Հայերեն   English   Русский  

​Նաիրի Հակոբյան. «Կ-1-ը երեխաներին դաստիարակում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես»


  
դիտումներ: 3008

Հոկտեմբերի 29-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում Հայաստանի պրոֆեսիոնալ Կ-1 ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց Կ-1 մարզաձևի Հայաստանի բաց առաջնություն, որին մասնակցեց շուրջ 100 մարզիկ Երևանից և Հայաստանի մարզերից: Առաջնության ընթացքում տեղի ունեցավ նաև պրոֆեսիոնալ մենամարտ վարկանիշային գոտու համար:

Կ-1-ը ողջ աշխարհում բավական մեծ տարածում ունի. Հայաստանում այն նոր է սկսում զարգանալ: «Անկախի» հետ զրույցում Կ-1 պրոֆեսիոնալ ֆեդերացիայի փոխնախագահ Նաիրի Հակոբյանը խոսում է մարզաձևի յուրահատկությունների, այն մասսայականացնելու և պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ ֆեդերացիայի աշխատանքների մասին:

- Պարոն Հակոբյան, երկրորդ տարին անընդմեջ Ձեր ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում անցկացվում էԿ-1-ի բաց առաջնություն: Մարզիկների պատրաստվածությունն այս տարի ինչպե՞ս կգնահատեք:

- Նմանատիպ առաջնություն կազմակերպում ենք տարին մեկ անգամ: Երևանի բաց առաջնությանը մասնակցեցին կոնտակտային ֆեդերացիաների և գրանցված ակումբների լավագույն մարզիկները:

Մրցաշարն ընթացավ լարված պայքարում: Մարզիկները բավական լավ էին պատրաստվել և ցուցաբերեցին բարձր արդյունքներ: Ականատես եղանք գեղեցիկ և դիտարժան մենամարտերի

Վերջում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ մենամարտ, որը մղվեց վարկանիշային գոտու համար: Հաղթող մարզիկը` Մարտին Մանուկյանը, ստացավ Կ-1-ի գոտին, որը նրան հնարավորություն կընձեռի մասնակցելու միջազգային ասպարեզում անցկացվող պրոֆեսիոնալ մենամարտերին: Կայացած առաջնությունից հետո տարբեր մրցաշարերի մասնակցելու առաջարկներ ունենք: Այժմ պատրաստվում ենք մույ-թայի միջազգային մրցաշարին, որը տեղի է ունենալու Վրաստանում:

- Ի՞նչ է Կ-1-ը: Խոսենք մարզաձևի յուրահատկությունների մասին:

- Կ-1-ը ստեղծվել է 1960 թվականին և կոչվել է ճապոնական քիք-բոքսինգ: 1993 թվականին ճապոնական քիք-բոքսը վերանվանվել է Կ-1: Մարզաձևը կարատեից տարբերվում է բազմաթիվ հնարքներով, հարվածների տեխնիկայով: Մարզաձևն առաջացել է մույ-թայ, թաեքվոնդո և կիոկուշին կարատեների համադրումից: Երկրպագուները ցանկանում էին հետևել այնպիսի մենամարտի, որում մարզիկները կպայքարեն մինչև վերջ և հաղթող կճանաչվի ուժեղագույնը: Մույ-թայի մրցումների ժամանակ վնասվածքների պատճառով մենամարտը դադարեցվում է, իսկ հանդիսատեսը ցանկանում էր հետևել պայքարին մինչև վերջ: Համաշխարհային սպորտի լեգենդ Օյաման` կիոկուշին կարատեի հիմնադիրը, ստեղծեց ճապոնական քիք-բոքսը, որը և հետագայում վերանվանվեց Կ-1:

Մարզաձևն այսօր միջազգային ճանաչում ունի և տարածված է ողջ աշխարհում: Կարատեների տարբեր մրցաձևերից մարզիկները նախընտրում են մասնակցել հատկապես Կ-1-ի մրցումներին, քանի որ լուրջ մրցաշարեր են տեղի ունենում:

- Հայաստանում գործում են կարատեների բազմաթիվ ֆեդերացիաներ: Սկսնակ մարզիկները մարզաձևի ընտրության հարցում ինչպե՞ս կարող են ճիշտ կողմնորոշվել:

- Կ-1-ը մենամարտային մարզաձև է, այն ներառում է ֆիզիկական և հոգեբանական պատրաստություն և ոճին հատուկ փիլիսոփայություն ունի: Կ-1-ն ինքնապաշտպանության լավագույն միջոց է: Երեխաները կարող են զբաղվել մարզաձևով 5 տարեկանից: Որպես մարզիչ` կարող եմ ասել, որ երեխան մեծանում է առողջ, ուժեղ, համարձակ, սովորում է պաշտպանվել: Ծնողները հնարավորություն ունեն դիտելու պարապմունքները, տեսնելու և հասկանալու, թե ինչով են զբաղվում երեխաները: Շատ կարևոր է նաև մարզչի աշխատանքը: Մարզիչը պետք է լինի նաև հոգեբան: Եթե երեխան սիրում է մարզչին, սիրում և նվիրվում է մարզաձևին:

Կ-1-ը մարզիկներին դաստիարակում է նաև բարոյապես: Նրանք դառնում են համախմբված և գործում են միասնական: Ձեռք են բերում նոր ընկերներ, նոր շրջապատ: Սա վստահություն է հաղորդում կյանքի ընթացքում, օգնում ավելի հեշտ կայանալու տարբեր ոլորտներում: Մարզիկների գիտակցության մեջ արմատանում է այն միտքը, որ պետք է լինեն ազնիվ, օգնեն թույլերին:

Կ-1-ում գործում են ընդհանուր օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս մենամարտեր անցկացնելու բոլոր կոնտակտային մարզաձևերի մարզիկներին, ինչը, սակայն, նրանք չեն կարող իրականացնել տվյալ ֆեդերացիայում կամ այլ կոնտակտային մարզաձևերում:

- Համապատասխան որակավորում ունեցող մարզիչ-մասնագետներ կա՞ն Հայաստանում:

- Կ-1-ի բազմաթիվ խմբեր են գործում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Օր- օրի մարզաձևով զբաղվողների թիվն ավելանում է: Ունենք բարձրակարգ մարզիչներ: Պարբերաբար կազմակերպում ենք սեմինարներ, տեսական և գործնական դասընթացներ թե՛ մարզիչների, թե՛ մարզիկներ համար: Մարզիչները մշտապես նորանոր գիտելիքներ են ձեռք բերում մարզաձևի մասին` ծանոթանալով հարվածային կոմբինացիաներին, տեխնիկաներին, բարձրացնելով վարպետությունը: Արտասահմանցի մեր գործընկերները նաև մարզումներ են անցկացնում: Սա օգնում է համահունչ լինելու մարզաձևի զարգացման ժամանակակից պահանջներին:

- Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջարկում է հետևողական լինել կարատեների ֆեդերացիաների ծավալած գործունեության նկատմամբ `դրանք միավորելով ու համախմբելով մեկ ֆեդերացիայի ներքո: Ի՞նչ տեսակետ ունեք այս կապակցությամբ:

- Գոյություն ունեն կարատեների բազմաթիվ մրցաոճեր: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է իր գործունեությունը ծավալի, քանի որ այդ մարզաձևերն ունեն իրենց ուրույն պատմությունը, փիլիսոփայությունը, կանոնները: Կարծում եմ՝ դրանց միավորումը ճիշտ չի լինի: Մարզիկներն ընտրում են այն մարզաձևը, որն իրենց առավելապես հարազատ է: Հակառակ պարագայում նրանք չեն ունենա այդ ընտրության հնարավորությունը: Մրցաոճերի համախմբմանը ես դեմ եմ: Մարզաձևերը կարող են տարբեր լինել, սակայն մարզիկները կարող են մրցաշարերի ընթացքում հանդիպել և պարզել ուժեղագույնին:

Հայաստանի պրոֆեսիոնալ Կ-1 ֆեդերացիան գործում է 2 տարի: Մեր նպատակն է զարգացնել և մասսայականացնել հանրապետությունում ամբողջ աշխարհում տարածված այս մարզաձևը: Այժմ բոլոր ֆինանսական խնդիրները լուծում ենք սեփական միջոցներով. կազմակերպում ենք առաջնություններ, մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի` վերադառնալով մեդալներով: Այս տարի մեր մարզիկները Վրաստանում մասնակցեցին քիք-բոքսի առաջնության: Ղազարյան Արսենն (68 կգ) ու Սաֆարյան Ալենը (51 կգ) հաղթեցին իրենց քաշային կարգերում: Ղազարյան Արսենն իրեն լավագույն կերպով դրսևորեց նաև Կովկասի մուայ-թայի առաջնությունում` դառնալով հաղթող:

Հայաստանի պրոֆեսիոնալ Կ-1 ֆեդերացիան այս կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ է ունեցել: Մեր կատարած աշխատանքը տեսանելի է: Հուսանք, որ մոտ ապագայում ֆեդերացիան կստանա պաշտոնական կարգավիճակ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: