Հայերեն   English   Русский  

​ԽՈՍՐՈՎ ԿՈՏԱԿ


  
դիտումներ: 4868

Չորրորդ դարի հայոց պատմությունը լի է հետաքրքիր, փառահեղ ու ողբերգական իրադարձություններով: Իրար են հաջորդում մերթ հզոր ու պատվախնդիր, մերթ թուլակամ կամ հակասական գործիչներ…

330 թ. մահանում է հայոց թագավոր Տրդատ Գ Արշակունին (287-330), և հայոց գահն անցնում է նրա որդուն՝ Խոսրով Գ Կոտակին (330-338): Նրա գահակալությանն աջակցեցին Հռոմի Կոստանդինոս կայսրը և Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը:

«Կոտակ» նշանակում է կարճահասակ, փոքրամարմին: Բայց փոքրամարմին ու թուլակամ այս գահակալն իր կարճատև թագավորության ընթացքում հասցրեց երկու մեծագործություն կատարել:

Գահ բարձրանալով՝ Խոսրովը ձեռնամուխ եղավ նոր՝ Դվին մայրաքաղաքի կառուցմանը: Քանի որ Արաքսը փոխել էր հունը և նախկին հունի մեջ՝ Արտաշատ մայրաքաղաքի մատույցներում, ճահիճներ էին առաջացել, արքան Արտաշատից ոչ հեռու նոր մայրաքաղաք կառուցեց, որ հետագայում բարգավաճեց ու դարձավ հայոց միջնադարյան ամենամեծ քաղաքներից մեկը:

Նա նաև տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արգելոց-անտառները՝ որպես արքունի որսատեղի: Խոսրովի արգելոցը մեզ հասած հնագույն արգելոցն է աշխարհում:

Խոսրովի հոր՝ Տրդատ Գ-ի թագավորության օրոք՝ 301 թ., Մեծ Հայքում Հռոմի անմիջական ու գործուն միջամտությամբ քրիստոնեությունը հռչակվել էր պետական կրոն: Սա, իհարկե, սոսկ հոգևոր փոփոխություն չէր: Քրիստոնեության ընդունումն առաջին հերթին քաղաքական կողմնորոշում էր: Մեծ Հայքը երես էր թեքել իր ցեղակից ու բարեկամ պարսիկներից, ընդունել հռոմեական կողմնորոշում: Նոր ձևավորված Հայ առաքելական եկեղեցին ամուր արմատներ գցեց հայոց հողում և փաստացի դարձավ հռոմեական շահերի ներկայացուցիչը Հայաստանում՝ շատ դեպքերում միջամտելով պետության գործերին, երբեմն ուղղակի պատանդի դերում պահելով հայոց արքաներին ու պետական համակարգը: Հայոց կաթողիկոսը, հոգևոր պետ լինելուց զատ նաև երկրի գլխավոր դատավորն էր:

Դեռևս Տրդատ Գ թագավորության օրոք, դժգոհ արքայի վարած քաղաքականությունից, նրանից ապստամբել և անկախացել էր Աղնձիքի Բակուր բդեշխը: Խոսրովը, գահ բարձրանալով, իրեն հենարան ունենալով հայ եկեղեցին և Մամիկոնյաններին, ձեռնամուխ եղավ իր թագավորության ամրապնդմանը: Նա գրավեց Աղնձիքը և բնաջինջ արեց Բակուր բդեշխի տոհմը:

Առհասարակ այս թուլակամ թագավորն աչքի էր ընկնում առանձնակի դաժանությամբ: Նրա հրամանով բնաջինջ արվեցին հայոց բնիկ նախարարական տոհմեր՝ Որդունիները և Մանազվաղյանները: Նրանցից բռնագրաված հողերը Խոսրովը հանձնեց իր գահի հենարաններին՝ եկեղեցուն և Մամիկոնյաններին…

Չնայած եկեղեցու օրեցօր աճող հզորությանը՝ Խոսրով Գ գահակալման առաջին տարիները բարենպաստ չէին Վրթանես կաթողիկոսի համար: Երկրում դեռ ամուր հիմքեր ուներ հին՝ ազգային դավանանքը, որի դեմ պայքարի էր լծվել կաթողիկոսը: Աշտիշատում նրա դեմ հեթանոսները դավ կազմակերպեցին, ինչը, սակայն, հաջողություն չունեցավ: Շատ չանցած՝ Վրթանեսի որդին՝ Մանուկ Գրիգորիսը, որին հայրը Վրաց և Աղվանից կաթողիկոս էր կարգել, զոհվեց Մազքութաց երկրում: Սա մեծ պատերազմի առիթ տվեց:

Հյուսիսային Կովկաս՝ մազքութաց Արշակունիների թագավորություն քրիստոնեություն քարոզելու էր գնացել Գրիգոր Պարթևի թոռը՝ Մանուկ Գրիգորիսը: Մազքութները ոչ միայն սպանեցին Մանուկ Գրիգորիսին, այլև իրենց երկրի ներքին գործերին միջամտելու պատճառով պատերազմ սկսեցին Մեծ Հայքի թագավորության դեմ: Մազքութաց Սանեսան Արշակունի թագավորն անձամբ մեծաքանակ զորքն առաջնորդեց հայոց երկրի վրա:

Ի դեպ, կան պատմաբաններ, որոնք պնդում են, թե Սանեսանը նաև Աղվանքի թագավորն էր:

Փավստոս Բուզանդն այս դեպքերի մասին գրում է. «Այն ժամանակ մազքութների Սանեսան թագավորը… ժողովեց, գումարեց բոլոր զորքերը՝ հոներ, փոխեր, թավասպարներ, հաճմատակներ, իժմախներ, գաթեր, գղվարներ, ճղբեր, բաղասիճներ, եգերսվաններ և այլ խառնիճաղանջ թափառական վաչկատուն ցեղեղերի անթիվ բազմություն, որոնց առհասարակ ինքն էր իշխում: Եկավ անցավ իր սահմանը, մեծ Կուր գետն ու սփռվեց, լցրեց Հայոց աշխարհը»:

Հայոց պետությունը պատրաստ չէր այդ ներխուժմանը: Սպարապետ Վաչե Մամիկոնյանը բացակայում էր երկրից, իսկ հայոց բանակի հիմնական ուժերը գտնվում էին Հյուսիսային Միջագետքում: Մազքութների հարվածն ի պաշտոնե առաջինն իր վրա է վերցնում Գուգարաց Միհրան բդեշխը:

Մարտի ժամանակ բդեշխը զոհվում է: Մազքութները, կոտրելով հայոց բանակի դիմադրությունը, ներխուժում են երկրի խորքերը:

Հայոց Խոսրով Կոտակ արքան, վախենալով նոր ճակատ կազմելուց թշնամու դեմ, փախչում և ամրանում է Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառի Դարոյնք ամուր բերդում՝ Հայաստանը, փաստորեն, թողնելով թշնամու ողորմածությանը: Դարոյնքը հայոց արքունի ամենաապահով ամրություններից էր ու հայոց Արշակունի պայազատների բնակատեղին:

Մազքութները պաշարում են մայրաքաղաք Վաղարշապատը: Քաղաքը համառորեն դիմադրում է: Սակայն Վաղարշապատի կայազորը փոքրաթիվ էր, և արքայի կողմից լքված հայոց մայրաքաղաքն ի վերջո գրավում է թշնամին:

Մայրաքաղաքի գրավման համար Սանեսան Արշակունին մեծ ուժեր է վատնում, այդ պատճառով էլ նա չի արշավում դեպի արևմուտք և որոշում է ձմեռել Վաղարշապատում՝ երկրի վերջնական գրավման գործը հետաձգելով մինչ գարուն:

Հայկական բանակի առանձին ստորաբաժանումները, որ տեղակայված էին երկրի տարբեր հատվածներում, աստիճանաբար կենտրոնանում են Այրարատի շուրջ և հանկարծակի հարձակումներով մաշում են Սանեսանի բանակը: Եվ նա իր ձմեռային ապաստանի պաշտպանությունը լավ կազմակերպելու համար ամրացնում է Վաղարշապատի մատույցները՝ ռազմակայաններ ստեղծելով և ստորաբաժանումներ տեղակայելով նաև Օշականում և Ցլու գլուխ կոչված վայրում:

Վրա հասած ձմեռը հնարավորություն տվեց Հռոմից վերադարձած Վաչե Մամիկոնյան սպարապետին համախմբել հայկական բանակն ու այն կենտրոնացնել Այրարատում՝ ակցանի մեջ առնելով Սանեսանի բանակը:

Սպարապետը որոշում է դիմել անակնկալ մարտավարության և հարձակման անցնել անսպասելի տեղից: Ցլու գլուխ կոչված վայրում տեղակայված էր մազքութների ամենամեծաքանակ զորաբանակը: Բացի այդ, թշնամին լավ ամրացրել էր Ցլու գլուխը, հետևաբար այդտեղից չէին սպասում հայոց զորքի հարձակմանը:

Հայոց սպարապետը զորքին հարձակման հրաման է տալիս լուսադեմին, երբ մազքութները, նոր արթնացած, ծիսական արարողություններն էին կատարում և լրիվ անպատրաստ էին հայերի հարձակմանը: Մարտը կարճ է տևում, անակնկալի եկած թշնամին ուղղակի սրակոտոր է լինում:

Թույլ չտալով ուշքի գալ թշնամուն՝ Վաչե Մամիկոնյանը հայոց զորքն առաջնորդում է դեպի Վաղարշապատ: Խուճապահար թշնամին, լքելով դիրքերը և մայրաքաղաքը, փախչում է դեպի Օշական՝ միավորվելու այնտեղ տեղակայված զորախմբին:

Հայոց բանակը, կրնկակոխ հետապնդելով թշնամուն, ստիպում է ընդունել մարտն անբարենպաստ պայմաններում: Բացի այդ, հայոց զորքը թևերից շրջանցում է թշնամուն, ակցանի մեջ առնում նրան՝ զրկելով նաև նահանջելու հնարավորությունից:

Խորենացին Օշականի ճակատամարտի մասին գրում է. «Նրանց վրա հանկարծակի հարձակվեցին մեր արևելյան և արևմտյան զորքերը, հետ վանեցին դեպի Օշականի առապարը և թույլ չտվեցին, որ նրանք, ցրիվ գալով, նետաձգություն կատարեին ըստ իրենց սովորության, այլ քաջաձի հեծյալները, նրանց շտապ-շտապ ու արագատես հետամուտ լինելով, մղեցին քարքարոտ դժվար վայրերը, այնպես, որ թշնամին ակամայից ստիպված եղավ ճակատ կազմելու»:

Փաստորեն, Վաչե սպարապետը, հնարքով չեզոքացնելով թշնամու առավելությունը, նրանց մղել է հայոց թեթևազեն հեծելազորի համար հարմար մի վայր և ստիպել ընդունել մարտը: Վաչե Մամիկոնյանն իր զորախմբով դիմել է ճակատային հարձակման, միաժամանակ իշխան Բագարատ Բագրատունին և հազարապետ Վահան Ամատունին իրենց գնդերով թևերից շրջանցել են մազքութներին և ակցանի մեջ առել նրանց զորքը:

Իրենց քաջությամբ աչքի ընկան նաև Գարեգին և Մեհունդակ, Զորա Ռշտունիները, Գարջյուլ Խոռխոռունին, Վարագ Կամսարականը:

Թշնամին կատարելապես ջախջախվեց: Սանեսան Արշակունին սպանվեց մարտում: Նրա զորքի մնացորդները ճողոպրեցին հայոց աշխարհից, իսկ հայոց հեծելազորը նրանց հալածական արեց մինչև Հյուսիսային Կովկաս:

Իսկ հայոց թուլամորթ արքան, ինչպես պատմում են ժամանակակից պատմիչները, մարտադաշտում գտնելով Սանեսան Արշակունու դիակը, գրկեց նրան՝ որպես ազգականի ու հոնգուր-հոնգուր լաց եղավ…

Սանեսանի արշավանքը վերջին փորձությունը չէր Խոսրովի թագավորության համար:

Նա խզեց բոլոր հարաբերությունները Պարսկաստանի հետ և մերձեցավ Հռոմին՝ փաստորեն դառնալով հռոմեական կայսեր կամակատարը:

Այդ իսկ պատճառով 337 թ.՝ Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը չլրացած, պարսից Շապուհ Բ արքայից արքան մեծ բանակով ներխուժեց հայոց երկիր: Նա շրջապատեց Հյուսիսային Միջագետքի հայոց խոշորագույն Մծբին քաղաքը: Մեկ այլ պարսկական զորամաս ներխուժեց Հեր և Զարևանդ գավառները: Պարսից բանակին աջակցեց հայոց իշխան Դատաբեն Բզնունին:

Վանա լճի ափին՝ Առեստ ավանում, վճռական ճակատամարտում Վաչե Մամիկոնյանն ու Վահան Ամատունին ջախջախեցին Շապուհի զորաբանակը, Բզնունիների հայոց նախարարական տոհմը նույնպես բնաջինջ եղավ ոչ տոհմիկ Մամիկոնյանների ու Ամատունիների ձեռքով:

Վախենալով հայոց նախարարների ըմբոստությունից՝ Խոսրով Կոտակը նոր օրենք սահմանեց, համաձայն որի՝ Զորանամակով 1000 և ավելի զորք ունեցող իշխանները պարտավոր էին բնակվել արքունիքում՝ արքայի հսկողության ներքո:

Սակայն Շապուհը նոր հարձակում ձեռնարկեց հայոց պետության դեմ: Վճռական ճակատամարտում հայոց բանակը հաղթանակ տարավ, սակայն ծանր կորուստներ ունեցավ: Զոհվեցին Վաչե Մամիկոնյան սպարապետն ու շատ այլ երևելիներ:

338 թ. Խոսրով Գ Կոտակը մահացավ նոր կառուցած մայրաքաղաք Դվինում: Նրա մահվան պատճառների մասին որևէ արժանահավատ վկայություն չկա: Գահն անցավ ավագ որդուն՝ Տիրան Արշակունուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: