Հայերեն   English   Русский  

​ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային գիտաժողովը


  
դիտումներ: 1705

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային գիտաժողովը` նվիրված հնագույն քաղաքակրթությունների օրրանի` Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը, որի մասն է կազմում Հայաստանը:

Գիտաժողովի նպատակն է մեկտեղել աստղագետների, պատմաբանների, հնագետների, գրականագետների, լեզվաբանների, հումանիտար ոլորտի այլ մասնագետների և համատեղ քննարկումների միջոցով մշակել միջճյուղային գիտությունների, մասնավորապես պատմաաստղագիտության և մշակութային աստղագիտության հիմնահարցերը և հիմք նախապատրաստել հետագա հնարավոր համագործակցության համար:

Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ աշխարհի 19 երկրներից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Իրանից, Չինաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Հորդանանից, Վրաստանից, Թուրքիայից, Էկվադորից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ճապոնիայից, Ռումինիայից, Նեպալից, Չեխիայից, Հայաստանից:

Գիտաժողովի զեկուցումները նվիրված են հետևյալ թեմաներին` Աստղագիտական ժառանգությունը ապագայի համար, Աստղագիտական ժառանգությունը գիտության համար, Աստղագիտական ժառանգությունը գրականության և մշակույթի մեջ, Աստղագիտական ժառանգությունը «Լեզվի» մեջ:

Գիտաժողովի բացման արարաողությանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Միջազգային աստղագիտական միության գլխավոր քարտուղար Պիերո Բենվենուտին, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, ՀայաստանումՂազախստանիարտակարգևլիազորդեսպանԹիմուրՈւրազաևը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, պատվավոր հյուրեր:

Միջոցառման ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրվեց Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի «Տիգրան Մեծ» շքանշանով` Հայաստանի գիտական արժեքների պահպանման ու գիտության զարգացմանը մեծապես նպաստելու համար:

Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվեցին նաև` ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը` Հայաստանի աստղագիտական արժեքների պահպանմանը, ժամանակակից աստղագիտության զարգացմանը և այլ գիտությունների և մշակույթի հետ աստղագիտության համագործակցությանը մեծապես նպաստելու համար, Աշխարհի Հայ Նկարիչների Միության համանախագահ Անահիտ Մխիթարյանը` Հայոց պատմությունը մշակույթի միջոցով հանրայնացնելու, պատմական գիտահանրամատչելի պատկերագրքեր հրատարակելու և փորձությունների միջով դեպի աստղեր ցուցահանդեսի կազմակերպման համար: Հայ քրիստոնեական և ժողովրդական արժեքների պահպանման և կերպարվեստի միջոցով տարածման համար Աշխարհի Հայ Նկարիչների Միության համանախագահ Ղազար Միրզոյանը պարգևատրվեց Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի «Վարդան Մամիկոնյան» մեդալով:

Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև նոյեմբերի 17-ը:

Գիտաժողովը կազմակերպել են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը և Միջազգային աստղագիտական միության Հարավ-արևմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: