Հայերեն   English   Русский  

Քաղաքապետարանի վերելակը փոխելու համար 78 մլն դրամ, ողջ քաղաքի վերելակների համար՝ 109 մլն դրամ


  
դիտումներ: 3278

Երևանի քաղաքապետարանի շենքի վերելակը փոխելու համար մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեից նախատեսում են տրամադրել մոտ 78 մլն դրամ:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված բյուջեի նախագծից տեղեկանում ենք.

«Այլ մեքենաներ և սարքավորումների գծով նախատեսվել է 78,934.4 հազ. դրամ, որը նախատեսվել է Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքի վթարային վերելակը նորով փոխարինելու, ինչպես նաև շահագործման ժամկետը սպառած հովացման համակարգի (չիլերի) ձեռքբերման և տեղադրման համար»:

Ուշադրություն, հինգ հարկանի շենքում մտադիր են ոչ թե վերանորոգել վերելակը, այլ՝ նորով փոխարինել:

Մինչդեռ առավել բազամահարկ շենքերում վերելակներից շատերն ուղղակի անմխիթար վիճակում են: ԱԻՆ պաշտոնական կայքում էլ դրանց խափանման մասին տվյալներ հաճախ են հայտնվում, երբեմն ողբերգական հետևանքներից խուսափել չի լինում:

Ահա Երևանի ողջ տարածքում վերելակների հիմնանորոգում ծրագրով նախատեսվել է 108,770.1 հազ դրամ՝ բազմաբնակարան շենքերի վերելակների համար սարքավորումների ձեռք բերման և տեղադրման նպատակով։

Բյուջեի նախագծում ասվում է, որ մոտ 109 մլն դրամը 2017 թվականի հաստատված բյուջեից 5.2 մլն դրամով ավելի է:

Բյուջեի նախագծում զավեշտալի էլի դրույթներ կան, օրինակ 20 մլն դրամով երկու ավտոմեքենա են նախատեսում գնել՝վթարված, հին և մեծ ծառայողական ծախսեր պահանջող ավտոմեքենաների փոխարինման նպատակով: 214 մլն դրամից ավելի նախատեսում են ծախսել տրանսպորտային նյութերի համար, այն հաշվարկվել է վարչական շրջաններին սպասարկող ավտոմեքենաների թվաքանակով, ինչպես նաև որոշ կառուցվածքային ստորաբաժանումների առանձնահատկություններով պայմանավորված անձնական ավտոմեքենաների ծառայողական նպատակներով օգտագործման հանգամանքով:

Գրասենյակային նյութեր և հագուստի ձեռք բերման համար նախատեսվում է ծախսել ավելի քան 73 մլն դրամ: Նշվում է, որ դա մոտ 3 մլն դրամով քիչ է նախորդ տարվա համեմատ:

Քաղաքապետարանը 45 մլն դրամ է նախատեսում դրոշների տեղադրման համար, այն ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը, սպասարկումը և նախատեսվել է 2017 թվականի հաստատված ցուցանիշի չափով։

Բաներ կան, որ մտածում ես՝ ասելու չեն, որ անելու չեն:
Կենտրոն համայնքի նորակառույց շենքերից մեկում, հենց քաղաքապետարանի մոտ, 14-րդ հարկում սայլակով տեղափոխվող երեխա է ապրում, իսկ վերելակը տարվա մեջ մի շաբաթ է աշխատում:

Երբ երկար ու գրավոր բողոքից հետո վերելակը մասամբ սարքեցին, բնակչուհիներից մեկը ուրախ-ուրախ ծիրան էր տուն տանում՝ մի անգամ ուտելուց շատ:

Երբ չաշխատող վերելակը ետևում թողած ամուսինները տուն են բարձրանում ու ամուսինը շնչակտուր ասում է կնոջը՝ ասացի բան չառնենք, միայն հաց... չի հասկացվում՝ պատերազմ ու սով է, թե քաղաքապետարանը ուղղակի իր մոտ ինչ-որ տիեզերական վերելակ տեղադրելու համար «դիետայի» է մատնում քաղաքացիներին:

Հարգելի քաղաքացիներ

Բոլորս դեպի քաղաքապետարան՝ աշխատող վերելակ տեսնելու:
Հուսով ենք, որ բացում կանեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: