Հայերեն   English   Русский  

​Հանրապետության նախագահի նոր սահմանադրաիրավական կարգավիճակը


  
դիտումներ: 11298

Հայաստանում 2015 թ. տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով ընդունված նոր սահմանադրությունն էականորեն փոխեց պետական իշխանության սահմանադրաիրավական կառուցվածքն ու էությունը: Հայաստանը կիսանախագահական հանրապետությունից վերածվեց պառլամենտականի: Այս ամենի արդյունքում թերևս ամենակարևոր ֆիգուրը` նախագահը, կորցրեց իր երբեմնի կարևորությունը:

Հանրապետության նախագահի ինստիտուտի հիմնական փոփոխությունները բացահայտելու համար առաջարկում ենք իրականացնել նախկին և նոր սահմանադրական կարգավորումների համեմատական վերլուծություն:

Հանրապետության նախագահի ընտրության կարգը: Նախկին սահմանադրությամբ հանրապետության նախագահն ընտրվում էր համապետական ընտրությունների միջոցով ՀՀ քաղաքացիների կողմից: Այժմ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը: Եթե նախկինում նախագահը պաշտոնավարում էր 5 տարի ժամկետով, ապա սահմանադրական փոփոխությունների արդյունքում այդ ժամկետը դարձավ 7 տարի:

Հանրապետության նախագահի լիազորությունները: Որո՞նք են հանրապետության նապագահի լիազորությունների կազմում կատարված հիմնական փոփոխությունները: Եթե նախկինում հանրապետության նախագահն օժտված էր որոշակի հանգամանքներում Ազգային ժողովն արձակելու իրավասությամբ, ապա այժմ նման լիազորություն չունի: Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է վարչապետի նշանակման լիազորությանը: Եթե նախկինում նախագահը վարչապետ էր նշանակում Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, ապա այժմ ընդամենը իրավունքի ուժով վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Մյուս փոփոխությունը վերաբերում է գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի և վերահսկիչ պալատի նախագահների ընտրությանը: Եթե նախկինում նշված պաշտոնների թեկնածուներին նախագահն առաջարկում էր Ազգային ժողովին, ապա այժմ այդ պաշտոնների համար թեկնածուների առաջադրումն անում են Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովները, իսկ նշանակումն անում է Ազգային ժողովը: Ընդ որում վերահսկիչ պալատը փոխարինվել է հաշվեքննիչ պալատով: Եթե նախկինում նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր, ապա այժմ այդ դերը ստանձնել է վարչապետը, այն էլ՝ միայն պատերազմի ժամանակ: Եթե նախկինում ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու իրավասությունը պատկանում էր նախագահին, ապա այժմ այդ իրավասությունը վերապահված է կառավարությանը: Փոփոխություններ են կատարվել նաև մի շարք այլ լիազորություններում, օրինակ՝ սահմանադրական դատարանի անդամների և դատարանների դատավորների նշանակման և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: