Հայերեն   English   Русский  

​Գիտությունը պատահական մարդկանց տեղ չէ․ Գառնիկ Ասատրյան


  
դիտումներ: 8038

Հայաստանում գիտության զարգացման առաջնային նախապայմանը գիտական արդյունքների և գիտնականի աշխատանքի գնահատումն է միջազգային չափանիշներով:

Այս կարծիքին է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի (ֆակուլտետի) տնօրեն, Iran and the Caucasus (Brill Academic Publishers, Leiden) միջազգային գրախոսվող հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գառնիկ Ասատրյանը։

«Եթե երիտասարդ գիտնականը, օրինակ՝ արևելագետը, արտերկրում կրթություն է ստանում, սովորում մի քանի օտար լեզուներ, վերադառնում է ու այստեղ հրաշալի աշխատանքներ է գրում, տպագրվում միջազգային վարկանիշ ունեցող գրախոսվող գիտական պարբերականներում, գրքեր է լուսընծայում հեղինակավոր և դարձյալ միջազգային վարկանիշ ունեցող հրատարակչություններում, սակայն կարիերայի առաջխաղացման հնարավորություն ստանում է մեկ ուրիշը, որը չի տպագրվում, արդյունքներ չունի, բայց ունի ծանոթ-բարեկամ ու կապեր, բնական է, որ առաջինը թողնելու գնալու է Հայաստանից»,- ասում է Ասատրյանը։ Նա ահազանգում է, որ առկա միտումների պահպանման դեպքում ժամանակի ընթացքում Հայաստանում գիտության ոլորտում կմնան «անդրջրհեղեղյան մեթոդներով աշխատող, իրական գիտությունից շատ հեռու մարդիկ, որոնք զարտուղի ճանապարհներով պաշտոն ու մեդալ են ստանում»։

«Նոր բան հորինելու կարիք չկա։ Այդ ամենն աշխարհում վաղուց մշակված է, գիտաշխատողի արդյունավետությունը գնահատում են՝ հաշվի առնելով, թե քանի հոդված է տպագրել, ինչ վարկանիշ ունեցող գիտական հանդեսներում կամ որտեղ են հրատարակվել նրա գրքերը և այլն»,- ասում է Ասատրյանը։

Նա նշում է, որ գիտական արդյունքների գնահատման միջազգային չափանիշները հեշտությամբ կիրարկելի են նաև հումանիտար գիտությունների ոլորտում։

«Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե հայագիտությունը, իբր, միայն հայաստանյան ձևաչափ ունի: Տարիներ շարունակ ասում եմ՝ տվեք ինձ թեկուզ Հակոբ Հակոբյանի «Բոլշևիկ է Շիր-Կանալը» բանաստեղծության մասին գրած նորմալ հոդված, ես այն կհրատարակեմ աշխարհի ցանկացած գրախոսվող հանդեսում»,- ասում է Ասատրյանը՝ հավելելով, որ որքան էլ զարմանալի է, սակայն հայագիտության առանձին ճյուղեր ավելի շատ դրսում են զարգացած, քան Հայաստանում։

Ասատրյանը նշում է, որ գիտության համար չկա ազգային ձևաչափ, գիտության գնահատման չափանիշը մեկն է՝ միջազգայինը։ «Չի կարելի ասել հայկական ֆիզիկա, կարող ենք ասել, օրինակ, ֆիզիկայի ինչ-որ ճյուղի հայկական դպրոց։ Անգամ հայկական պատմագրություն չի կարելի ասել, պետք է ասել պատմագրության հայկական դպրոց։ Գիտությունը երբեք չի կարող լինել նեղ ազգային։ Ոչ մի ուղղության, անգամ հայոց պատմության կնճռոտ հարցերի, հայերենի, հայ գրականության ուսումնասիրությունը չի կարող լինել զուտ հայկական, պետք է լինի միջազգային, միայն այդ դեպքում տվյալ ոլորտները կզարգանան մեզանում, այլապես դրանք մշտապես մնալու են այսօրվա մակարդակում»,- ասում է նա։

Ասատրյանը նաև հավելում է, որ Հայաստանում գիտության տեսակարար կշիռն ապահովում են բնագետները, քանի որ հասարակագիտության ոլորտը, բացառությամբ որոշ ճյուղերի (հնագիտություն, ազգագրություն և այլն), չափազանց թույլ է զարգացած:

Նա վստահ է՝ ֆինանսավորման ավելացումը չի կարող նպաստել գիտության զարգացմանը, քանի դեռ միջազգային չափանիշներով չենք առաջնորդվում։ Ասում է՝ մարդը, որը բան չգիտի, իրական գիտությունից շատ հեռու է, թեկուզ եռապատկիր նրա աշխատավարձը, ի՞նչ պիտի անի, ի՞նչ կարող է ստեղծել:

«Գիտության զարգացումը ֆինանսավորման հետ ոչ մի կապ չունի։ Ի՞նչն է ամենակարևորը գիտության մեջ․ գիտնականը պետք է ունենա ամբիցիա,- ասում է Ասատրյանը։- Ամբիցիան փողով չի որոշվում, մեր սերունդն այդպես է դաստիարակված. ներկայիս երիտասարդությունն էլ, հավատացեք, միայն փողով չի առաջնորդվում։ Եթե նրան հնարավորություն տաք, որ կարողանա իր ամբիցիաները բավարարել, երբեք չի լքի երկիրը, կմնա և կաշխատի։ Գիտնականի ամբիցիային հագուրդ է տրվում միջազգային ճանաչմամբ։ Հնարավորություն տվեք, որ նա իր սեփական երկրում գնահատվի ըստ իր աշխատանքի, և այդ դեպքում մեր գիտությունը կզարգանա»։

Ասում է, որ արդյունավետ աշխատանքի դեպքում 6 ամսվա ընթացքում հնարավոր է ներդնել ու կիրարկել միջազգային չափանիշները։ Իսկ այդ պարագայում անգամ հաջորդ տարի սպասվող գիտության ֆինանսավորման նվազեցման բացասական հետևանքները կարելի է չեզոքացնել։

Ասատրյանը կարծում է՝ այն մարդիկ, որոնք չեն կարող աշխատել, առողջ մթնոլորտի պայմաններում կթողնեն գիտությունը։ Այդ դեպքում իրապես աշխատողների աշխատանքն էլ ճիշտ կգնահատվի, այդ թվում և ֆինանսապես։ Միևնույն ժամանակ, նա նշում է, որ դեմ է կտրուկ միջամտություններին․ «Կողմնակից չեմ, որ որևէ մեկի հանդեպ օպերատիվ մեթոդներ կիրառվեն, ասեն՝ դու գնա, լավը չես, իսկ մյուսը թող մնա։ Երբ սկսեն կիրառվել համապատասխան չափանիշները, մեկ սերնդի՝ տասը տարվա ընթացքում ամեն ինչ կհարթվի, իր տեղը կընկնի։ Մարդիկ, որ գիտեն՝ գիտության ոլորտում աշխատել չեն կարող, այլ ոլորտ կտեղափոխվեն, մանավանդ երիտասարդները։ Աստիճանաբար դաշտը կզտվի, և ոլորտում կմնան միայն մարդիկ, որոնք կարող են աշխատել, որոնք բան ունեն ասելու»։

Ասատրյանը վստահ է՝ գիտնականի աշխատանքի պատշաճ գնահատման պարագայում երիտասարդներին դեպի գիտություն գրավելու խնդիր այլևս չենք ունենա․ «Երիտասարդը պետք է իմանա, որ կարիերայի աճի հնարավորություն ունի, նաև հստակ պետք է լինի, թե որ դեպքում ինչի կհասնի։ Կարևոր է, որ երիտասարդ գիտնականն իմանա՝ իր կարիերայի զարգացումը կախված է իր աշխատանքից, ոչ թե ինչ-որ մեկին քծնելու հանգամանքից։ Գիտությունը պատահական մարդկանց, քծնողների, բամբասողների ու ժուլիկների տեղ չէ»։

Նա նաև նշում է, որ տարկետման վերացումը ևս չի կարող խոչընդոտ լինել գիտության զարգացման համար։ Իր տարիների փորձն ամփոփելով՝ ասում է, որ ծառայությունից վերադարձած ուսանողներն ավելի լավ են սովորում, որովհետև ավելի հասուն են, ավելի են գնահատում դասն ու գիտելիքը, ունեն որոշակի կյանքի փորձ։

«Որոշ շրջանակներ կան, որ խտացնում են գույները, քաղաքական շահարկումների դիմում։ Տարկետումը պետք է վերանա, մանավանդ որ հնարավորություն են տալիս ընտրելու՝ սովորել ու հետո որպես սպա երեք տարի ծառայել՝ միաժամանակ գիտությամբ զբաղվելով»,- ասում է նա։

Հարցին, թե գուցե օտար լեզուների ոչ բավարար իմացության մակարդակն է խոչընդոտում հայ գիտնականների միջազգային ճանաչմանը, Ասատրյանը նշում է, որ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր պայման չէ․ կարող են իրենց աշխատանքները թարգմանության հանձնել ու այդպիսով միջազգային ասպարեզ դուրս գալ։ Նա նշում է, որ կարևորը խելքն ու գաղափարներն են։

«Չեմ կարծում, որ ակադեմիկոս Ջահուկյանը, որը համաշխարհային մակարդակի լեզվաբան էր, ազատ խոսում էր գերմաներեն, անգլերեն կամ ֆրանսերեն, բայց նրա վաստակը միջազգային լեզվաբանության և հայագիտության մեջ հսկայական է, որովհետև նա գաղափար ուներ, աշխատում էր, գիտեր միջազգային գիտական ամբողջ համակարգը»,- ասում է նա։

Անդրադառնալով պետական մակարդակով գիտության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ Ասատրյանն ասում է, որ դրական երևույթներ կան, պետությունն ինչ-որ փորձեր անում է։ Նման դրական երևույթներից մեկն էլ 100 արդյունավետ գիտաշխատողների պարբերական մրցույթներն են, որոնք իրականացվում են ԳՊԿ կողմից։

«Բայց պետությունը երբեք չպետք է խառնվի գիտության աստիճանավորման գործին։ Լսել եմ, որ ուզում են միաստիճան համակարգի անցնել։ Դա չափազանց վտանգավոր բան է հենց այդ նույն գնահատման տեսանկյունից։ Եթե այսօր, բացի միջազգային չափանիշներից, կա մի չափանիշ, որը գոնե մի քիչ տարբերակում է մեկին մյուսից, դոկտորական աստիճանն է։ Դա էլ հանում եք, որ ի՞նչ լինի։ Հետո մենք ԵՏՄ-ում ենք, որտեղ երկաստիճան համակարգն է ընդունված։ Եթե հստակ կիրարկվեն գիտության գնահատման իմ ասած չափանիշները, ապա տասը տարի հետո գուցե կարիք էլ չի լինի դոկտորական աստիճանի, բայց հիմա կա»,- ասում է նա՝ նշելով, որ երկրորդ աստիճանն ունեն նաև ԱՄՆ-ն ու Եվրոպան, իսկ հակառակ պնդողները պարզապես խնդրին ծանոթ չեն։

Հարցին, թե գիտության ինչ ապագա է տեսնում Հայաստանում, Ասատրյանը նշում է, որ դա մեծապես պայմանավորված է նրանից, թե որքանով կկիրարկվեն գիտության գնահատման միջազգային նորմերը։

«Հայ-ռուսական համալսարանում գիտության ապագան շատ լավ եմ տեսնում, քանի որ մենք հենց միջազգային նորմերով ենք առաջնորդվում. մյուս տեղերում չգիտեմ։ Մեր արևելագիտական և հատկապես իրանագիտական դպրոցն այսօր Հայ-ռուսական համալսարանում հսկայական քայլեր է անում՝ հենց նոր մեթոդների ու հենց այդ միջազգային չափանիշների հետևողական կիրառմամբ: Եթե Հայաստանի կառավարությունը հետևի այդ սկզբունքների ամրակայմանը Հայաստանում, ապա 10-20 տարի հետո մենք կունենանք հրաշալի գիտություն, և տարածաշրջանում ակնառու ձեռքբերումներ կունենանք»,- ասում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: