Հայերեն   English   Русский  

​Հայաստանում հաջողության հասնելն ավելի դժվար է, բայց ավելի հետաքրքիր. Մարինա Մխիթարյան


  
դիտումներ: 5100

«Անկախն» այս անգամ ներկայացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կոլբա» նորարարական լաբորատորիայի ղեկավար Մարինա Մխիթարյանի հաջողության պատմությունը:

Մարինան առաջին մասնագիտությամբ անգլերենի և գրականության մասնագետ է, ավարտել է ԵՊՀ ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետը: Նա նաև իրավաբան է, միջազգային իրավունքի մասնագետ, երկար տարիներ աշխատել է մեդիայի ոլորտում, համակարգել զարգացման ծրագրեր, իսկ այժմ սոցիալական նորարարությունների բացահայտմամբ և առաջխաղացմամբ է զբաղվում:

Մարինա Մխիթարյանի հետաքրքրություններն աշխատանքում և աշխատանքից դուրս

Մասնագիտական հետաքրքիր ընթացք եմ ունեցել: Եվ կարծում եմ` այդ ընթացքը պայմանավորել է իմ անձնական հատկությունները և ընդհանրապես ճանապարհս։ Սկսել եմ աշխատել դեռ ուսանող տարիքից։ Աշխատանքային ճանապարհս սկսել եմ «Ա1+» հեռուստաընկերությունից՝ միջազգային լուրերն էի վարում։ Պատկերացրեք՝ ցուրտ ու մութ տարիներն էին, ես 19 տարեկան էի ու աշխատում էի հեռուստատեսությունում, ամսական մոտ 100 դոլար աշխատավարձ էի ստանում, միջին խավի ու օլիգարխի միջև ինչ-որ հատվածում էի ու շատ հպարտ էի ինձնով։

«Ա1+»-ից հետո առաջին անգլիալեզու թերթը ստեղծեցինք, կոչվում էր «Երևան թայմս», բայց 1-2 տարի հետո փակվեց, քանի որ կոմերցիոն բաղադրիչ չուներ: Հետո տեղափոխվեցի «Եվրասիա» հիմնադրամ, որտեղ մեդիա ծրագրերն էի համակարգում: Այն ժամանակ թվային գործիքները նոր էին առաջանում, ստեղծում էինք նոր մեդիայի և այլընտրանքային մեդիայի գործիքներ։ Շատ հետաքրքիր ժամանակներ էին, երբ փոփոխության կառավարում ես իրականացնում, ադապտացնում ես այդ փոփոխությունների ընթացքը քո երկրի վրա։ Շատ ստեղծագործական ու հետաքրքիր աշխատանք էր։

Իսկ հիմա անում եմ մի նախագիծ, որը կոչվում է նորարարական լաբորատորիա։ Սա իմ նախկինում իրականացված աշխատանքների շարունակությունն է։ Վերջին ծրագիրս կոչվում էր «Ինֆոտուն»։ Ֆորմալ լուրի ինդուստրիան արդեն չի բավարարում մարդկանց կարիքները, արդեն պետք է մարդ, որ ինքն է ստեղծում լուր, պետք են համայնքներ, որոնք այլ կերպ են ինֆորմացիան փոխանցում միմյանց միջև։ Եվ մարզերում ստեղծեցինք ինֆոտները, որոնք հաղորդակցության կենտրոններ էին, քաղաքացիներին սովորեցնում էին մեդիագրագիտություն՝ ինչպես ընկալել, կարդալ ու ինչպես արտադրել լուր։

Դրանից հետո որոշեցինք, որ ինստիտուցիոնալ պետք է լինի մոտեցումը. եթե նոր տիպի քաղաքացու ինստիտուտը կայանում է, պետք է տեսնել, թե ինչ կարելի է անել, որպեսզի նաև պետական կառույցներում ինտեգրենք այդ մարդուն։

«Կոլբա լաբը» ՄԱԿ-ի զարգացման ծրագրերում ողջ աշխարհում առաջինն էր որպես սոցիալական նորարարական լաբորատորիա։ Իմաստն այն է, որ զարգացման մեծ կազմակերպություններն աշխատեն մարդու, ոչ թե կազմակերպությունների հետ։

Մեր փիլիսոփայության հիմքում մարդակենտրոն մոտեցումն է։ Օրինակ, եթե հաշմանդամություն ունեցող մարդ ես, ապա ավելի լավ գիտես հաշմանդամություն ունեցող մարդու խնդիրները, քան ցանկացած փորձագետ։ Եվ պետք է կարողանալ այդ մարդուն հարցնել, թե ինչպես լուծում գտավ իր խնդիրներին, ու օգտագործել դա մեծ համակարգային որոշումներ կայացնելիս։

Պարբերաբար մրցույթներ ենք հայտարարում տարբեր խնդիրների վերաբերյալ և գաղափարներ ենք հավաքում։ Անհավանական ստեղծագործական լուծումներ ենք ստանում: Ամեն օր առնչվում ես հարյուրավոր ստեղծագործական լուծումների, այդ լուծումները ֆիլտրելու ընթացքում ձեռք ես բերում ինտուիցիա, հաջողությունը կանխազգալու բնազդ։ Արդյունքում արագ հասկանում ես, թե որոնք են արդյունավետ լինելու, որոնք չեն գործի: Կարծում եմ, որ դա իմ ամենամեծ ձեռքբերումն է եղել այս աշխատանքի մեջ։

Ինչ-որ պահի հասկացանք, որ մարդկանց հետ աշխատելը շատ հետաքրքիր է, բայց եթե նրանց չմիավորես համակարգի մեջ, մնում են թույլ, անպաշտպան, նույնիսկ գաղափարներն են մնում անպաշտպան։ Եվ սկսեցինք աշխատել կառավարության հետ։

Եթե ունես լուծում, օրինակ` հաշմանդամների համար մատչելի վայրեր ստեղծելու վերաբերյալ, և այդ լուծումն ինչ-որ պահի չի հասնում որոշում կայացնողին, այդ լուծումը շատ թույլ է մնում։ Այդ կապը պետք է ստեղծել, և հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում։

Մասնագիտական ընտրություններն ու արդյունքները

Գիտեք, ես շատ հետաքրքրասեր մարդ եմ, փոքր ժամանակվանից է այդպես եղել։ Ես ինձ երբեք չեմ համարել ո՛չ լավ լեզվաբան, ո՛չ իրավաբան, չնայած միշտ եղել եմ գերազանցիկ։ Մասնագիտություն ունենալու իմաստը, եթե հետազոտությամբ չես զբաղվում, գիտնական չես, պրպտելն է, հետազոտելը ոչ գիտական իմաստով։ Դա ինձ դարձնում է լավ մենեջեր ծրագրերի կառավարման առումով, ես տեսնում եմ տարբեր ոլորտների մեծ պատկերը ու կարողանում եմ այդ ոլորտների վերաբերյալ լուծումներ գտնել և որոշումներ ընդունել։

Հաջորդ հանգրվանը

Ես արդեն մտածում եմ` հաջորդ հանգրվանի աշխատանքն ինչ է լինելու։ Կարծում եմ` կառավարման հետ կապված ինչ-որ բան է լինելու, բայց իհարկե ոչ պետական աշխատանք։ Հետաքրքիր կլինի, եթե միջազգային լինի։ Դա ավելի մեծ հմտություն է տալիս, քանի որ ավելի մեծ պատկեր ես տեսնում, նաև այլ համակարգի ես ծանոթանում։

Նման մի քանի փորձեր ունեցել եմ, օրինակ՝ Բանգլադեշի կառավարության համար ծրագիր ենք մշակել, կամ Շրի Լանկայի կառավարության համար նորարարական լաբորատորիա ենք ստեղծել: Բացարձակապես տարբեր համակարգեր էին։ Նրանց համար լուծումներ մշակելը շատ մեծ պատասխանատվություն է, բայց նաև շատ մեծ գայթակղություն է ամբիցիայի առումով։

Եթե նորից ընտրելու հնարավորություն ունենար

Հիմա որ նայում եմ մասնագիտական ընտրությանս, ոսկե մեդալով ավարտել էի դպրոցը և պետք է ընդունվեի լավագույն բուհի լավագույն ֆակուլտետը: Այն ժամանակ ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետն էր համարվում այդպիսին:

Հիմա շատ ափսոսում եմ: Կուզենայի հիմնարար գիտությամբ զբաղվել, օրինակ` ֆիզիկայով, այն շատ եմ սիրում: Շատ կուզենայի, որ հիմքը ոչ թե հումանիտար, այլ բնագիտական լիներ։ Բայց եթե ունես համալսարանական բանասիրական կրթություն՝ էլի շատ բաներ կողմնորոշում է կյանքում։

Նորարարական գաղափարների հետ աշխատելու առանձնահատկությունները

Իրականում շատ դժվար է։ Նախ պետք է հասկանալ՝ դա նորարարություն է, թե կրկնօրինակում։ Երկրորդ՝ պետք է գնահատել գաղափարը մեր կոնտեքստում, որովհետև գուցե կրկնօրինակում է, բայց շատ նորարար է մեզ համար, ու դրա շնորհիվ գտնելու ես լուծում, որը շատ ավելի էժան ու արդյունավետ է, քան ունենք։ Օրինակ, եթե չունենք խելացի քաղաքի լուծումներ, իսկ ամբողջ աշխարհում դրանք կիրառվում են, չի նշանակում, որ նորարար չի լինի, եթե բերենք ու տեղայնացնենք մեր կոնտեքստում։

Մի նոր, սիրելի թեմա ունենք լաբորատորիայում՝ քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը։ Հասկացել ենք, որ շատ բան կախված է այն միջավայրից, որում ապրում ես։ Ունենք մի քանի ծրագրեր, սակայն դժվար են իրականացվում, քանի որ հանրային տարածքներ գրեթե չեն մնացել։

Նորարարական գաղափարների մեծ պոտենցիալ ունենք։ Այնպիսի անհավանական տեղերից ենք գաղափարներ ստանում, որ երբեք չես սպասի, ամենակոնսերվատիվ պետական կառույցներից ստանում ենք ամենահամարձակ գաղափարները, որովհետև եթե մարդուն տալիս ես հնարավորություն ու մի քիչ պրովոկացիա ես անում, դրանց արդյունքում ստեղծվում են նման գաղափարները։

Անհամար գաղափարներ ենք ստանում։ Ու մեր ստացած գաղափարների մի մասն ուղարկում ենք իրականացնելու արտերկրում։ Օրինակ՝ մեր թիմերից մեկը Ալբանիայի կառավարության համար բաց գնումների համակարգ է մշակելու։

Հաջողակ մարդու բանաձևը

Հաջողակ եմ համարում այն մարդուն, որը ոչ թե մարդկանց ընկալումներում է հաջողակ, այլ իր երազանքների իրականացման առումով ինչ-որ հիմնարար կետերի է հասել։ Եթե երազել ես դառնալ տիեզերագնաց, բայց դարձել ես ինչ-որ գործարանի տնօրեն, չեմ կարծում, որ հաջողակ ես, քանի որ ունես կոտրված երազանքներ։ Երազանքներից չհրաժարվելը, նոր երազանքներ դնելը շատ կարևոր են։

Ինքս ինձ հաջողակ համարում եմ, քանի որ բախտս միշտ բերում է։ Միշտ գտնում եմ աշխատանքներ, որոնք հետաքրքիր են. բոլոր աշխատանքներս ինչ-որ հաջողությունների են հասել, իհարկե, ջանքեր ներդրել եմ դրանց մեջ, իսկ կանոնի համաձայն՝ ինչքան ջանք ես ներդնում, այդքան էլ հետ ես ստանում, բայց որ բախտս բերում է՝ փաստ է։ Միշտ հանդիպում եմ հոյակապ մարդկանց, որոնցից նոր բաներ եմ սովորում ու որոնցից ոգեշնչվում եմ։ Միշտ ունենում եմ հնարավորություններ անելու այն, ինչ ուզում եմ։

Կինը և կարիերան

Միշտ ուրախ եմ եղել, որ կին եմ։ Ու հաջողության եմ հասել նաև այն բանի շնորհիվ, որ կին եմ, որովհետև ինչ-որ հարցեր փափուկ ես լուծում, ինչ-որ բաներ ժպտալով ես անում, մարդկանց համար ավելի հեշտ է քեզ հետ աշխատել։ Երբևէ խնդիր չեմ ունեցել, գուցե նրա համար, որ երբևէ չեմ ուզեցել քաղաքական կարիերա անել։

Օրենքի առումով, իհարկե, պետք է ստեղծել հավասար հնարավորություններ։ Բոլորի բախտը չի բերում ինչպես իմը։ Ես ծնվել եմ կիրթ ընտանիքում և կնոջ դերն աժևորելու առումով երբևէ խնդիր չեմ ունեցել։

Բայց չեմ հասկանում պոզիտիվ դիսկրիմինացիայի իմաստը։ Երբեմն, օրինակ՝ տարբեր կոնֆերանսների մասնակցության հրավերներ եմ ստանում։ Երբ տեղեկացնում եմ, որ չեմ կարող մասնակցել և հարցնում, թե կարող է իմ կոլեգան մասնակցել, պատասխանում են, որ անպայման կին պետք է մասնակցի։ Ես դրանից նեղանում եմ։

Հայ կինը ֆանտաստիկ արարած է, և մտածել, որ նրան քվոտաներով է պետք արժևորել՝ մի քիչ վիրավորական է։ Համարում եմ, որ ամեն կին պետք է ինքնադրսևորման հնարավորություն ունենա։ Բայց այս դեպքում, երբ ինչ-որ բան հենց այնպես տրվում է, խոչընդոտում է նոր լուծումներ գտնելու, զարգանալու հնարավորությունը։

Հաջողության ուղին Հայաստանում

Այստեղ հաջողության հասնելն ավելի դժվար է, բայց ավելի հետաքրքիր, քանի որ չունենք կանխատեսելի ճանապարհ։

Սիրով կճամփորդեմ, այլ երկրներում ծրագրեր կիրականացնեմ, բայց ապրել և ապրելու եմ Հայաստանում, սա իմ տունն է։ Փորձդ այլ երկրներում կիրառելը շատ հետաքրքիր է, բայց ապրել այլ երկրում, օտար երկիրն ընկալել որպես քո տուն՝ երբևէ այդ մասին չեմ մտածել։

Ամենամեծ ձեռքբերումը

Իմ ամենամեծ ձեռքբերումը իմ հարաբերություններն են՝ ընտանիք, ընկերներ, գործընկերներ։ Դրանից ավելի բարդ բան երբևէ չեմ ստեղծել, դա ամենաշատ ներդրումներ պահանջողն է։ Եթե կարող ես պրոյեկտի վրա աշխատել ժամը 9-6-ը, ապա հարաբերությունների վրա պետք է աշխատես ամեն վայրկյան։ Դա հսկայական աշխատանք և մեծ ռեսուրս է պահանջում։

Կոչ երիտասարդներին

Երիտասարդներին կոչ կանեի ավյունը չկորցնել, չհիասթափվել, մնալ պրպտող։ Դա շատ դժվար խնդիր է, բայց շատ կարևոր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: