Հայերեն   English   Русский  

«Կին» միջազգային կինոփառատոնն արդեն 14-րդ անգամ կփորձի կանանց ձայնն ավելի լսելի դարձնել


  
դիտումներ: 1917

Արդեն 14-րդ անգամ Հայաստանում անց է կացվում «Կին» միջազգային կինոփառատոնը, որին ներկայացվում են կին ռեժիսորների ֆիլմերը:

Փառատոնի նպատակն է հասարակության մեջ կնոջ և մասնավորապես կին ստեղծագործողի տեղը և դերը վերաիմաստավորելու և տարբեր մշակույթների փոխընկալմանը նպաստելու իր նպատակին։

Փառատոնի ծրագրերն են՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը, Հյուրերի ծրագիրը, Հետահայաց ցուցադրություն` նվիրված իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին, ԲԱՖՏԱ 2017-ի կարճամետրաժ ֆիմերի հավաքածուն, Կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը:

Այսօրև լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կին» միջազգային կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը նշեց, որ փառատոնին այս տարի ներկայացվել է 500 հայտ, սակայն ընտրվել է 60 ֆիլմ 20 երկրից: Երկրների շարքում են՝ Ռուսաստան , Կանադա, Իսպանիա, Իսրայել, ԱՄՆ, Կորեա,Կոսովո, Մեքսիկա և այլն:

«Մենք ցանկանում ենք աջակցել կին ռեժիսորներին, հարթակ ստեղծել, որտեղ նրանք կկարողանան ներկայացնել իրենց ֆիլմերը: Մեր նպատակն է կանանց ձայնը դարձնել ավելի լսելի, ներկայացնել աշխարհը ոչ միայն տղամարդու, այլև կնոջ տեսանկյունից: Շատ կարևոր է հասարակության մեջ հավասարակշռություն մտցնել, որպեսզի միայն տղամարդու ձայնը չհնչի»,- նշեց փառատոնի տնօրենը:

Նա ընդգծեց, որ կարիերայի ընթացքում կին ռեժիսորների համար ավելի դժվար է, և փառատոնը նրանց համար ևս մեկ հնարավորություն է, քանի որ իրենք ամեն ինչ անում են, որ հետագայում այդ ֆիլմերը ցուցադրվեն նաև այլ փառատոններում:

Ի դեպ, թեև կին ռեժիսորները շատ հաճախ են անդրադառնում կանանց խնդիրներին(կնոջ մենակությունից մինչև անձնական խնդիրներ), սակայն փառատոնին ներկայացված ֆիլմերի թեմաներն այս տարի բազամազան են.«Հասարակության խնդիրները հուզում են նաև կանանց, այդ պատճառով ավելի լայն թեմաներ են արծարծված: Կինը խոսում է պատերազմի և այլ հիմնախնդիրների մասին: Կարևորը ֆիլմը արժեքը և որակն է»,- նշեց Մարիամ Օհանյանը:

Ժյուրիի անդամ, կինովավերագրող, լուսանկարիչ, քննադատ, կուրատոր Տատյանա Տատյանա Դանիելյանցն իր խոսքում նշեց, որ առաջին անգամ փառատոնի մասնակցել է 11 տարի առաջ. «Սա բացառիկ հնարավորություն է դիպչել այդքան բազմազան մշակույթների՝ տարբեր երկրներից ժամանած ռեժիսորների ֆիլմերի միջոցով»:

Հյուրերի ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր։ Դրանք են՝ «Ներխուժում Բերգմանի տարածք» (ռեժ.՝ Ջեյն Մագնուսսոն և Հայնեկ Պալլաս, Շվեդիա), «Ձյուն կար» (ռեժ. Թամարա Ստեփանյան, Ֆրանսիա֊Հայաստան), «Քամին փչում է» (ռեժ.՝ Արմինե Անդա, Հայաստան), «Բարի լույս» (ռեժ.՝ Աննա Արևշատյան, Հայաստան), «Մեղեդի ստեղծողները» (ռեժ.՝ Լեսլի֊Անն Կոլս, Կանադա), «Քամու հպումը» (ռեժ.՝ Ելենա Վերեմեևա, Ռուսաստան):

14-րդ Կին միջազգային կինոփառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ժամը 19:00֊ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: