Հայերեն   English   Русский  

Առաջին հայկական Արվեստ խաղի շնորհանդես


  
դիտումներ: 2877

Ս․թ․ նոյեմբերի 10-ին, ժամը 18:30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԸԲՄ) դահլիճում (Մելիք Ադամյան 2/2, Երևան) տեղի կունենա Էյվա արվեստների հիմնադրամի կողմից նախաձեռնած հայ արվեստն ուսուցանող՝ «ԱՐՎԵՍՏ» առաջին հայկական խաղ-գրքի շնորհանդեսը։

«ԱՐՎԵՍՏ» խաղը պատկերավոր ձևով բացահայտում է հայ 12 մեծանուն նկարիչներին (Հակոբ Հովնաթանյան, Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Հարություն Կալենց, Հակոբ Հակոբյան, Սերգեյ Փարաջանով, Գրիգոր Խանջյան, Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան) և նրանց հայտնի ստեղծագործությունները։

«ԱՐՎԵՍՏ» խաղի նպատակն է խթանելու երեխաների՝ հայ արվեստի հանդեպ հետաքրքրությունը, գեղագիտական ճաշակի ձևավորումը, նկարների և գույների ճիշտ ընկալումը, ստեղծագործական միտքը, պատկերային և նորարար մտածողությունը։ «ԱՐՎԵՍՏ» խաղը վերարժևորում է ստեղծագործ ուսուցման ուղիները և մշակութային կամուրջ հանդիսանում երեխայի մտածողության և արվեստի միջև։

Խաղը կարող է կիրառվել որպես օժանդակ հայալեզու կրթական նյութ նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություննում, ինչպես նաև տանը՝ երեխայի գեղագիտական դաստիարակչական առօրյան հագեցած դարձնելու նպատակով։ «ԱՐՎԵՍՏ» խաղի առանձնահատկությունն այն է, որ այն հավասարապես մատչելի և հետաքրքիր կարող է լինել թե՛ երեխաների, թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների համար։

Շնորհանդեսի ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ Մշակույթի նախարար՝ Արմեն Ամիրյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը, ՀՀ ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ Բրեդլի Բուզետտոն (ԱՄՆ), Եվրոպական Միության Համագործակցության բաժնի ղեկավար՝ Հոա-Բին ԱՋԵՄՅԱՆը։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ծրագրին աջակցել են նաև Փյունիկ բարեգործական հիմնադրամը, Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը և Կոլբա նորարարական լաբորատորիան։

Խաղի գործընկերներն են՝ «Համահայկական Ցանց» ՀԿ (PAN.am), Հայ ընդհանուր բարեգործական միություն (ՀԸԲՄ), Հայաստանի ազգային պատկերասրահ, Մ․ Սարյանի տուն թանգարան, Ե․ Քոչարի տուն թանգարան, Ս․ Փարաջանովի թանգարան, Կալենց թանգարան, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան և Գաֆէսճեան արվեստի կենտրոն։ Ինչպես նաև, շնորհակալություն Ավետիսյան, Հակոբյան և Խանջյան ընտանիքներին։

Հավելյալ տեղեկատվության համար դիմել Գայանե Այվազյանին՝ 093179023/ gayane@eiva.am

Էյվա արվեստների հիմնադրամի մասին

Հիմնադրամը ստեղծվել է 2012 թ․-ին նպատակ ունենալով Հայաստանում արժեքավորել արվեստի դերն ու նշանակությունը, ինչպես նաև նպաստել Հայաստանում արվեստի զարգացմանը և հայկական արվեստը ճանաչելի դարձնել արտերկրում: Հիմնադրամի կողմից իրականացրած ծրագրերը առաձնահատուկ են իրենց մշակութային և պատմական համատեքստով, ինչպես նաև ճանաչողական և կրթական բովանդակությամբ։ Հիմնադրամի առանձնահատկություններից է նաև սոցիալական արվեստի ճյուղի զարգացումը Հայաստանում։ Գնահատելով արվեստի անժխտելի ուժը որպես ազգային ոգեշնչման և հզորացման աղբյուր՝ Էյվա արվեստների հիմնադրամը ստեղծում և զարգացնում է այնպիսի նախագծեր, որոնք նպաստում են արվեստի ժառանգության վերակենդանացմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: