Հայերեն   English   Русский  

​Մերձավոր Արևելքում երկու հավերժական թշնամիների հարաբերությունները կրկին լարվել են


  
դիտումներ: 5460

Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների հերթական լարումը Մերձավոր Արևելքը բարդ իրավիճակի առաջ է կանգնեցրել։

Մասնագետների կարծիքով՝ երկու երկրների հակասությունները, վերջին տարիների կտրվածքով, գագաթնակետին են հասել։ Իսկ պատճառը Եմենի շիա ապստամբների արձակած հրթիռն է Էլ-Ռիադի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Ճիշտ է, հրթիռը չեզոքացվել է շուրջ 1000 մետր ճանապարհ անցնելուց հետո, և օդանավակայան հասել են միայն հրթիռի բեկորները, սակայն հրթիռի արձակման փաստն իսկ բավարար է հարաբերությունների լարման համար։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Եմենի ապստամբների հետևում տեսնում են Իրանի հովանավորությունը և ձեռագիրը։

Եմենի ապստամբները նման մեկ հրթիռ էլ արձակել էին Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո Սաուդյան Արաբիա առաջին պաշտոնական այցի ժամանակ։ Այն ժամանակ ևս հրթիռը չեզոքացվել էր, սակայն դա ուղերձ էր հակաիրանական դիրքորոշում ունեցող Թրամփին, որ Սաուդյան Արաբիայում ինքն ապահով չէ։

Իրանի իշխանությունները, սակայն, մերժում են իրենց ուղղված մեղադրանքները, պնդում են, որ Եմենի հուսիտ ապստամբներին իրենք ոչ միայն հրթիռներ, այլև որևէ տեսակի զենք չեն մատակարարում։

Իրանը և Սաուդյան Արաբիան վաղուց հավակնում են տարածաշրջանում առաջատար դիրք գրավել։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր դաշնակիցներն ու հակառակորդները։ Փորձենք ամփոփ ներկայացնել, թե ինչպիսին է ուժերի բաշխումը ներկայում։

Սաուդյան Արաբիա

Սա մեծ մասամբ սունի մահմեդականներով բնակեցված երկիր է, համարվում է իսլամի ծննդավայրը, քանի որ կրոնական գլխավոր սրբավայրերն այս երկրում են գտնվում։ Սա նաև աշխարհի ամենահարուստ, ինչպես նաև նավթի արտահանման առաջատար երկրներից է։ Կրոնական հակասություններից բացի, այս երկրները պայքարում են նաև ազդեցության գոտիների ու առաջատարի դիրքի համար։

Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի թշնամական քաղաքականությունը սատարում է ԱՄՆ-ն՝ ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, որը ծայրահեղ հակաիրանական դիրքորոշում ունի։

Սաուդյան Արաբիան է ֆինանսավորում Սիրիայի ընդդիմադիր ուժերին՝ իշխանությունից հեռացնելու Բաշար ալ-Ասադին, որն Իրանի գլխավոր դաշնակիցներից է։

Սաուդյան Արաբիայի բանակը տարածաշրջանում հզորագույններից է։ Այն ունի շուրջ 227 հազար զինծառայող։

Իրան

Իրանի 80 միլիոնանոց բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են, Իրանը տարածաշրջանում առաջատար շիական երկիրն է։ Երկրի բանակն ունի շուրջ 534 հազար զինծառայող, ինչպես նաև համարվում է, որ իրանական հրթիռային համակարգերը տարածաշրջանում առաջատարներից են։

ԱՄՆ

ԱՄՆ-ի և Իրանի լարված հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն։ Եթե Օբամայի վարչակարգի օրոք Իրանի և ԱՄՆ-ի լարված հարաբերությունները մի փոքր մեղմվեցին, միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասան, ապա Թրամփի օրոք հարաբերությունները կրկին խիստ լարված են։ Ավելին, Թրամփը սպառնում է չեղարկել միջուկային համաձայնագիրը։ Միաժամանակ ջերմ են ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները։ Ընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցի վերջնակետը Թրամփը Մերձավոր Արևելքը ընտրեց՝ այցելելով Սաուդյան Արաբիա և Իսրայել։ ԱՄՆ-ն երբեք չի քննադատում այս երկրի իշխանությունների քարոզած ծայրահեղական մահմեդականությունը, մինչդեռ Իրանին մեղադրում է ահաբեկիչների հետ կապերի մեջ։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիների վրա չտարածվեց ԱՄՆ մուտքի արգելքը։ Սաուդյան Արաբիան նաև ամերիկյան ռազմամթերքի խոշորագույն գնորդներից է։

Ռուսաստան

Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի թե՛ Իրանի, թե՛ Սաուդյան Արաբիայի հետ։ Երկու երկրների հետ էլ ակտիվ տնտեսական կապեր կան, երկուսին էլ զենք է վաճառում։ Եվ ընթացիկ միջադեպում Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է ընդունել՝ հասկացնելով, որ կարող է միջնորդի դեր կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Թուրքիա

Թուրքիան ևս կարողանում է վարպետորեն մանևրել երկու երկրների միջև։ Թուրքիայի բնակչության մեծամասնությունը սունի մահմեդականներ են։ Եվ կրոնական հիմքի վրա Թուրքիան սերտ համագործակցում է Սաուդյան Արաբիայի հետ, երկու երկրներին միավորում է նաև դիրքորոշումը սիրիական հարցում։ Սակայն վերջերս լավացել են նաև Թուրքիայի և Իրանի հարաբերությունները՝ տարածաշրջանում շարունակաբար մեծացող քրդական գործոնի դեմ պայքարելու համար։

Իսրայել

Իսրայելը և Իրանը մահացու թշնամիներ են։ Իրանում համարում են, որ Իսրայել պետությունը գոյության իրավունք չունի, իսկ Իսրայելում էլ ամեն հնարավոր բան անում են՝ թույլ չտալու, որ Իրանը միջուկային զենք ունենա։

Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունի արաբական երկրներից միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ։ Սակայն Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի շահերը պարբերաբար համընկնում են՝ չհաշված երկուսի սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։

Լիբանան

Լիբանանի քաղաքականությունը նույնպես այս երկրների նկատմամբ երկակի է։ Լիբանանի վարչապետը, որ վերջերս Սաուդյան Արաբիայից հայտարարեց իր հրաժարականի մասին, պրոարաբական դիրքորոշում ունի։ Սակայն երկրում գործող Հզբոլլահ շարժումը պրոիրանական դիրքորոշում ունի և աջակցություն է ստանում այս երկրի կողմից։

Պարսից ծոցի երկրները

Պարսից ծոցի երկրները ևս հիմնականում Սաուդյան Արաբիայի դաշնակիցներն են։ Կատարն էր, որ փորձում էր հավասարակշռել երկու երկրների հետ հարաբերությունները, սակայն ի վերջո հենց դրա պատճառով շրջափակման մեջ հայտնվեց։ Ամռանը հարևանների կողմից շրջափակման ենթարկվելուց հետո Իրանի և Կատարի հարաբերություններն ընդլայնվեցին ու բարելավվեցին։

Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է նաև Եգիպտոսը։

Իսկ ահա Սիրիայի, Իրաքի իշխանությունները Իրանի համախոհն են։

Պարզ է, որ երկու մրցակից ու թշնամական երկրների հարաբերությունները պարբերաբար լարվելու են, երբեմն-երբեմն լարվածության գագաթնակետին են հասնելու։ Բայց թե երբ իրավիճակը կհատի կառավարելիի սահմանն ու կդառնա պայթյունավտանգ կամ երկու երկրների մրցակցությունը որ երկրի ներսում զինված պայքարի կվերաճի, դժվար է կանխատեսել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: