Հայերեն   English   Русский  

Կառավարությունն ընդունեց ընտանիքում բռնության կանխարգելման օրինագիծը


  
դիտումներ: 12117

Կառավարության հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Նախարարի խոսքով՝ օրենքի ընդունման նպատակները երկուսն են՝ մեկը` կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել.« Հիմա քննարկումների փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը, ինչ իր ատացոլումը գտավ վերնագրի մեջ»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ, փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմնական միջոցներ` նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում:

Բռնություն գործած անձի նկատմամբ նախատեսվում են մի շարք սահմանափակումներ՝ պաhտպանել որոշակի հեռավորություն տուժողից, չմտնել նրա հետ շփման մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս, օրինակ` ալկոհոլամոլությունից:

Պաշտպանական միջոցները ևս սահմանափակումներ են ենթադրում, և խախտումների համար նախատեսված են քրեական ու վարչական պատասխանատվության միջոցներ:

«Այստեղ մի կարևոր հանգամանք կա: Անհետաձգելի միջամտության պարագայում տուժողի կամքը պարտադիր չէ, քանի որ շատ հաճախ տուժողները բողոքելու դեպքում կրկնակի ենթարկվում են բռնության: Ոստիկանության ներկայացուցիչը ինքնուրույն է որոշում կայացնում»,- ասաց նախարարը:

Ի տարբերություն դրա՝ պաշտպանական որոշումը միայն տուժողի կամքից է կախված:

Ըստ Հարությունյանի` նախատեսվում է երկու այլ ինստիտուտի ստեղծում` սոցիալական աջակցության կենտրոններ, որոնք տրանսֆորմացիայի պետք է ենթարկվեն, և ապաստարաններ, որտեղ բռնության ենթարկված անձը մինչև 12 ամիս առավելագույն ժամկետով կարող է ապրել և անցնել վերականգնողական փուլ:

«Թյուր կարծիք կա և հակընդդեմ շարժում, որով փորձում են օրենքում գոյություն չունեցող կարգավորումները ներկայացնել որպես օրենքի կարևորագույն թերություն, պետք է մեկ անգամ ևս հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որևէ նոր հիմք, և նոր հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ավանդական ընտանեկան արժեքները: Առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան: Դա կոշտ ամրագրել ենք, որ դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,- ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: