Հայերեն   English   Русский  

«Պետք է կարգ մշակել և Մայր Աթոռին պարտադրել հոգ տանել Սանահինի մասին». Արմեն Ամիրյանը Լոռիում էր


  
դիտումներ: 2673

Անձրևային եղանակի պատճառով Սանահինի վերանորոգման աշխատանքները ձգձգվում են, սակայն շինարարները հավաստիացնում են`10-20 օրվա ընթացքում դրանք կավարտվեն:

Շաբաթ օրը`նոյեմբերի 11-ին, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գտնվում էր Լոռու մարզում, որտեղ ծանոթացավ Սանահին վանական համալիրի վերոնորոգման աշխատանքներին:

Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի օրոք` 966 թվականին։ Խորհրդային տարիներին այն վերանորոգվել էր: 2001 թվականին Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։ 2006 թվականին Կառավարության որոշմամբ վանական համալիրը հանձնվել է Մայր Աթոռին: Դրա պահպանության հարցը բազմիցս է բարձրացվել տարբեր կառավարությունների օրոք, ինչի արդյունքում դեռ մի քանի տարի առաջ որոշ հատվածներ վերանորոգվեցին:

Շինարարությունը կատարում է «Արհովշին» շինարարական կազմակերպությունը: Նախարարը զարմացավ` նկատելով, որ բավականին շատ պատմական հուշարձանների վերանորոգման աշխատանքներն են կատարում այդ կազմակերպության ներկայացուցիչները, ինչին ի պատասխան` Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը նշեց, որ «Արհովշինը» հաղթել է 7 մրցույթում:

Նախագծի հեղինակային հսկիչ, ճարտարապետ Հրանտ Հովսեփյանը նշեց, որ աշխատանքները նախատեսված էր սկսել 2017 թվականի օգոստոսին, սակայն որոշակի խնդիրների պատճառով ուշացումով են մեկնարկել.«Այս տարվա ծրագրով նախատեսվում էր արևելյան հատվածի կենտրոնական ճակտոնի լանջերի հին ծածկասալերի հեռացումև նորերով փոխարինում: Դրանց մեջ եել են արժեքավոր զարդանաշխերով ծածկասալեր, որոնց պիտանի մասը փորձել ենք օգտագործել»,-ասաց նա:

Շինարարության ղեկավար Միքայել Գրիգորյանը հավաստիացրեց, որ մինչև դեկտեմբերի 15-ը աշխատանքը կկատարվի. «Աշխատանքների 60 տոկոսը կատարված է: Եղանակային նորմալ պայմանների դեպքում կավարտենք մաքսիմում 10 օրից»:

Արմեն Ամիրյանը, սակայն, դժգոհ էր: Նա պնդեց, որ նորոգման աշխատանքները նախատեսվածից ավելի դանդաղ են ընթանում և, որ շինարարները «սարսափելի հետ են»:

Նա վրդովվեց, երբ տեսավ թփեր և բույսեր, որոնք աճել էին համալիրի պատերին:«Ես չեմ հասկանում` եկեղեցին սպասարկող անձնակազմ չո՞ւնի: Չեն կարող մարդիկ բարձրանալ ու պոկել էդ թփերը, որ հետո ծառ չդառնա: Դժվա՞ր ա: Դժվա՞ր ա էս գյուղի էրեխեքին էրկու կոպեկ տալ, որ բարձրանան անեն դա»:

Շինարարները հավաստիացրին` ժամանակ առ ժամանակ դա անում են և այս տարի նույնպես կանեն:

«Այդ ծառը պատը վնասելու է, չէ՞, դժվա՞ր է ժամանակին պոկել դա: Բա քահանան, սպասարկողը ինչո՞ւ չեն պոկում: Մի քանի տարի հետո նորից էս ծավալը պետք է նորոգենք: 5-6 տարի հետո նորից պետք է շինարարություն անենք այստեղ: Այդպես է ստացվում: Մենք էստեղ գլուխ ենք կոտրում շինարարությունը ավարտելու համար, իսկ հիմա նոր ծավալ է բացվում»:

Ամիրյանը նշեց, որ քանի որ օգտագործողն այս պարագայում եկեղեցին է, ապա պետք է կարգ մշակել և Մայր Աթոռին պարտադրել հոգ տանել համալիրի մասին:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանը նշեց, որ ժամկետների և որակի առումով աշխատանքները բավարար համարել չի կարող` մեղմ ասած.«Սանահինի վերանորոգման ժամանակ լուրջ բացթողումներ կան: Այնպես չէ, որ այս տարի առաջին անգամ է նման բան տեղի ունենում: Պարզապես այս տարի մենք կարողացանք հետևել աշխատանքներին: Մեր այցերը լուրջ զսպող հանգամանք կարող են լինել շինարարների համար և հաջորդ տարի նրանք ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեն հարցին: Անշուշտ մենք վերահսկողությունը պետք է շարունակենք: Հաջորդ տարիներին մենք նաև պետք է մրցույթներն ավելի վաղ հայտարարենք և լինենք ավելի հետևողական»,- ասաց նա` հավելելով, որ մրցույթի հայտարարությունը կլինի 2018 թվականի հունվարի 15-ին:

Նշենք, որ Սանահինում կեղեցիների վերանորոգման խնդիրը միակը չէ: վանքի տարածքում տեղի են ունեցել ապօրինի թաղումներ: Լոռու մարզի դատախազությունը 2017 թվականի օգոստոսի 1-ին Սանահինի վանական համալիրի տապանաքարերը տեղաշարժելու և հուղարկավորություն կազմակերպելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, սակայն մեր այցելության ժամանակ ապօրինի գերեզմանոցները դեռևս կային:

Սանահին

Սանահին

Սանահին

Սանահին

Սանահին

Սանահին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: