Հայերեն   English   Русский  

Էդգար Ստեփանյան. «Պետք է ամեն ինչ անեմ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար»


  
դիտումներ: 5859

Նոյեմբերի 3-5-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը: Երիտասարդ մարզիկը, փայլուն հանդես գալով սկրետչ մրցաձևում և դառնալով արծաթե մեդալակիր, անկախ Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում:

«Անկախի» հետ զրույցում Էդգարը պատմում է մրցաշարից ստացած տպավորությունների, դեպի հաղթանակ տանող ճանապարհի, առաջիկա ծրագրերի և սպորտում նվիրական ցանկությունների մասին:

- Շնորհավորում ենք: Մեծահասակների աշխարհի գավաթի խաղարկությունում քննությունը պատվով հանձնեցիք: Ի՞նչ տրամադրվածությամբ էիք մեկնել մրցավայր:

- Շնորհակալ եմ: Նշեմ, որ աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ մասնակցեցի Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը: Մեծահասակների առաջնությանն առաջին անգամ էի մասնակցում: Սկրետչ մրցաձևում զբաղեցրի 11-րդ հորիզոնականը: Սա մեծ հաջողություն էր, քանի որ պայքարին մասնակցում էին օլիմպիական խաղերի մեդալակիրներ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: 11-րդ հորիզոնականը բավական լավ արդյունք էր: Մարզիչս նույնպես գոհ էր: Մի շաբաթ հետո աշխարհի գավաթի խաղարկությունն էր: Վերադարձանք Հայաստան: Մարզումներ անցկացրի թե՛ խճուղում, թե՛ հեծանվահրապարակում, այնուհետև մեկնեցինք Լեհաստան՝ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու:

Որակավորման փուլը հաջողությամբ հաղթահարեցի և 6-րդ հորիզոնականով դուրս եկա եզրափակիչ: Եզրափակիչ դուրս եկան 18 մարզիկներից 11-ը: Յուրաքանչյուր երկրից մասնակցում էին տվյալ երկրի առաջին համարները: Եզրափակչում մրցեցին 22 ուժեղագույնները, որոնց շարքում էին տիտղոսակիր մարզիկներ, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոններ:

Ցանկացած մրցաշարի նախապատրաստվում եմ ամենայն պատասխանատվությամբ: Տրամադրվածությունն էլ անչափ կարևոր է: Մեծ ծավալով աշխատանք էինք կատարել: Գիտակցում էի, որ կարող եմ հաղթել: Հավատում էի սեփական ուժերիս: Մրցման ընթացքում 60 շրջան մեծ արագությամբ առաջ էի ընթանում՝ հասկանալով, որ բոլորն էլ ցանկանում են հաղթել, այդ թվում նաև ես: Ստացվեց այնպես, որ կարողացա եզրագիծը հատել երկրորդը՝ դառնալով արծաթե մեդալակիր:

- Ձեր հաղթանակը մեծ ուրախություն և տոն պարգևեց մեր հայրենակիցներին: Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ ճանաչվում եք հաղթող և վեր է խոյանում հայոց եռագույնը:

- Անկախ Հայաստանի պատմության ընթացքում հեծանվասպորտի մեծահասակների պայքարում առաջին մեդալն էր սա: Ուրախ եմ և հպարտ, որ ինչ-որ առումով պատմություն եմ կերտում: Շուրջ 3000 երկրպագու հետևում էր մրցումներին: Մի քանի հայ երկրպագուներ կային նրանց շարքերում, որոնք եկել էին ինձ աջակցելու: Նրանք ողջ ընթացքում ծածանում էին հայոց եռագույնը: Երբ եզրագիծը հատեցի, բոլորը հոտնկայս ծափահարում էին: Տրիբունայում տեսա մարզչիս ոգևորությունն ու ուրախությունը: Բառերով հնարավոր չէ նկարագրել զգացողություններս: Ուրախ եմ, որ կարողացա արդարացնել սպասելիքները: Այնքան մեծ էր արագությունս, որ մի պահ կարծեցի, թե ես եմ առաջինը: Անգամ չէի նկատել, որ բելգիացի մարզիկը մեկ շրջան առաջ էր ինձանից: Աշխարհի ուժեղագույն մարզիկներն էին մասնակցում առաջնությանը 52 երկրներից: Կային երկրներ, որոնք անգամ 20 մասնակից ունեին: Ես Հայաստանի միակ ներկայացուցիչն էի: 52 երկրների մեջ մենք 13-րդն ենք: Ուրախ եմ, որ կարողացա պատվով ներկայանալ և երկրիս անունը բարձր պահել: Հաղթանակից հետո 1-2 շրջան անցա՝ եռագույնը ծածանելով: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ այն գիտակցումն եմ ունենում, որ պետք է անեմ ամեն ինչ հաջող հանդես գալու համար:

- Այս հաղթանակով բարելավեցիք նաև Ձեր դիրքերը վարկանիշային դասակարգման աղյուսակում: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Եվրոպայի առաջնությունից հետո 68-րդն էի աշխարհում, աշխարհի գավաթի խաղարկությունից հետո վարկանիշային աղյուսակում զբաղեցնում եմ 23-րդ հորիզոնականը: Աշխարհի առաջնությանը մասնակցում են լավագույն 24 մարզիկները:

Դեկտեմբերի 12-18-ը Պորտուգալիայում մասնակցելու եմ միջազգային մրցաշարի, որն աշխարհի առաջնության մասնակցության համար վարկանիշային միավորներ է բերում: Այս հաղթանակից հետո հասկանում եմ, որ հնարավոր է հաջողության հասնել, հաղթել և պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Պետք է ամեն ինչ անեմ` 2018 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու և Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր նվաճելու համար:

- Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել հեծանվային սպորտով: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- 2009 թվականից սկսած՝ զբաղվում եմ հեծանվասպորտով: Արդեն 8 տարի է: Ընկերներս էին մարզվում: Հետաքրքրության համար որոշեցի միանալ նրանց: Մարզաձևն ինձ գրավեց: Սկսեցի լրջորեն մարզվել, մասնակցեցի մրցաշարերի, մեդալ նվաճեցի: Հաջողությունն ինձ ավելի ոգևորեց:

- Բարդ մարզաձև եք ընտրել: Վայրկյանների տարբերությամբ մարզիկները հատում են եզրագիծը: Լարվածությունն ինչպե՞ս եք հաղթահարում:

- Մրցման ընթացքում երկար ժամանակ կարող ես լինել առջևում, սակայն վեջնագիծը հատելուց 100 մ առաջ չկարողանաս հաղթել: Հարկավոր է ամեն կերպ հաղթահարել հուզմունքը: Եզրափակչում հանդես եկող մարզիկներն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ են, բայց այդ փաստն ինձ չի ընկճում: Եթե մտածեմ, որ բոլորը ուժեղ են ու անպարտելի, ապա անհնար կլինի նրանց հաղթել: Փորձում եմ չլարվել, անտեղի ուժերս չվատնել և հանգստություն պահպանել:

Հուզմունքն ու լարվածությունը հաղթահարելու համար պետք է անընդհատ մարզվել, կատարելագործվել, առաջ շարժվել: Այդ տեմպի մեջ հարկավոր է լինել անընդհատ: Հնարավոր չէ մրցաշարից մեկ ամիս առաջ սկսել մարզումները և ակնկալել ինչ-որ արդյունք:

- Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար: Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը:

- Հեշտ չէ ընտրած ճանապարհը, բայց և երբեք չի եղել այնպիսի պահ, որ փոշմանեմ ընտրածս ուղու համար: Սպորտի միջոցով մի շարք հաջողությունների եմ հասել և կայացել կյանքում: Ես ձեռք եմ բերել կամային հատկանիշներ, որոնք ինձ օգնում են չնահանջել, միշտ առաջ շարժվել: Մարզումներս օրվա հիմնական ժամանակն են կազմում: Հնարավոր չէ ամեն ինչ համատեղել և հասնել արդյունքի: Հարկավոր է ավելի ուժեղ լինել և հասկանալ, թե որն է կարևոր, որը` երկրորդական: Մարզիկն իր առջև պետք է նպատակ դնի և բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով փորձի հասնել դրան: Շատ կարևոր է նաև մարզչի գործոնը: Արմեն Գյոզալյանի հետ երկար ժամանակ ենք անցկացնում օրվա ընթացքում: Նրա խորհուրդներին մշտապես հետևում եմ: Մարզիկը միայնակ ոչնչի չի կարող հասնել: Նրա կողքին պետք է լինի հմուտ և փորձառու մարզիչ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: