Հայերեն   English   Русский  

«Պողիկտոս»-ը 24 տարի անց վերադարձավ Օպերայի բեմ. մեծ քայլ դեպի առաջ


  
դիտումներ: 3775

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նոյեմբերի 9-ին, «Պողիկտոս» օպերայի ներկայացումից մեկ ժամ առաջ ճեպազրույց անցկացնելով լրագրողների հետ, առաջինն ապահովեց ներկայացման շուրջ հետաքրքրությունը. «Վստահ եմ, որ բոլորն էլ նույն բավականությունը կստանան այս ներկայացումից, ինչպես ես ստացա գլխավոր փորձի ժամանակ»,-ասաց մաեստրոն՝ հավելելով, որ սա «Պողիկտոս»-ի երկրորդ ծնունդն է մայր բեմում:

Հիշեցնենք, որ իտալացի մեծ կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոսը» Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում առաջին անգամ ցուցադրվել էր 1993 թվականին՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ, որից հետո 2 տասնամյակից ավելի փակված էր մնացել ետնաբեմում:

Այս օպերան հատկապես հայ հանդիսատեսի համար նշանակալի է ոչ միայն իբրև երաժշտական լուրջ ստեղծագործություն, այլ որ սերտ առնչություն ունի մեր պատմության հետ: Օպերայի իտալերեն լիբրետոյի հեղինակն է Սալվատորե Կամմարանոն՝ գրված Պիեռ Կոռնելիի «Պողիկտոս» ողբերգության(1641-1642) հիման վրա: Սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի պատմությունը, որը դեռևս հեթանոսական Հայաստանում գաղտնի ընդունում է քրիստոնեություն և հանուն դրա զոհվում: Ի դեպ, պարտիտուրան Հայաստան է բերվել 1970-ականներին Վատիկանի գրադարանից՝ Վազգեն Առաջինի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։

Ներկայացումը վերականգնող ռեժիսորը Ժաննա Թամիզյանն է, որին ներկայացումից րոպեներ առաջ հենց բեմում ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը պարգևատրեց նախարարության Ոսկե մեդալով:

Ներկայացման դիրիժոր Հարություն Արզումանյանը կարծում է, որ «Պողիկտոսը» աշխարհի ամենաթերագնահատված օպերաներից մեկն է. «Սակայն սա նաև աշխարհի գեղեցկագույն օպերաներից մեկն է: Խնդիրն այն է, որ ներկայացումը 19-րդ դարում արգելվել է, քանի որ առհասարակ արգելված է եղել սրբերի կյանքը բեմի վրա ցուցադրելը: Ներկայացումը հետագայում ձևափոխված ձևով ցուցադրվել է Ֆրանսիայում, որից հետո որոշ ցուցադրումներ են եղել, բայց ես կարծում եմ, որ այն անպայման պետք է ներառվի մեր հիմնական խաղացանկում: Եթե անգամ այն պակաս հանճարեղ լիներ, քան կա, էլի պարտավոր էինք ներառել՝ թեմատիկայից ելնելով, բայց իրականում սա անզուգական օպերա է, հատկապես 2-րդ և 3-րդ ակտերը կատարյալ են: Անգամ հանճարեղ Վերդին խոստովանել է, որ «Պողիկտոսն» իր համար բարձրագույն ուղենիշ է, և որ ինքն «Աիդա»-ի երկրորդ ակտը նույնությամբ նմանակել է այս օպերայից»:

Դիրիժորը վստահ է, որ ժամանակի ընթացքում աշխարհն ըստ արժանվույն կգնահատի «Պողիկտոս» օպերան:

Փաստորեն, Երևանի օպերայի թատրոնը նաև այդ առումով կարևոր քայլ կատարեց, և ինչպես Օրբելյանն է նկատում՝ հայաստանյան ներկայացումները հնարավորություն կտան օտարերկրյա զբոսաշրջիկներին դիտելու այս օպերան Երևանի Օպերայի բեմում:

Պողիկտոսի դերակատարը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, առաջին անգամ է այս դերը խաղում: Խոստովանում է՝ ներկայացմանը ուշ է միացել՝ չնայած այն բավականին բարդ ստեղծագործություն է և պատրաստվելու համար երկար ժամանակ է պահանջում: Սակայն Աղամալյանը հասցրել է ոչ միայն լավ պատրաստվել, այլև ուսումնասիրել Պողիկտոսի կերպարը: Իսկ Պաոլինայի դերակատարի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի համար այս դերը նոր չէ. 1993ի-ին՝ ներկայացման պրեմիերային, նա արդեն հասցրել է խաղալ Պաոլինայի դերը: Սարգիս Աղամալյանն ասում է, որ հպարտությամբ է նույն բեմում երգելու Անահիտի հետ, քանի որ վերջինս օպերային թատրոնի հիմնասյուներից մեկն է:

Եվ իսկապես, ներկայացումը փաստեց, որ իսկապես «Պողիկտոսը» կարող է մայր թատրոնի բեմում մշտապես լինելու հայտ ներկայացնել և արժանիորեն զբաղեցնել ամենապահանջված ու սպասված ներկայացումների ցանկը իր երաժշտական անկրկնելի ստեղծագործության, կատարումների բարձր որակի, յուրահատուկ բեմադրության, գեղեցիկ ձևավորման և, ինչու չէ, սյուժեի հայկական հետքի շնորհիվ:

Պետք է նշել, որ այս ներկայացումը նոր շունչ հաղորդեց Օպերայի բեմին նաև ներկայացումների ցանկի թարմացման տեսանկյունից, ինչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի գլխավոր խնդիրներից մեկն է:

Առհասարակ, Օրբելյանի մուտքը Օպերա լուրջ բարեփոխումների հիմք է դրել: Այս մասին է վկայում նաև Պողիկտոսի դերակատար Սարգիս Աղամալյանը, որ թատրոնում երգում է արդեն տասը տարի: «Վերջին 1-1,5 տարիների ընթացքում թատրոնն ավելի մեծ վերելք է ունեցել, քան նախորդ այն բոլոր տարիներին, որ ես եղել եմ թատրոնում,-ասում է նա,-Օրբելյանը թատրոնում մեծ փոփոխություններ է բերել բերեց՝ սկսած ներկայացումների թարմացումներից, վերականգնումներից, վերջացրած տեխնիկական խնդիրներով: Մենք երբեք չէինք ունեցել հնարավորություն աշխատելու աշխարհի տարբեր թատրոնների հեղինակավոր երաժիշտների հետ: Իր գալուց հետո համաշխարհային բեմի պրակտիկան ու փորձը մենք կարողանում ենք վերցնել: Մի խոսքով՝ մեծ քայլ կա դեպի առաջ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: