Հայերեն   English   Русский  

​Ատամները կրճտացնելու պատճառները


  
դիտումներ: 1352

Ատամների կրճտոցն այն խնդիրն է, որն այս կամ այն չափով հանդիպում է մարդկանց մեծամասնության մոտ: Շատերն անգամ տեղյակ չեն, որ նման խնդիր ունեն, քանի որ հիմնականում կրճտացնում են քնած ժամանակ:

Այդ երևույթը կոչվում է բրուքսիզմ (բժշկական անվանումը): Բրուքսիզմի առաջացման պատճառները տարբեր են: Եվ տարբեր են բրուքսիզմի պատճառները մեծերի ու փոքրերի մոտ:

Մասնագետներն ատամների կրճտոցը համարում են քնի խանգարում՝ խռռոցի նման, սակայն դա լուրջ հիվանդություն չի համարվում: Ի դեպ, բրուքսիզմը, որպես շեղում, ոչ միայն ատամների կրճտոցն է, այլև քնած ժամանակ թուքը հաճախակի կուլ տալը, ինչպես նաև ատամների կափկափյունը: Ֆիզիոլոգիայի տեսանկյունից բրուքսիզմը ծամող մկաների լարվածությունն է, որը տեղի է ունենում ոչ գիտակից մակարդակում (հիմնականում քնած կամ ինչ-որ բանով խիստ տարված լինելու ժամանակ ): Դա նշանակում է, որ այդ սովորությունը վերահսկել հնարավոր է: Շատերն ատամները կրճտացնելու իրենց սովորության մասին իմանում են իրենց կողքին քնողից: Բրուքսիզմը զգացվում է կողքից. հազվադեպ է մարդն ինքը գիտակցում իր սովորության մասին, չնայած գոյություն ունեն ախտանշաններ, որոնք կարող են հուշել բրուքսիզմի մասին:

Այդ ախտանշաններից են ստոմատոլոգիական զարգացող խնդիրը (առաջին հերթին՝ մաշված ատամնաէմալը), ստորին ծնոտի մկանների ու հոդերի, ծամող մկանների, դիմային մկանների ցավը, թերի, անբավարար քունը, ինչի հետևանքով առավոտյան լիարժեք հանգստացած չեք լինում, քրոնիկ գլխացավերը, միգրենը, թիկունքի, ուսերի ու պարանոցի մկանային ցավերը, ականջներում զրնգոցն ու ցավը, ներքին ականջի ֆունկցիայի խանգարումը (վեստիբուլյար գլխապտույտ):

Ու համոզվելու համար, որ թվարկված ախտանշանները բրուքսիզմի հետևանք են, պետք է լիարժեք հետազոտություն անցնել:

Կրճտոցը երեխաների մոտ

Ատամներն անգիտակցորեն կրճտացնում են ամեն տարիքի մարդիկ, այսինքն՝ տարիքային սահմանափակում չկա: Սակայն մեծահասակների ու երեխաների կրճտոցների պատճառներն են տարբեր: Օրինակ՝ վաղ մանկական տարիքում կաթնատամների կրճտոցը նորմից շեղում չի կարելի համարել, եթե դա հաճախակի չի լինում ու տևական էլ չէ, այսինքն՝ քրոնիկ բնույթ չունի: Բացի այդ, հնարավոր է, որ երեխան հատուկ է կրճտացնում ատամները, այսինքն՝ յուրովի ուսումնասիրում է դրանք ու դրանց հնարավորությունը:

Մարդկանց մեծամասնության կարծիքով՝ ատամներով կրճտացնելու հիմնական պատճառը ( ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի) օրգանիզմում մակաբույծների առկայության վկայություն է:

Այս կարծիքը սխալական է. բժշկական հետազոտությունների արդյունքներով բացառվել է այդ խանգարումների փոխակապվածությունը: Ուստի չարժե խուճապահար լինել ու երեխային ճիճվամուղ դեղեր տալ միայն կրճտոցի պատճառով:

Փոքրերի մոտ բրուքսիզմի պատճառ կարող է լինել ատամների ծկլթոցը կամ էլ ադենոիդների մեծացումը, վիտամինների անբավարարությունը ևն: Բացի այդ, երեխաների անհավասարակշռված նյարդային վիճակը կարող է կանոնավոր կրճտոցի պատճառ դառնալ: Օրինակ՝ քնից առաջ գերակտիվությունը, հեռուստացույց երկար նայելը կարող է գիշերային բրուքսիզմ առաջացնել:

Մեծերի մոտ ատամների կրճտոցը կարող է անկայուն էմոցիոնալ վիճակի հետևանք լինել: Գերլարվածությունը, հոգնածությունը, հաճախադեպ սթրեսները, մի խոսքով՝ այն ամենը, ինչը մեծ լարածություն է ստեղծում նյարդային համակարգի համար, կարող է հանգեցնել քնի խանգարման ու ատամների կրճտոցի: Ուստի այս դեպքում բրուքսիզմի դեմ պայքարելու առաջին միջոցն առողջ ու էմոցիոնալ հավասարակշռված կենսակերպն է ու սթրեսածին իրավիճակներից հնարավորինս խուսափելը:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է կրճտոցի դեմ գիշերը քնելուց առաջ խոտաբույսերով, նյարդերը հանգստացնող եփուկներ խմել, օգնում են նաև հանգստացնող ու թուլացնող մերսումները, թարմ օդին զբոսանքները:

Բրուքսիզմի ֆիզիոլոգիական պատճառներից մասնագետները նշում են ստոմատոլոգիական խնդիրները, սխալ ատամնալիցքը, իմպլանտները, ատամնաշապիկները: Այսինքն՝ եթե կրճտացնելու սովորություն ունեք, ուրեմն անպայման ատամնաբույժի մոտ գնացեք: Մասնագետը ոչ միայն բերանի խոռոչը կստուգի, այլև հնարավոր պատճառները կվերացնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: