Հայերեն   English   Русский  

​Միշտ աշխատում եմ գովազդել Հայաստանը՝ իմ ծննդավայրը. Միքայել Շարաֆյան


  
դիտումներ: 5193

Վերջերս Գլենդելի միջազգային կինոփառատոնում «Տարվա դերասան» մրցանակին է արժանացել ամերիկաբնակ բեմական հագուստի ձևավորող և դերասան Միքայել Շարաֆյանը:

«Երբեք չէի մտածի, որ «Լավագույն դերասան» մրցանակին կարժանանամ «Հարսնացուն Վեգասից» ֆիլմի գլխավոր դերի համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: Ի դեպ, սա Միքայել Շարաֆյանի առաջին և դեռ միակ դերն է: Իսկ իր իսկական մասնագիտության մեջ բեմական զգեստների տաղանդավոր ձևավորողն արդեն մեծ ճանապարհ է անցել: Բավական է ասել, որ 2011 թ. Լոս Անջելեսում անցկացված Հոլիվուդյան կինոփառատոնի ժամանակ Disasteroid տեսահոլովակի համար «Հագուստի լավագույն մոդելավորում» անվանակարգի հաղթող է ճանաչվել:

Միքայել Շարաֆյանը մեզ հետ զրույցում խոսեց մանկությունից մինչ օրս իր հետ քայլող մասնագիտության, ներշնչման աղբյուրի, իր հայրենիքի ու կյանքում բացված նոր էջի մասին:

- Ինստագրամի Ձեր էջում տեսա դեռ վաղ մանկության տարիքում արված հագուստների մի քանի նկար. դա զարմացրեց ինձ: Հետաքրքիր է, որ մանկության երազանքն այսօր իրականություն է:

- Այո, տեղադրել եմ իմ 6-7 տարեկանում արած նկարները. իսկապես զարմանալի է, թե ինչպես եմ այդ տարիքում պատկերացրել այդ ամենը: Բեմական զգեստները սիրել եմ վաղ մանկությունից թերևս այն պատճառով, որ ծնվել եմ արվեստագետների ընտանիքում: Մայրս` Ռուզաննա Մուրադյանը, 30 տարի աշխատել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես գլխավոր կոնցերտմայստեր: Իսկ հայրս` Լևոն Շարաֆյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ է, Երևանի դրամատիկական թատրոնի դերասան: Ես մեծացել եմ թատրոնում, և նման մասնագիտությունն ընտրելը գուցեև անխուսափելի էր:

- Իսկ ո՞րը եղավ առաջին բուհը, ուր ոտք դրեցիք Ձեր երազանքին մոտենալու համար:

- Լոս Անջելեսի «Fashion Institute of Design and Merchandising» (FIDM). այն ընտրեցի իմ ցանկությամբ, քանի որ ծնողներս ավելի հակված էին, որ շարունակեի գեղարվեստի ուղղությամբ:

- Իսկ առաջին աշխատա՞նքը, որը Ձեր մուտքն ազդարարեց մասնագիտական ասպարեզում:

- Դեբյուտային եմ համարում «Կան-կան» թատերական շոուի համար պատրաստած դիպլոմային աշխատանքս, որ ներկայացրի 2008 թ. Սանտա Մոնիկայում, երբ 22 տարեկան էի: Ձևավորեցի զգեստները, և մենք այնքան մեծ հաջողություն ունեցանք, որ դրանք հետագայում նույնիսկ ցուցադրեցին Վաշինգտոնում նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողության ժամանակ: Իսկ կինոյում առաջին աշխատանքս Absolute Killers ֆիլմն էր: Այդ ֆիլմի գլխավոր հերոսներն են Էդվարդ Ֆերլոնգը, Միտ Լոուֆը, Էդ Հասները և Էլեյն Հենդրիքսը: Մանուկ հասակում հայտնի «Տերմինատոր» ֆիլմը դիտելիս երբեք չէի կարող մտածել, որ ապագայում աշխատելու եմ Էդդի Ֆերլոնգի հետ:

- Դուք ԱՄՆ-ի Costume Designers Guild-ի (Բեմական զգեստների ձևավորողների միություն) զգեստներ ձևավորող միակ հայն եք. գործընկերները հետաքրքրվո՞ւմ են Ձեր ազգությամբ, Ձեր ծննդավայրով:

- Ես երբեք չեմ թաքցնում, թե որտեղից են իմ արմատները. միշտ աշխատում եմ գովազդել Հայաստանը, որ այցելեն: Իմ սոցիալական էջերում միշտ տեղադրում եմ նկարներ Հայաստանից: Շատ եմ նկատում նրանց դրական արձագանքը: Գործընկերներիցս շատերն են եղել Հայաստանում, երբ միասին ժամանել էինք՝ աշխատելու «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի վրա: Հայաստանյան ընկերներիս հետ նրանց համար մի մեծ տուր կազմակերպեցինք՝ ներառելով մեր մշակութային կենտրոնները, Օպերայի և բալետի թատրոնում վայելեցինք մի քանի ներկայացումներ՝ «Սպարտակը», «Գայանեն», «Անուշը»:

- Արվեստում ովքե՞ր են Ձեզ ոգեշնչում:

- Ջուզեպպե Վերդին, Պուշկինը, Բայրոնը. երեք մեծություններ, որոնք մինչ օրս գերում են ինձ: Ես լսում եմ Վերդի, ընթերցում եմ Պուշկինին և Բայրոնին իրենց մայրենի լեզվով:

- Հետևելով Ձեր ֆեյսբուքյան էջին՝ հասկացա նաև, որ կինոյում Ձեր ներշնչանքի աղբյուրն է Մերիլին Մոնրոն:

- Չեք սխալվում, նա միշտ ոգեշնչել է ինձ. կարելի է ասել՝ ես նրա պատճառով ու նրա աչքերով սկսեցի ինձ համար բացահայտել Ամերիկան ու Ամերիկայի պատմությունը:

- Իսկ եթե լինեիք նրա ժամանակակիցը, նրա ո՞ր ֆիլմի վրա կուզենայիք աշխատել:

- «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմի:

Միքայել Շարաֆյան

- Հայաստանում կա՞ բեմական հագուստի ձևավորող, որ կարող էր իր խոսքն ասել միջազգային ասպարեզում:

- Մերի Սարգսյանն է: Ես նրան դեռ հիշում եմ վաղ մանկուց: Նա թերագնահատված է, քանի որ նրա մասին քչերն են խոսում, իսկ նա ֆանտաստիկ մասնագետ է:

- Հայաստան Ձեր վերջին այցը բացեց Ձեր կենսագրության նոր էջ, նշանադրվեցիք: Սկզբունքի հա՞րց էր իբրև կյանքի ընկեր հայուհու ընտրելը:

- Սկզբունքի հարց չէր, քանի որ ընտանիքումս կան տարբեր ազգերի հետ ազգակցական կապեր, ու դա մի տեսակ ինձ կապում է տարբեր ազգերի ու նրանց մշակույթների հետ, նաև կարծում եմ, որ մեր գենը շատ ուժեղ է և չի կորչի: Բայց ինձ գրավեց հայուհին: Ի դեպ, հենց ֆեյսբուքի շնորհիվ գտա նրան:

- Իսկ հնարավո՞ր է, որ մի օր Ձեզ տեսնենք Հայաստանում աշխատելիս:

- Այո, Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի կողմից համագործակցելու առաջարկներ կան: Եթե Կոնստանտին Օրբելյանի պես մեծ գործիչն այսօր հայրենիքում է և փորձում է իր նպաստը բերել՝ կարող եմ նաև ես, եթե շանս տրվի:

Զարուհի Դիլանյան






Մեկնաբանություններ - 1

Levon     19.11.2017 Urakh em,vor Michaeli pes hayer unenq u urakh em,vor Zaruhii nman jahel u profesianal lragroghner kan
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: