Հայերեն   English   Русский  

​Ձերբակալություններ Սաուդյան Արաբիայում․ հեղաշրջման փո՞րձ է կանխվել


  
դիտումներ: 3471

Սաուդյան Արաբիայում իրարանցում է։ Գահի ժառանգորդ արքայազն Մուհամեդ բին Սալմանը բանտարկել է 11 արքայազնների և բազմաթիվ ներկա ու նախկին նախարարների։ Ձերբակալվածների թվում է նաև հայկական արմատներ ունեցող արքայազն ալ Վալիդ իբն Թալալը։

Բոլորը ձերբակալվել են Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի հրահանգով՝ կառույցի գործունեության մեկնարկից ընդամենը ժամեր անց։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզը շուտով կդառնա 83 տարեկան։ Նա կաթված է ստացել, ողնաշարի ծանր վիրահատության ենթարկվել և, ըստ շրջանառվող լուրերի, Ալցհեյմերի հիվանդություն ունի։ Նա վեց ամիս առաջ իր գահի ժառանգորդ է նշանակել երիտասարդ արքայազն Մուհամեդ բին Սալմանին։

Մուհամեդ բին Սալմանը քաղաքականությունում է 2009 թվականից, երբ դարձավ իր հոր խորհրդականը, ապա 2015-ին՝ աշխարհի ամենաերիտասարդ պաշտպանության նախարարը և թագավորական դատարանի գլխավոր քարտուղարը։ Արքայազնն է նաև հեղինակել երկրի զարգացման «Հեռանկար 2030» ծրագիրը։

Միջկլանային պայքարը վերսկսվում է

Թե ովքեր ու ինչ մեղադրանքներով են ձերբակալվել` հստակ հայտնի չէ։ Սակայն թագավորական ընտանիքի ձերբակալված անդամները հիմնականում հանգուցյալ արքա Աբդալայի հետնորդներն են։ Եվ կարծիք կա, որ այսպիսով վերսկսվել է միջկլանային պայքարը։ Նախորդ արքայի՝ Աբդալայի օրոք կլանային դեմոկրատիա էր հայտարարվել․ գործում էր չհայտարարված կենտրոնական կոմիտեն, որում ընդգրկված էին անդամներ արքայական ընտանիքի բոլոր ճյուղերից։ Արքան կարևորում էր, որ կոմիտեի մեծամասնությունը կողմ արտահայտվի որոշումներին, և հարկ եղած դեպքում որոշակի զիջումների էր գնում։

Իսկ ներկա քայլերը, ըստ վերլուծաբանների, վերջ են դնում կենտրոնական կոմիտեի գործունեությանը՝ նորից հանգեցնելով միանձնյա իշխանության։

Ուշագրավ է, որ արքայազնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ապագայում տեսնում է որպես չափավոր իսլամի երկիր, որը բաց է այլ կրոնների, ավանդույթների համար։

Թե գահաժառանգը որքանով է ընդունելի երկրի հանրության կողմից, հայտնի չէ․ սոցիոլոգիական հարցումներ այստեղ չեն անցկացվում։ Մի կողմից՝ երկրի բնակչության շուրջ 70 տոկոսը մինչև 30 տարեկաններն են, որոնց կարող է հոգեհարազատ լինել երիտասարդ արքայազնի գաղափարախոսությունը։ Սակայն, մյուս կողմից, Սաուդյան Արաբիայի հասարակությունը շատ պահպանողական է․ այստեղ, օրինակ, մեծ դժգոհությունների պատճառ դարձավ Սալման արքայի որոշումը կանանց վարելու թույլտվություն տալու վերաբերյալ։

Երիտասարդ արքայազնի «հեղափոխական» գաղափարներով ոգևորված չեն նաև ծայրահեղական իսլամի կողմնակիցները։ Եվ վերլուծաբանների կարծիքով՝ ձերբակալությունները միտված են կանխելու պահպանողականների հնարավոր գործողությունները։

«Այն, ինչ տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայում` հեղաշրջման կանխման փորձ էր, թեև այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվում: Գործող թագավորական ընտանիքը կանխեց իր ընդդիմադիրների հեղաշրջման փորձը»,- կարծում է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայում ներքին խմորումների և դժգոհությունների պատճառը երկրի՝ տարածաշրջանային գործընթացներում լուրջ խնդիրներ ունենալու փաստն է և արտաքին քաղաքականության թուլությունը: Սաուդյան Արաբիայի գլխավոր մրցակիցը տարածաշրջանում Իրանն է, որի դերակատարության էական աճ է նկատվում։

Պետրոսյանի կարծիքով՝ բացառված չէ, որ ԱՄՆ հետախուզությունն է Սաուդյան Արաբիայի իշխանություններին տվյալներ հաղորդել այն մասին, որ հեղաշրջման փորձ է նախապատրաստվում: Նա պատահական չի համարում, որ ձերբակալվածների թվում են այդ երկրի հեռահաղորդակցության կազմակերպության և ավիափոխադրող ընկերության տնօրեններ:

Արքայազնի համար հաղթանակ տոնելը, սակայն, ըստ վերլուծաբանների, դեռ վաղ է․ նա հաղթել է մարտում, բայց ոչ պատերազմում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: