունակում է ուսումը՝ ընդունվելով Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մագիստրատուրա՝ հատուկ կրթության ֆակուլտետի տիֆլոմանկավարժության բաժինը (զբաղվում է չտեսնող երեխաների կրթության և դաստիարակության հարցերով), ավարտելուց հետո դառնում է ասպիրանտ՝ համոզված, որ հենց հաշմանդամություն ունեցող մարդիկ պիտի բարձրաձայնեն իրենց խնդիրները՝ կոտրելով շատ կարծատիպեր և կրթելով հասարակությանը:

2012-ից Սիփանն աշխատանքի է անցնում Լեհաստանի հետ համագործակցող կազմակերպությունում որպես տարածական կողմնորոշման հրահանգիչ: Չտեսնող անձանց հետ աշխատանքը տևում է վեց ամիս, որից հետո մեկ տարի աշխատում է «Ֆորտե» հաշմանդամություն ունեցող անձանց գիտամշակութային կազմակերպությունում որպես տնօրեն: Սիփանն այդ մեկ տարին համարում է փորձառության շրջան մարդկանց և ինքն իրեն ճանաչելու առումով: Այնուհետև աշխատանքի է անցնում «Ազգային առաջնորդության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունում որպես տեղեկատվության և հաղորդակցության բաժնի համակարգող: Սակայն Սիփանը ցավում է, որ աշխատել է հիմնականում իրեն ծանոթ միջավայրերում: Նա իր առջև խնդիր է դրել աշխատանք գտնել անծանոթ կազմակերպություններում կամ պետական ոլորտում՝ գործատուներին ապացուցելով, որ չպետք է միանգամից սևեռվել հաշմանդամության վրա:

Սիփան Ասատրյան

«Խնդիրը երկկողմանի է, իհարկե: Թե՛ չտեսնողները պետք է ավելի վստահ լինեն իրենց ուժերին, թե՛ գործատուներն՝ առավել պատրաստակամ՝ հաշվի առնելով, օրինակ, այն փաստը, որ չտեսնողները հատուկ ձայնային ծրագրերով կարողանում են լիարժեք օգտվել համակարգչից: Կուզենայի՝ գոնե փորձելու հնարավորություն տրվեր, որ նրանք ծանոթանային մեր հմտություններին,- ասում է Սիփանը և շարունակում,- ինձ հատկապես օգնեց արտասահմանյան փորձը, երբ տեսա, թե ինչպես են չտեսնողներն ազատ տեղաշարժվում, ինչը միշտ չէ, որ կապված է միջավայրի հետ, քանի որ Եվրոպայում էլ կան չտեսնողներին չհարմարեցված քաղաքներ: Անհրաժեշտ է պարզապես դուրս գալ հաշմանդամության պատնեշից: Թե՛ ընտանիքը պիտի ձերբազատվի կարծրատիպերից, թե՛ հաշմանդամություն ունեցող անձը, միայն պետությանն ու հասարակությանը չպետք է մեղադրել: Այսօր ունեմ բարձունքների հասած չտեսնող ընկերներ, որովհետև նրանք հասկացել են՝ մյուսներից ավելի պիտի պայքարեն: Մարդը դժվարություններ չի սիրում, բայց պետք է ելքեր գտնել: Երբ ես կարողանում եմ փորձությունների մեջ լավը տեսնել, հաղթահարել խնդիրները՝ այդ դեպքում եմ միայն ինձ համարում լիարժեք կյանքով ապրող մարդ»:

Սիփանը նաև նկատում է, որ թե՛ հատուկ դպրոցը, որ տալիս է գիտելիքներով հարուստ շրջանավարտներ, թե՛ ներառական կրթությամբ դպրոցները չեն հասկանում, որ հաշմանդամություն ունեցող անձին պետք է տալ ոչ միայն գիտելիք, այլև հմտություններ, որովհետև գիտելիքներով բեռնավորված մարդը չի կարողանում ամենապարզ գործողություններն անգամ կատարել կյանքում:

«Երբ սովորում էի սպիտակ փայտիկով տեղաշարժվել, ուրախացել էի, որ արդեն կարող եմ ինքնուրույն լինել և չվախենալ մենակությունից, որովհետև կարծում էի՝ չեմ ամուսնանալու, բայց սպիտակ փայտն ինձ տարավ հակառակ ուղղությամբ. այնքան անկախություն ձեռք բերեցի, որ ինձ թույլ տվեցի սիրել: Այսօր ունեմ կին, երեխա: Իմ տեսողական խնդիրը չի խանգարել ու հուսով եմ՝ չի խանգարի ընտանեկան դժվարությունների հաղթահարման ճանապարհին: Եվ այսօր մենք ունենք մի մեծ ու լուսավոր կետ՝ աղջիկս, որին փորձում ենք որպես ինքնուրույն, մաքառող տեսակ մեծացնել»:

Մասնագիտությամբ հատուկ մանկավարժ Վանուհին պատմում է, որ Սիփանի հետ հանդիպել են մանկավարժական համալսարանում: «Այն ամբողջ արժեքային համակարգը, որ միշտ փնտրել եմ, գտել եմ Սիփանի մեջ: Մենք ոչ միայն նայում ենք նույն ուղղությամբ, այլև միևնույն ժամանակ տեսնում ենք նույն բանը: Ուրախ եմ, որ այս թեկուզ կարճ տարիների ընթացքում մեզ պատահած խնդիրները չեն հիասթափեցրել ինձ, համոզվել եմ՝ ճիշտ ընտրություն եմ կատարել: Մեծացած լինելով բավականին ավանդական ընտանիքում՝ գիտակցել եմ, որ խնդիրներից չեմ կարողանալու խուսափել, և մինչև այսօր էլ դեռ չհաղթահարված կարծրատիպեր կան, բայց մեր սիրո շնորհիվ շատ դժվարություններ մնացել են հետևում: Իսկ եթե ուշադրություն դարձնեինք դրանց՝ հիմա յուրաքանչյուրս իր կյանքով կապրեր՝ մտածելով, որ սպանեցինք մեր սերը հանուն հասարակական կարծիքի: Եթե մի քանի տարի առաջ մտածում էի՝ պիտի պայքարել հասարակության դեմ, հիմա կարծում եմ՝ պետք է ընդամենը ապրել սեփական կյանքը: Այսօր հաճախակի եմ լսում, որ մեր ընտանիքը կարծես օրինակ լինի շատերի համար: Միակ բանը, որ Սիփանը չի կարող անել իր խնդրի պատճառով, երևի մեքենա վարելն է, ինչը հաստատ ամենակարևորը չէ: Սիփանի չտեսնող ընկերների մեջ շատ են այնպիսիները, որոնք կառչած են հարազատներից, իսկ նա շատ ինքնուրույն է, ինչն էլ ազատում է հավելյալ խնդիրներից: Ինքս էլ այսքան հասուն չէի լինի, եթե Սիփանին հանդիպած չլինեի»:

Սիփանի և Վանուհու կյանքում նոր շունչ է մտցրել Նանեի ծնունդը, որ ավելի մեծ պատասխանատվություն է դրել նրանց ուսերին: Իհարկե, ափսոսանքի զգացողություն եղել է, որ իրենց լուսավոր փոքրիկին Սիփանը չի տեսնում, բայց նրանց համար առավել կարևոր է այն, թե ինչպիսի հայր կարող է լինել նա Նանեի համար: «Ասում են՝ երջանկություն չի լինում, միայն ակնթարթներ, բայց ես համաձայն չեմ: Եթե ամուսնուդ կամ կնոջդ կողքին քեզ լիարժեք ես զգում, ապա երջանկության զգացողությունը քեզ ոչ մի րոպե չի լքում: Մենք երջանիկ ընտանիք ենք, որ պատրաստվում է ապրել ու կատարելագործվել Հայաստանում»,- խոստովանում է Վանուհին:

Սիփանն էլ հաստատում է. «Առանց ծնողների շատ դժվար կլիներ Հայաստանի պայմաններում: Հույս ունեմ ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել դպրոցում կամ համալսարանում՝ փոխանցելով իմ գիտելիքները: Ապրում եմ ապագայի հավատով: Այստեղից գնալու շատ հնարավորություններ կան, բայց ուզում եմ իմ երկրում աշխատել, իմ երկրում կայանալ»:

Վերջում Սիփանը խոսեց Կույրերի միջազգային օրվա մասին. «Կուզենայի նման առանձնացումներ չլինեին, չէ՞ որ բոլորս էլ ունենք մեր յուրահատկությունները: Ընդհանրապես մարդիկ աստիճանաբար պարփակվում են իրենց մեջ, նաև անհանդուրժող են դառնում, ուստի մաղթում եմ, որ չկորցնենք մեր ներսում եղած ջերմությունը, կարողանանք շփվել միմյանց հետ՝ չդատելով հաշմանդամություն ունենալու կամ չունենալու փաստով, որովհետև ամեն մեկս առանձնահատուկ ենք հենց մեր տեսակով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: