Հայերեն   English   Русский  

​Նշանավոր գյուտարար Թոնի Ֆադելը կժամանի Հայաստան


  
դիտումներ: 4744

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ամեն տարի ՀՀ նախագահը մրցանակ է հանձնում համաշխարհային ՏՏ ոլորտի հեղինակավոր անհատի, որի ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական զարգացումներ և դրական են անդրադառնում պատմության ընթացքի վրա: Այդ ներդրումները կարող են լինել կրթության, տեխնոլոգիական, ձեռնարկատիրական և ֆինանսական ոլորտներում: Օրեր առաջ պարզ դարձավ, թե ով է լինելու այս տարվա մրցանակակիրը:

Նա «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելն է, որ աշխարհին հայտնի է որպես գյուտարար, դիզայներ և ձեռներեց: Լինելով երաժշտության սիրահար՝ նա մտածում էր դյուրակիր թվային երաժշտական նվագարկչի հայտնագործման ուղղությամբ: Սեփական ստարթափի համար ֆինանսավորում փնտրելով՝ առաջարկ է ստանում աշխատել Apple ընկերությունում, որը լքեց 2008 թ.՝ երկու տարի անց հիմնելով իր «Նեսթ Լաբս» ընկերությունը, որը հետագայում Google-ը գնեց 3,2 մլրդ դոլարով: Նա ընդգրկվել է աշխարհի լավագույն 25 էկոնորարարների ցանկում: Ի դեպ, նա այս մրցանակաբաշխության ամենաերիտասարդ մրցանակակիրն է, ծնվել է 1969 թ. մարտի 22 –ին, ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին 2010 թ. արժանացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի երկրորդ դափնեկիրն է: Երրորդ մրցանակը ստացել է «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը: Չորրորդ մրցանակին արժանացել է Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիթաչիի» գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: 2014 թ. ՀՀ նախագահի մրցանակին արժանացել է «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան, իսկ 2015-ին շնորհվել է «Կասպերսկու լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկուն: 2016 թ. էլ ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին արժանացել է համացանցի նախահայրերից մեկը՝ ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի նշանակած մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Նշենք, որ մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը հիշեցրեց, որ երբ տարիներ առաջ հիմնվեց այս կարևոր մրցանակաբաշխությունը, շատերը չէին հավատում, որ ՏՏ ոլորտի նման լեգենդները կժամանեն Հայաստան՝ ստանալու այդ պատվավոր մրցանակը: Նա նկատեց, որ այսօր արդեն այն լիովին կայացած է և միջազգային տեխնոլոգիական հանրության կողմից դարձել է ընդունված պարգև: Ըստ մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի՝ ՏՏ ոլորտը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու հրամայականից ելնելով՝ անհրաժեշտ է ոչ միայն խրախուսել ՏՏ զարգացումը ընկերությունների մակարդակով, այլև աջակցել միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ ՏՀՏ ոլորտում Հայաստանի վարկանիշի բարձրացմանն ուղղված ձեռնարկումներին:

Նշենք, որ մրցանակաբաշխության ձևաչափը նույնն է լինելու. առանձնազրույց երկրի նախագահի հետ, մրցանակի հանձնման պաշտոնական արարողություն, այնուհետև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում նրան կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում: Մրցանակակիրը նախորդների նման կայցելի Ծիծեռնակաբերդ և եղևնի կտնկի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Կլինի հանդիպում Մատենադարանում ՏՏ համայնքի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Կազմակերպիչներն այս տարի հանդես կգան նոր նախաձեռնությամբ: Այս տարվա դափնեկրի նկարը քաղաքի և քաղաքամերձ հատվածներում կփակցվի մեծ վահանակներին: Կկայանա նաև Հայփոստի կողմից պատրաստված ծրարների և նամականիշների մարման արարողություն:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: