Հայերեն   English   Русский  

ՄԻԵԴ-ը չեղարկել է Թուրքիայի հեղաշրջման փորձի առնչությամբ ներկայացված մոտ 25 հազար դիմում


  
դիտումներ: 367

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է դիտարկել մոտ 25 հազար դիմումներ, որոնք ներկայացվել են Թուրքիայում 2016 թ-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ Թուրքիայի իշխանությունների կողմից արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում պաշտոններից հեռացվածներ: 2016 թ-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի դեմ ներկայացված դիմուների թիվը 7.6 հազար է եղել: 2017 թ-ի մայիսի 31-ի դրությամբ բողոքների թիվը կազմել է 24.6 հազար:

ՄԻԵԴ Թուրքիայի դեմ ներկայացված բողոքների ստույգ թիվը հրապարակվելու է մինչև տարվա վերջ:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: Հեղաշրջման փորձից հետո՝ 2016 թ-ի հուլիսի 20-ին, Թուրքիայի նախագահը երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է հաստատել, որի ժամկետն արդեն երեք անգամ երեք ամսով երկարաձգվել է:

Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու վերջին որոշումը կայացվել է սույն թվականի հուլիսին: Քանի դեռ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է հաստատված, սահմանափակումներ են սահմանվել հանրահավաքների և որոշ զանգվածային միջոցառումների համար, ուժային կառույցներն առավել լայն իրավունքներ են ստացել: Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական երկրներ և թուրքական ընդդիմությունը քննադատաբար են մոտենում արտակարգ դրության նոր երկարացմանը` նշելով, որ այն սպառնում է երկրի բնակչության ազատությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: