Հայերեն   English   Русский  

37 միջազգային կազմակերպություն Ադրբեջանի հարցով դիմել է ԵՄ-ին


  
դիտումներ: 159

«Լրագրողներն առանց սահմանների» և ևս 36 միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Եվրոպական միությանն ուղղված նամակ են հղել, որտեղ խնդրում են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ անել դադարեցնել մարդկանց նկատմամբ բռնաճնշումները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, նամակի հեղինակները կոչ են արել նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրել Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, որին վերջինս կմասնակցի: Հեղինակները հորդորել են անվերապահորեն ազատ արձակել քաղբանտարկյալներին, հատկապես՝ անկախ լրագրողներին, հարգել մարդու իրավունքները, վերացնել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի՝ երկրից դուրս գալու արգելքը:

«Մենք խնդրում ենք գագաթնաժողովի ժամանակ օգտվել հնարավորությունից և նախագահ Ալիևին կոչ անել դադարեցնել արգելքները և մարդու իրավունքների ճնշումը, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների իրականացման պարտականություններ ստանձնել»,- նշված է նամակում:

Նամակի հեղինակները ընդգծում են, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջերս ձեռնարկված քայլերը հակասում են Եվրոպայի հետ համագործակցության ոգուն: Նամակում շեշտվում է ռեպրեսիաների ալիքի դադարեցման, կեղծ մեղադրանքներով ձերբակալությունների ալիքը դադարեցնելու կարևորությունը:

«Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրել է ազատ մամուլը, ինտերնետում գրաքննություն է մտցրել, փորձում է անկախ լրագրողներին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքական ակտիվիստներին ստիպել լռել»,- նշված է նամակում: Հեղինակները հավատում են, որ Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության շուրջ յուրաքանչյուր բանակցություն կախված է լինելու մարդու իրավունքները հարգելու ոլորտում գրանցած առաջընթացից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: