Հայերեն   English   Русский  

Շաքարը հայտնվում է ամենաանսպասելի մթերքներում. այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է


  
դիտումներ: 372

Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է:

Շաքարային դիաբետը գտնվում է մահացության և հաշմանդամության պատճառների առաջին եռյակում : Աճման այս տեմպերը հաշվի առնելով՝ ՄԱԿ-ը որոշում է կայացրել, ըստ որի՝ այս խնդիրը պետք է լինի կառավարությունների խիստ հսկողության ներքո:

Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Էդվարդ Թորոմանյանն ընդգծեց, որ տարեցտարի շաքարային դիաբետով հիվանդների թիվն աճում է : Աշխարհում հաշվարկվում է շաքարային դիաբետով հիվանդ շուրջ 400 մլն մարդ: 2000 թվականին այդ թիվը կազմում էր 200 մլն: Նույն պատկերը Հայաստանում է: Եթե 2000 թվականին մոտ 40 հազար դիաբետով հիվանդ էր գրանցված, ապա հիմա այդ թիվը կազմում է 83 հազար, այսինքն՝ կրկնակի աճ է գրանցվել: Տարավերջին այդ թիվը կկազմի 90 000 մարդ, քանի որ նոր դեպքրը տարեկան կազմում են 7-8 հազար:

«Ըստ կանխատեսումների՝ 2020 թվականին աշխարհում կլինի մոտ 500 միլիոն դիաբետով հիվանդ: Սա ունենալու է համաճարակային բնույթ: Բնակչության 5-7 տոկոսն ունենալու է այս հիվանդությունը»,- ասաց Էդվարդ Թորոմանյանը:

Դիաբետի առաջացման կարևորագույն գործոններն են ժառանգականությունը, գիրացումը՝ ճարպակալումը(ավելորդ քաշ ունեցող մարդկանց 60 տոկոսի մոտ հայտնաբերվում է շաքարային դիաբետ), ճարպային նյութափոխականության խանգարումներ:

«Շատ կարևոր գործոն է արյան բարձր ճնշումը՝ արտերյալ հիպերտենզիան: Այս հիվանդությունն ունեցող մարդկանց 40 տոկոսի մոտ առաջանում է շաքարային դիաբետ: Շատ կարևոր գործոններ են նաև ֆիզկական ցածր ակտիվությունը և ոչ առողջ սննդակարգը»,- նշեց բժիշկը:

Հայաստանում գրանցված 83 հազար հիվանդից 65 հազարը ունեն շաքարային դիաբետ թիվ 2, այսինքն՝ ինսուլին ոչ կախյալ շաքարային դիաբետով հիվանդների մասին է խոսքը: Մնացած 12 հազարը ինսուլին ստացողներն են:

«Դիաբետի դեմ պայքարն ունի 4 հիմնաքար. սննդակարգ, ֆիզիկական ակտիվությունը, դեղորայքային բուժումը և ինքնահսկումը: Որևէ օղակի բացակայությունը ապարդյուն է դարձնում շաքարային դիաբետի դեմ պայքարը»,- ասաց ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգը:

Շաքարային դիաբետը զարգանում է նաև երեխաների մոտ: Հայաստանում հոկտեմբեր ամսվա տվյալներով ՝ թիվ 1 շաքարային դիաբետ ունի 520 երեխա: 2016 թվականի հոկտեմբերին այդ թիվը կազմել է 474 մարդ: 15 երեխա էլ հաշվառված է Արցախի Հանրապետությունում.« Այդ երեխաները հաշվառվելու պահից սկսած ստանում են ինսուլինի ներարկումներ: Բոլոր երեխաները ապահովված են ինսուլինով»,- նշեց պրոֆեսոր, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան:

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը, խոսելով հիվանդության կանխարգելման մասին, նշեց, որ շատ բան կածված է առողջ ապրելակերպից և այն միջավայրից, որտեղ տվյալ մարդը ապրում է.« Արդյո՞ք այդ միջավայրը թույլ է տալիս առողջ ապրելակերպով ապրել: Այդ հարցին պետք է պետական մակարդակով մոտեցում ցուցաբերվի: Որքան էլ մարդը գիտակից լինի, պիտի լինի հասանելի առողջ միջավայր»,- նշեց նա:

Այլ երկրներում ստիպում են արտադրել առողջ, դիետիկ սնունդ: Տարբեր արտադրողներ կարող են տարբեր մանիպուլացիաներ անել.« Հայաստանում չկա օրոնք դաշտը կարգավորող, չկա իրավական չափանիշ, թե որն է առողջ, որը՝ ոչ: Այսինքն՝ դա շատ ժամանակ կախված է լինում արտադրողի բարոյանակությունից: մթերք են վաճառում, որի վրա գրված է առողջ: Շատերի վրա գրվում է, որ կարելի է դիաբետիկների համար, սակայն բաղադրությունը կարդալիս պարզ է դառնում, որ դա չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Վարդանուշ Պետրոսյանը:

Շաքարային դիաբետ ունեցող անձանց սննդաբանը խորհուրդ է տալիս սննդամթերքը ճիշտ ընտրել.« Խանութում մթերքը գնելուց առաջ պետք է կարդալ բաղադրությունը: Պետք չէ հավատալ վերնագրերին: Պետք է ուշադրություն դարձնել ածխաջրերի, շաքարի քանակությանը: Շաքարը հայտնվում է այն տեղերում, որտեղ իրեն չեն սպասում. կետչուպի, մայոնեզի, մանկական յոգուրտների մեջ: Դրանք բոլորը նորմայից ավել շաքարավազ են պարունակում:Պետք է փոխարինել սպիտակ ալյուրը չմշակված ցորենի ալյուրով»:

Ծնողները չպետք է ֆիքսվեն երեխայի միայն մտավոր ունակությունների վրա, պետք է ավելացնել նաև նրանց ֆիզիկական ակտիվությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: