Հայերեն   English   Русский  

Ի՞նչ են քննարկել Հանրային խորհրդում տարկետման առնչությամբ


  
դիտումներ: 3029

Հանրային խորհրդում նոյեմբերի 13-ին քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը:

Նշենք, որ Հանրային խորհրդի մի շարք անդամներ նաև կրթական համակարգի ներկայացուցիչներ են, մասնավորապես՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի խորհրդի անդամ, ավագ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը և ուրիշներ:

Հանրային խորհրդի քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Մոնթե Մաթևոսյանն ու Գեղամ Ասատրյանը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մինչ քննարկումը սկսելը մի քանի կարևոր սկզբունքներ է ամրագրել. նախ՝ առողջական խնդիրներ չունեցող յուրաքանչյուր տղամարդ պետք է ծառայի բանակում, բացի այդ, այն տղամարդիկ, որոնք, ընտանեկան կարգավիճակով պայմանավորված, երկրից հեռացած լինելու և այլ պատճառներով չեն ծառայել, պետք է անպայման տիրապետեն զինվորական գիտելիքներին. «Հայաստանում ապրող յուրաքանչյուր տղամարդ պատերազմի ժամանակ պետք է մասնակցի պատերազմին, իսկ դրա համար նա պետք է կարողանա տիրապետել զինվորական գործին: Այդ պատճառով բոլորը, այդ թվում և դրսից եկածները, որոնք օրենքով սահմանված գումար են վճարում և ազատվում քրեական հետապնդումից, անկախ ամեն ինչից, պետք է առնվազն 6 ամիս անցնեն զինվորական պատրաստություն: Իսրայելի բնաչությունը 2 միլիոն էր՝ պարտադիր բոլորը ծառայում էին, հիմա 8,5 միլիոն է՝ նորից ծառայում են: Նույնն էլ մենք. եթե անգամ 5 միլիոն դառնանք, ու բոլորը գնան ծառայելու, էլի պաշտպանության մեծ պրոբլեմ միշտ ունենալու ենք: Այնպես որ, ուշ թե շուտ պետք է անցնեինք այս համակարգին»,- ասել է Մանուկյանը:

Սկզբունքներից մեկն էլ վերաբերել է որոշակի ժամանակահատվածում ծառայության ժամկետներն ընտրելու հնարավորություններին: Մանուկյանը բերել է Ֆրանսիայի օրինակը, որտեղ մինչև պրոֆեսիոնալ բանակի անցնելը տրվում էր որոշակի տարիքում ծառայելու հնարավորություն, բայց միաժամանակ տարբեր տարիքներում ծառայության ժամկետը տարբեր էր. վաղ գնալու դեպքում՝ ավելի կարճ, ուշ գնալու դեպքում՝ ավելի երկար:

Նա նշել է, որ ՊՆ նոր օրենքը որոշ առումով այդ հնարավորությունը տալիս է, բայց կարելի է առաջարկվող տարբերակներն ավելացնել:

Հանրային խորհրդի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ գիտությունն աշխարհում 90 տոկոսով զարգացել է, երբ եղել է պատերազմ ու բանակի զարգացման խնդիր:

«Խորհրդային Միությունը մի կայսրություն էր, որն ուզում էր պաշտպանվել ամբողջ աշխարհից և նվաճել ամբողջ աշխարհը: Նրա համար թիվ մեկ խնդիրը բանակն էր, և արդյունաբերության 90 տոկոսն աշխատում էր ռազմական ոլորտի համար: Ուղղակի դա արվում էր ոչ միայն բանակի ներսում, մի զգալի մասը՝ դրսում: Իսրայելում այդ ամենն արվում է բանակի ներսում: Մեզ մոտ էլ ռազմարդյունաբերական համալիրը բանակի ներսում է: Ամեն դեպքում պետք է այնպես անել, որ այդ ամենը խթանի ոչ միայն բանակի, այլև գիտության զարգացումը: Դրա համար պաշտպանության նախարարությունը պետք է շտապ սկսի գիտատեխնիկական ինստիտուտներ հիմնելու գործընթաց բանակի ներսում, որտեղ նաև բնական գիտությունների տիրապետող երիտասարդները կկարողանան անցկացնել իրենց ծառայությունը: Հետագայում միգուցե անհրաժեշտ լինի նաև ստեղծել մի վերահսկող մարմին (գիտնականներ, ակադեմիայի անդամներ), որը կստուգի՝ արդյոք այդ ինստիտուներում աշխատանքը ճի՞շտ է ընթանում, թե ոչ: Այսինքն՝ բանակը դառնում է պետություն պետության մեջ: Դրա շնորհիվ նաև գիտության մեջ ծախսվող գումարն էապես կաճի»:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն ընդհանուր առմամբ կողմ է օրենքին, սակայն որոշ հարցեր նրա համար պարզ չեն: Օրինակ՝ մարզային բուհերում սովորողները ինչպե՞ս են օգտվելու «Պատիվ ունեմ» ծրագրից, ըստ որի` ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ ուսանողը յուրաքանչյուր շաբաթ օր պետք է մասնակցի ռազմական ուսումնական հաստատություններում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին:

Արտուշ Ղուկասյանը կարծում է, որ այս առնչությամբ հաշվի չի առնվել, որ այդ դասընթացներին մարզային բուհերի ուսանողների մասնակցելու հնարավորությունները սահմանափակ են, քանի որ ամեն շաբաթ մարզից Երևան հասնելը, մեղմ ասած, իրատեսական չէ:

Այս խնդիրը բարձրացրել է նաև Հանրային խորհրդի անդամ Կառլոս Ղազարյանը՝ առաջարկելով ոչ միայն մարզերի ուսանողների, այլև բոլոր ուսանողների համար ռազմական դասընթացները կազմակերպել ոչ թե շաբաթ օրերին, այլ տարեվերջին, երբ ռազմական ուսումնական հաստատություններում արձակուրդ կլինի, ծանրաբեռնվածություն չի լինի և ուսանողները կկարողանան դասընթացն անցկացնել մեկ փուլով, ինչն առավել արդյունավետ ու իրատեսական կլինի:

Արտուշ Ղուկասյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ևս մի կարևոր խնդրի վրա. «Մի խումբ դիմորդներ բուհ էին ընդունվում նպատակային ուսուցման կարգով: Նրանց ուսման վճարը փոխհատուցում էր պետությունը, բացի այդ, նրանք օգտվում էին տարկետման իրավունքից, այսինքն՝ նպատակային ուսուցումն այն է, որ ենթադրենք՝ մասնագետներ են պատրաստվում տվյալ գյուղի տվյալ դպրոցի առաջարկով, և բուհն ավարտածները քառակողմ պայմանագրով պարտավորվում են աշխատել տվյալ գյուղում: Հիմա նոր օրենքով այս խմբի հետագա ճակատագիրը պարզ չէ, նրանց մասին խոսք չկա»,- ասում է Ղուկասյանը:

Հանրային խորհրդի անդամ, ԵՊՀ տնտեսագիտության դեկան Հայկ Սարգսյանն էլ հարցեր է ուղղել նախ ուսանողներին. «Ներկա օրենքով բանակից ազատվում է ամենաշատը մոտ 140 ուսանող: Մնացած բոլոր ուսանողների համար զինվորական ծառայությունը, էսպես թե էնպես, որոշակի ժամանակով հետաձգվում է: Ես ուղղակի չեմ հասկանում ուսանողների ընդվզումը՝ կապված տարկետման այս դրվածքի հետ: Եթե համադրում ենք հին և նոր օրենքները, նոր օրենքով տարկետման պայմաններն ավելի լավն են: Ինչի՞ դեմ եք դուք բողոքում»:

Ինչ վերաբերում է ուսումնական պրոցեսի շարունակականության ապահովման անհրաժեշտությանը, ապա այս հարցում նա հասկանում է ուսանողների մտավախությունը և կարծում է, որ բացառիկ ուսանողների համար տարկետման հնարավորություն պետք է լինի, անընդհատությունը պետք է պահպանվի: «Մեր մասնագիտության՝ տնտեսագիտության համար, դա պարտադիր չէ: Հասարակագիտական թևում էլ խնդիր չկա, իսկ բնագիտական թևում կարող է խնդիր առաջանալ»:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները նախ նշել են, որ պաշտպանության նախարարության պնդումները, թե օրենքի ընդունումից առաջ լայն քննարկումներ են անցկացվել ուսանողության շրջանում, չեն համապատասխանում իրականությանը. «Որքան տեղյակ ենք, պարբերաբար ուսանողական խորհուրդների հետ են քննարկումներ տեղի ունենում, իսկ ուսխորհուրդները չեն ներկայացնում ամբողջ ուսանողության տեսակետը, այլ վաղուց արդեն իրենց արժանի պիտակն են կրում, որի մասին ավելի լավ է չխոսենք»:

Ուսանող Գեղամ Ասատրյանը հակադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն պնդմանը, թե առաջին ակադեմիական տարկետում ստացած ուսանողների միայն 15-16 տոկոսն է հետագայում գնում ծառայության: Ուսանողի համոզմամբ՝ մեծ մասը ծառայությունից խուսափում է ոչ թե տարկետման իրավունքի շնորհիվ, այլ օրենքով ծառայությունից ազատվելու այլ ճանապարհներով: ՊՆ ներկայացուցիչն էլ պարզաբանել է, որ տարկետման իրավունքից օգտվելու ժամանակահատվածում ուսանողների մի մասը երկրից հեռանում է, մի մասը՝ ընտանեկան պայմաններից ելնելով է ազատվում ծառայությունից, մի մասն էլ այդ ընթացքում առողջական խնդիրներ է ձեռք բերում. «Արդյունքում ունենում ենք այն պատկերը, որը ներկայացվել է նախարարին»:

Ուսանող Մոնթե Մաթևոսյանն էլ ՊՆ ներկայացուցչից փորձել է պարզել, թե ինչո՞ւ նոր օրենքով բոլորը պետք է ծառայեն, իսկ օրինակ՝ հոգևոր ոլորտի ուսանողները՝ ոչ: Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետը պարզաբանել է. «Գևորգյան ճեմարանի ուսանողները տարկետում էին ստանում ՀՀ կառավարության 2000 թ. թիվ 15 որոշման հիման վրա: Էնտեղ միայն Գևորգյան ճեմարանը չէր, նաև Վազգենյան հոգևոր դպրոցն էր, իսկ Մխիթարյան միաբանությունը հետո ավելացավ Սփյուռքի նախարարության առաջարկով: Այս օրենքի ընդունման շրջանակներում կառավարության որոշումը ուժը կորցրած է ճանաչվելու, և նրանք բոլորը ենթակա են լինելու զորակոչի»:

Ուսանողներին հետաքրքրել է նաև այն հարցը, թե ինչու մինչ օրենքի ընդունումը համապատասխան հետազոտություններ չեն կատարվել. «Օրինագիծը դրվել է քվեարկության առանց հետազոտությունների և չի լուծում այն ռիսկերը, որոնք բանակից խուսափելու առիթ են տալիս»,- ասել է Մոնթե Մաթևոսյանը:

Ուսանողներն առաջարկել են չվերացնել ակադեմիական տարկետման տեղերը, այլ կրճատել, իսկ բանակում ստեղծել պայմաններ գիտությամբ զբաղվելու համար՝ դա ամրագրելով օրենքով:

Հանրային խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ խնդիրը սրվել է, քանի որ սոցիալական դժգոհության ֆոն կա. «Մյուս կողմից՝ լավ է, որ այս քննարկումներն ու դժգոհությունը բարձրաձայնվում են: Պարզապես պետք է դա ուղղել ավելի կառուցողական դաշտ՝ առհասարակ բանակում և հասարակության մեջ առկա խնդիրների լուծման առումով»:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, որը նույնպես ներկա է եղել քննարկմանը, կարծիք է հայտնել, որ ամենասարսափելին այսօր այն է, որ կրթական համակարգը դարձել է բանակից ազատվելու մեխանիզմ. «Գիտելիք ձեռք բերել բանակ չգնալու համար. դա ինձ համար ամենասարսափելի բանն է, դա անբնական երևույթ է: Ինչ վերաբերում է ուսման անընդհատությանը, ապա այս օրենքը ոչ թե խաթարում է անընդհատությունը, այլ ընդհակառակը՝ նպաստում է անընդհատությանը, որովհետև 18 տարեկանում երիտասարդը գնում է բանակ, վերադառնում է, և ամբողջ կյանքն առջևում է»:

Արեգ Գրիգորյանը հիշել է, որ 80-ականներին պոլիտեխնիկից բոլորին տանում էին բանակ, լսարանները դատարկվել էին, քանի որ մեծ մասը տղաներ էին. «Երկու տարի հետո այդ տղաները վերադարձան, և որևէ խաթարում տեղի չունեցավ: Փայլուն տղաներ կային, մինչև հիմա անուններն էլ հիշում եմ»,- ասել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: